«Բանակը չի պարտվել, ոչ մի զինվոր խրամատում չի պարտվել, մենք պահել էինք, բայց դե…». փոխգնդապետ Տիգրան Գեղամյան

Փոխգնդապետ Տիգրան Գեղամյանը և կապիտան Կարեն Թումանյանը 168TV «Ռեվյու» հաղորդման ընթացքում պատմեցին, թե ինչ իրավիճակ է եղել Քարվաճառում պատերազմի օրերին, ինչպես են վերջինն իջել մարտական հենակետերից, և որտեղ է հիմա տեղակայվել նրանց գումարտակը:

«Թշնամին իր օդով ուժեղ էր, բայց դիմակայում էինք և ոչ մի քայլ հետ սկզբունքով՝ մինչև վերջ գնացել ենք: Հակառակորդն անընդհատ ԱԹՍ-ներով, ականանետերով, ինքնաթիռներով և ուղղաթիռներով խփում էր, բայց մենք էլ հետ չէինք մնում: Մինչև վերջին օրը մեզ վրա դրված խնդիրը կատարել ենք»,- ասաց փոխգնդապետ Տիգրան Գեղամյանը:

Կապիտան Կարեն Թումանյանն ասաց, որ պատերազմի սկսվելու ժամանակ տանն են եղել, հետո տագնապ է հայտարարվել, և սեպտեմբերի 27-ին բարձրացել են մարտական հենակետեր.

«Գումարտակի հրամանատարի տված խնդրով կատարվել են հետագա գործողությունները: Հակառակորդի կողմից գրաված դիրքերի վերաբերյալ գումարտակի հրամանատարը խնդիր է դրել, որը կատարվել է փառքով և պատվով: Մինչև վերջին օրը նույն դիքրը պահվել և պաշտպանվել է, հակառակորդն անգամ չի կարողացել գործողություն իրականացնել տվյալ դիրքի վրա»:

Տիգրան Գեղամյանը նկատեց՝ թշնամին մեծ քանակի զորքերով և տեխնիկայով էր վերցրել այդ դիրքերը. «Նրանք ամեն ինչ բերել տեղադրել էին՝ 60 ականանետ, «ԱԳՍ»-ներ, «ՍՊԳ»-ներ: Դրանք բոլորը առգրավել ենք, բավականին զինամթերք են թողել: Պոստերը հետ վերցնելուց եղել է Թումանյան Կարենը՝ իր դասակով՝ 17 հոգով, մեր գումարտակի ուժերը, ճիշտ է՝ մեր զորամասի հրամանատարի հետ էլ խորհրդակցել ենք, նրանք էլ թիկունքից մեզ աջակցել են, բայց հիմնական խնդիրը կատարել է գումարտակը: Գումարտակը կատարել է կորպուսի խնդիր, որովհետև իրենց վերցրած դիրքերից 2-ը շատ բարձր էին, մենք մոտ 150-200 մետր ցածր էինք, իրենց ավելի հարմար էր մեզ խփելը, բայց կարողացանք հետ վերցնել»:

Սպաները նշում են, որ հայկական կողմի խնդիրը միայն հակաօդային պաշտպանությունն էր: «Ուրիշ ոչ մի խնդիր չենք ունեցել, միայն ՀՕՊ-ն էր մեզ մոտ շատ թույլ»,- ընդգծեց Տիգրան Գեղամյանը:

Ինչ վերաբերում է փախչողների վերաբերյալ տարբեր խոսակցություններին, փոխգնդապետը նշեց, որ իրենց մոտ բոլորն էլ մինչև վերջ մնացել են. «Ով չի կարողացել զենքից օգտվել՝ պատրոն է հասցրել: Մեր կողմում մարդուժի, զինտեխնիկայի խնդիր չենք ունեցել, իրականում ամեն ինչ էլ ունեցել ենք»:

Հարցին՝ եթե եռակողմ հայտարարությունը չստորագրվեր, Քարվաճառն արդյո՞ք կկորցնեինք, ռեսուրսներ ունեցե՞լ ենք, փոխգնդապետը պատասխանեց.

«Եթե այդպիսի փաստաթուղթ չլիներ, մենք հաստատ չէինք իջնի: Մինչև վերջին վայրկյանը, մինչև վերջին շունչը պատրաստ էինք ու պատրաստ ենք կռվել: Դաժան էր իջնելը: Մարդ ո՞նց կարող է իր տունը թողնել՝ իջնել: Մենք մեր խրամատներին, մեր բլինդաժներին, մեր թաքստոցներին նայել ենք այնպես, ոնց որ նայենք մեր տանը: Իրականում շատ լավ խրամատներ ենք ունեցել, շատ ուժեղ թաքստոցներ ենք ունեցել:

Մոտ 14 տարի է՝ ես այնտեղ եմ, չի եղել այդպիսի սեզոն, որ մենք բլինդաժ, խրամատ ու թաքստոց չսարքենք, և դրա արդյունքն էր, որ բավականին քիչ զոհ տվեցի ես: Եթե թաքստոցներ չունենայինք, ամեն մի «Կամիկաձեն» ամենաքիչը մի 15 հոգու գլուխ ուտելու էր: Պոստերում էինք, որ պայմանագիրը ստորագրվել էր, անտրամադիր էինք, մինչև հիմա ենք անտրամադիր, դե, ո՞վ կուզենա, որ իր տունը թողնի՝ իջնի: Շատ դաժան էր: Մեր վերադաս հրամանատարությունը ասել է, որ պայմանագիր է ստորագրվել, մենք էլ իջել ենք: Զորքը անտրամադիր էր, ոչ ոք չէր ուզում իջնել, բայց պայմանագիրը ստորագրվել էր, մենք էլ զինվորական ենք՝ հրաման կատարող մարդիկ ենք, ի՞նչ պետք է անեինք»:

Տիգրան Գեղամյանը ասաց, որ հիմա ժամանակ է պետք՝ բանակը նորից ուժեղացնելու համար. «Մենք ուժեղ էինք, ուղղակի մի քիչ կազմակերպված չէինք: Մի քիչ ավելի կազմակերպվենք ու տրամադրվենք նրան, որ ինչ տվել ենք՝ նորից հետ վերցնենք: Մենք դա կարող ենք անել: Բանակն է հարցը լուծելու, և մենք պատրաստ ենք դրան, որ այդ հարցը լուծենք. ամեն խրամատում կանգնած զինվոր պատրաստ է նորից պատերազմի, ուղղակի մի քիչ սթափվել է պետք, պետք է ուշադրություն դարձնենք զենք-զինամթերք, զինտեխնիկա ձեռք բերելու վրա, որ մեր կորցրածը նորից հետ բերենք: Մենք կարող ենք պայքարել: Բանակը չի պարտվել, ոչ մի զինվոր խրամատում չի պարտվել, ոչ մի զինվոր չի թողել, չի փախել, մենք պահել էինք, բայց դե…»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

 

Տեսանյութեր

Լրահոս