Աշխատավարձ, թոշակ տալու համար հիմա պարտք են վերցնելու, ու հաջորդ իշխանությունն ընկնելու է լուրջ թակարդի մեջ. Վարդան Արամյան
Պատերազմի ավարտից հետո հետպատերազմյան Հայաստանի տնտեսությունը կանգնած է տնտեսական ճգնաժամի առաջ, չի բացառվում, որ այդ ճգնաժամը հասնի նաև կոլապսի, ռիսկեր կան, եթե, իհարկե, Կառավարության կողմից վարվող տնտեսական քաղաքականությունը լրջագույն փոփոխություններ չկրի։
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, խոսելով երկրում ստեղծված տնտեսական իրավիճակի ու դրա հետևանքների մասին, ասաց հանրային ֆինանսների կառավարման միջազգային փորձագետ Վարդան Արամյանը։
«Իմ խորին համոզմամբ՝ մենք կունենանք 8 տոկոսից բարձր տնտեսական անկում։ Ի դեպ, ես այս ցուցանիշի մասին խոսել եմ դեռևս կորոնավիրուսի համավարակի ժամանակ՝ ապրիլ ամսին, երբ բոլոր միջազգային ֆինանսական կառույցները շտապում էին ճշգրտել իրենց կանխատեսումներն աշխարհի բոլոր երկրների համար։ Այն ժամանակ, սակայն, և՛ Կառավարությունը, և՛ Կենտրոնական բանկն ավելի համեստ անկում էր կանխատեսել, սակայն շատ պարզ հաշվարկով ես հանգեցի այս թվին։ Կառավարությունը չհաջողեց հակաճգնաժամային գործողությունները, իր խոստացած 150 միլիարդ դրամը չկարողացավ ներարկել տնտեսություն, և նոյեմբեր-հոկտեմբեր ամիսներին, երբ քննարկվում էր բյուջեն, արդեն ասվել է, որ գումարի կեսն է ծախսվել։ Խոսքը, իհարկե, միայն գումարների ծավալների մեջ չէ, խոսքը գնում է գործողությունների արագության, ճիշտ հերթականության մասին, որը չեղավ. օրինակ՝ շահութահարկի հետաձգումը հունիս ամսին դրական էր, տնտեսության մեջ թողեց 60 միլիարդի լիկվիդայնություն, սակայն, եթե այդ նույն քայլը կատարվեր ապրիլ ամսին, այդ էֆեկտը ավելի մեծ կլիներ։
Պետք է նկատել նաև, որ ապրիլ ամսին Կառավարության ղեկավարն ասում էր, որ բացառվում է՝ այդ գործիքը կիրառեն, սակայն երկու ամիս անց կիրառեցին»,- ասաց Վարդան Արամյանը՝ նշելով, որ 2020 թվականի 11 ամսվա կտրվածքով, ստացվում է՝ ունենք արդեն 8 տոկոսից բարձր անկում՝ ընդ որում գաղտնիքը միայն այս թվի մեջ չէ, այստեղ կա շատ կարևոր հանգամանք, որ, եթե զարգացած երկրները կարող են ունենալ 8-12 տոկոս անկում, 2021 թվականին համար կանխատեսվում է բարձր աճ՝ 5, 6, 7 տոկոս, իսկ դա նշանակում է, որ այդ զարգացած երկրների տնտեսությունը շատ արագ վերականգնվում է, իսկ արժույթի միջազգային հիմնադրամը Հայաստանի համար կանխատեսել է 1 տոկոս տնտեսական աճ, ինչը շատ դժվար է լինելու, որովհետև որպեսզի կարողանաս աճ ապահովել, պետք է ուժեղ լինի տնտեսական ներուժը, ինչն արվում է ներդրումների միջոցով։
Հարցին՝ այդ դեպքում ի՞նչ հիմքով է Էկոնոմիկայի նորանշանակ նախարար Վահան Քերոբյանը հայտարարում, որ կան բազմամիլիարդանոց ներդրումային ծրագրեր. կա և՛ ներդրողը, և՛ ծրագիրը, մնում է դրանք լցնել շուկա, Վարդան Արամյանը պատասխանեց.
«Եթե այդպիսի ծրագրեր առկա էին, այդ դեպքում ինչո՞ւ 2019 թվականին ունեցանք ներդրումների անկում՝ շուրջ 14 տոկոս, 2020 թվականի 9 ամսվա կտրվածքով՝ 20 տոկոս, իսկ 2021 թվականին ես ակնկալում եմ, որ էական աճ չենք ունենալու։ Ինչո՞ւ չենք ունենա հարցի պատասխանը հետևյալն է՝ ներդրողները նայում են 4 հենասյուներին՝ առաջինը՝ դրամավարկային և ֆինանսական կայունություն։ Դուք չեք տեսնի մի երկրր, որտեղ գնաճը 10 տոկոսից բարձր է, ֆինանսական համակարգը խնդիրներ ունի և այդտեղ ներդրումներ են կատարվում։ 2-րդ հենասյունը հարկաբյուջետային կայունությունն է։ 2020 թվականին մենք տեսանք, որ 2021 թվականի բյուջեն ընդունվեց հարկաբյուջետային կանոնների խախտմամբ։ 3-րդ հենասյունը՝ քաղաքական կայունությունն է, որը մեր երկրում չկա, 4-րդ հենասյունը՝ անվտանգությունն է։ Ստացվում է, այս 4 հենասյուներով մենք ունենք խնդիր, իսկ այս հենասյուներից անգամ մեկի բացակայությունը բերում է նրան, որ ներդրումները պակասում են, կամ դանդաղ են տեղի ունենում, հետևաբար՝ Կառավարությունը պետք է պատասխանի, թե այս 4 հենասյուներն ինչպես է կարգաբերելու»,- ասաց Վարդան Արամյանը՝ նկատելով, որ դեռևս Կառավարությունը չունի այս խնդիրների կարգավորմանը միտված կամ կիրառված գործիքներ, ուստի ստացվում է, որ հիմնականում այս պահին կարողանում է իրավիճակը պահել Կենտրոնական բանկը։
«Կենտրոնական բանկն անում է այն, ինչ պետք է անի, ճիշտ վարքագիծ է իրականացնում, սակայն դա բավարար չէ։ Այն երկրները, որոնք փորձել են արհեստական փոխարժեքը պահել, հանգել են ճգնաժամի։ ԿԲ-ն արհեստական չի պահում։ Այն ներուժը, որը կանխորոշում է մեր փոխարժեքի շարժը, ես եմ տեսնում, որ դրանով պայմանավորված՝ փոխարժեքը կհասնի 600 դրամի՝ իհարկե, այսօրվա պայմաններում, երկու-երեք ամիս անց ինչ կլինի, չենք կարող ասել։ Բայց կա՞ վտանգ, որ պահային գործոնը, այս վատատեսական սպասումները լինեն երկարաժամկետ։ Եթե դրա պատասխանն այո է, իսկ ներկայիս Կառավարությունն իր գործողություններով տանում է դրան, ապա մի որոշ ժամանակ անց կարող ենք հավակնել ավելի բարձր արժեզրկման։ Այս պահին, կրկնում եմ, ԿԲ-ն արհեստական չի միջամտում, այս ժամանակահատվածում կատարել է մեկ ինտերվենցիա շուրջ 50-60 միլիոնի կարգի, և դա էլ ևս տրամաբանական է, դրանից հետո չի արել, և դա օրինաչափ է, որովհետև մեզ նման երկրներում, երբ մակրոտնտեսական ֆունդամենտալները չեն թելադրում, թե որքան պետք է լինի փոխարժեքը, և արժեզրկումը տեղի է ունենում պահային գործողությունների շփոթի հիման վրա՝ տեղի է ունենում գերարժեզրկում, ԿԲ-ն սպեկուլյատիվ վարքագծերը մեղմում է և ինչ-որ պահի հայտնվում շուկայում՝ զսպելու այդ պահային գործողությունները»,- ասաց Արամյանը։
Հարցին՝ իսկ որքա՞ն կկարողանա այդ դեպքում Կենտրոնական բանկը զսպել պահային գործողություններով պայմանավորված դրամի արժեզրկումը, Վարդան Արամյանը պատասխանեց.
«Այդ որքան կկարողանանը կախված է Կառավարությունից։ Հարց՝ ունի՞ արդյոք Կառավարությունն այստեղ դերակատարություն, ունի, և բավականին լուրջ, և նման իրավիճակում բարձրանում է Կառավարություն-ԿԲ համագործակցությունը, և Կառավարությունը պետք է իր գործողություններով արդեն զսպի մարդկանց սպասումները»,- ասաց Արամյանը։
Դիտարկմանը, թե Կառավարության անդամ Վահան Քերոբյանը խոսում է բազմամիլիարդանոց ներդրումային ծրագրերի առկայության մասին՝ արդյո՞ք դրանով զսպում է սպասումները, Վարդան Արամյանը պատասխանեց.
«Իրականում դա տնտեսվարողների մոտ հակառակ էֆեկտ է առաջացնում, չէ՞ որ նրանք, եթե կարողանում են գումար աշխատել, նշանակում է՝ ինչ-որ զարգացումներից գլուխ հանում են։ Հայտարարություններ են անում՝ ամբոխահաճո, ինչն ամենավտանգավոր բանն է։ Այս անցած 2.8 տարվա ընթացքում վարքագիծն այդպիսին էր, և դա է նաև պատճառը, որ մենք ունեցել ենք ներդրումների անկում։ Օրինաչափ է նաև այն, որ մեկը մյուսին իրար հաջորդող քրեական գործերը ևս խանգարող հանգամանք էին. այդ գործերով անցնում էին կառավարման համակարգի մասնագետները, մարդիկ՝ Ֆինանսների նախարարությունից, ՊԵԿ-ից, Կենտրոնական բանկից, և այս տեղերից մարդկանց կանչել են հարցաքննության, ինչը անթույլատրելի էր։ Երբ ամեն պատեհ առիթով, օրինակ, ՊԵԿ-ի և Ֆիննախի տված կարծիքի համար հարուցում ես քրեական գործ, դա դառնում է աբսուրդ, և այդ գործող պետական համակարգի աշխատողները կանչվում են հարցաքննության, դրանից հետո բնական է, որ պետական համակարգի աշխատողները նախընտրելու են ոչինչ չանել, որովհետև դամոկլյան սուրը կախված է լինելու նրանց գլխին։ Այսպիսի իրավիճակում մտածել ներդրումների մասին, իմաստ չունի, դա չի լինելու»,- ասաց Արամյանը։
Հարցին՝ այդ դեպքում ինչպե՞ս է Կառավարությունն աշխատավարձ, թոշակ և նպաստ վճարելու կամ կատարելու իր ընթացիկ ծախսերը, եթե ոչ ներդրումներ կան, ոչ էլ դրանք երկիր ներգրավելու անհրաժեշտ քայլեր, Վարդան Արամյանը պատասխանեց.
«Կառավարությունն այս ընթացքում եղել է ավելի շատ ամբոխահաճո հայտարարություններ անող, հակառակ դեպքում չէր ստանձնի այնքան ընթացիկ ծախսեր, պարտավորություններ, որքան թույլ չէր տալիս մեր տնտեսական պոտենցիալը։ 2021 թվականի բյուջեն ընդունվել է 2018 թվականի բյուջեի ՀՆԱ-ին մոտ թվով. շուրջ 250 միլիարդի տարբերությամբ, սակայն ընթացիկ ծախսերը 2018 թվականի նկատմամբ ավելացրել է 335 միլիարդ դրամով, որը կրճատելը բավականին բարդ է լինելու։ Որքան կառավարությունը խորացնում է գործողությունները, իր գործողություններով էլ ավելի է խոչընդոտում Կենտոնական բանկին, հիմա էլ առավել շատ են գնալու ամբոխահաճո հայտարարությունների հետևից։ 2021 թվականի բյուջեով ընթացիկ ծախսերը պետք է միանշանակ կրճատել, ու հարց է առաջանում, սիրելի Կառավարություն, ի՞նչ եք անելու դուք։
Համահայկական հիմնադրամն արդեն փոխանցել է գումար, ինչն ինձ համար ընդունելի չէ, կարելի էր բացել գանձապետական ենթահաշիվներ և յուրաքանչյուր ծախս թույլ տրվեր Կառավարության որոշմամբ։ Դա ընդունելի կլիներ, իսկ քանի որ դա տեղի չի ունեցել, ես էլ ասում եմ՝ հիմնադրամի փոխանցած գումարը տալու եք, օրինակ, մարզպետարաններին՝ սուբվենցիոն ծրագրերն իրականացնելու համար, բայց չէ՞ որ այդ գումարները հատուկ նպատակի համար էին տրվել հիմնադրամին։ Հիմա հարց է առաջանալու՝ ինչո՞ւ պետք է հիմնադրամին փոխանցած իմ խնայողություններով թոշակ տան։ Ինձ թվում է՝ Կառավարությունը պահային լուծումներ է տալիս՝ խորացնելով հարկաբյուջետային վիճակը, այնպես որ, հաջորդ պաշտոնյան, իշխանությունը որ գա, ընկնելու է լուրջ թակարդի մեջ, այնպես որ, ունենք հավանականություն՝ սահուն քայլերով գնալ և հասնել տնտեսական կոլապսի, եթե իմ մատնանշած 4 հենասյուները չկարգավորվեն, ավելին՝ մտավախություն ունեմ, որ գործող տնտեսվարողները կփակեն բիզնեսները, կամ դրանք կտեղափոխեն այլ տեղեր»,- ասաց Վարդան Արամյանը։
Ստեղծված իրավիճակում ի՞նչ միջոցներով է Կառավարությունը շարունակելու իրականացնել՝ ինչպես արցախցիների համար ներդրած սոցիալական աջակցության ծրագրերը, այնպես էլ՝ վճարել բյուջետային աշխատողների աշխատավարձերը, Վարդան Արամյանը պատասխանեց.
«Ստացվում մի իրավիճակ, որ քանի որ ունակ չես գնաս ծախսերի ճշգրտման, պետք է պարտք վերցնես, որովհետև ծախսի ճշգրտում անելու համար պետք է իրականացնել ոչ պոպուլյար և ցավոտ քայլեր։ Օրինակ, Հունաստանի օրինակը նայենք. պարտք էր վերցնում, որ թոշակ տար և ընթացիկ ծախսեր իրականացներ, և եկավ մի պահ, որ ստիպված էր անգամ կրճատել թոշակները։ Մենք որքան խորանում ենք, գնում ենք դրան. պարտք ենք վերցնում, որ աշխատավարձ տանք։ Անխուսափելի է՝ պետք է կրճատումներ անենք։ Այս Կառավարության մոտ բացակայում են այն ունակությունները, որոնք թույլ կտան իրականացնել ռեֆորմ, անցյալի պատմությունը և վերլուծությունն էլ ցույց են տալիս, որ այս Կառավարության որոշումները եղել են ամբոխահաճո և հիմնված չեն տնտեսական ներուժի վրա։ Երբ իշխանությունը խնդիրներ է ունենում, գնում է պոպուլյար քայլերի, հիմա էլ կան ազդակներ, որ դրան են գնալու. Օրինակ, «Իմ քայլը» Ազգային ժողովում արդեն նախաձեռնություններ է բերում, խոսվում է Կարմիր գծերը հանելու և այլնի մասին. սրանք վտանգավոր են»,- ասաց Վարդան Արամյանը։
2020 թվականի բյուջեով նախատեսված կապիտալ ծախսերի թերակատարմանն անդրադառնալով՝ Վարդան Արամյանն առանձնացրեց հետևյալ պատճառը.
«Կառավարությունը, չսելով մեր հորդորները, որ ԾԻԳ-երը պետք է կոնսոլիդացնել, բայց դա պետք է անել խելամիտ՝ կարողությունների աստիճանական տեղափոխման միջոցով, սուր ճոճելով՝ գլխատեց դրանք 2018 թվականին՝ ասելով, որ բոլորը կոռուպցիոներներ են, գլխատեց, թեև ես զգուշացնում էի, որ ունենալու ենք այդ դեպքում կապիտալ ծախսերի թերակատարումներ։ Միջազգային կազմակերպությունների հետ կապված թերակատարումների դեպքում պարտավոր ենք լինում վճարել նաև պարտավճարներ. Օրինակ՝ 4 միլիոն դոլարի չափ պարտավճար ենք վճարել միջազգային կառույցներից մեկի հետ ծրագիրը չիրականացնելու համար, ստացվում է՝ այդ 4 միլիոն դոլարը վճարել ենք մենք՝ որպես հարկատու, հետևաբար՝ հարց՝ ճի՞շտ էր արդյոք ԾԻԳ-երի գլխատումը, ես ասում եմ՝ ճիշտ չէր, փաստը ցույց է տալիս, որ այո, ճիշտ չէր»,- ասաց Արամյանը՝ նշելով, որ առկա բոլոր խնդիրներով հանդերձ՝ այս իշխանությունն իր կառավարման ժամկետը երկարաձգելու համար գնալու է պարտք վերցնելու ճանապարհով։
«Կարող է գնալ ներքին պարտքի թողարկման, որը ԿԲ-ն կգնի և կապահովի լրացուցիչ լիկվիդայնություն։ Այո՛, Կառավարությունը գնալու է այդ ճանապահով։ Այս կառավարությունը որպեսզի կարողանա իր ռեյտինգը կարգի բերել, գնալու է ամբոխահաճո քայլերի և մեր վիճակն ավելի է ծանրացնելու»,- ասաց Վարդան Արամյանը։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում