Բաժիններ՝

«Ստացվում է՝ արտարժույթի հետ մեր երկիրը պետք է բարձրանա, իջնի, բա այդ դեպքում ո՞ւր մնաց  պետությունը»

Վարորդները շարունակում են իրենց բողոքի ձայնը բարձրացնել բենզինի, բնական սեղմված, հեղուկ գազի գների բարձրացման հետ կապված, ինչպես նաև  հայտնում են, որ խնդիր կա նաև սեղմված բնական գազի հետ կապված:

Նախկինի չափով իրենց մեքենաները լիցքավորում են, բայց քշում են ավելի քիչ:

Օրինակ՝ 1.2 շարժիչով մեքենայի դեպքում 4000 դրամ լցնում ու 150 կմժ են երթևեկում:

Կամ 1.1 բալոնի մեջ 3 անգամ 3650-3700 դրամի գազ են լցնում ու քշում նույնքան, ինչքան քշում էին երկու ամիս առաջ՝ 2500 դրամով

Բացի այդ՝ նկատել են, որ ՀԴՄ այլևս չեն տրամադրում, ու հիմնականում՝ հատկապես երեկոյան ժամերին:

ՀՀ տաքսի ծառայությունների գործատուների ճյուղային միության նախագահ Վահագն Սահակյանի փաստմամբ՝ ոչ միայն երեկոյան, այլև անգամ առավոտյան ՀԴՄ չեն տրամադրում ու այդպես միայն գազալցակայանենրում չէ:

«Այս թանկացումները ոչ մի բանով արդարացված չեն: Բենզինը, օրինակ, գալիս է Ռուսաստանից, ի՞նչ կապ ունի դոլարի գների հետ: Կամ, եթե անգամ կապ էլ ունի՝ նայեք, որ դոլարի գինը բարձրացել է 8-9 տոկոսով, վառելիքինը՝ մոտ 30: Բենզինն իջել էր 280 դրամ, հիմա ռեգուլյարը դարձել է 370, ու  ամեն օր 10 դրամով բարձրանում է ու, եթե հանկարծ արտարժույթն իջնում է, ոչ մի տարբերություն չի լինում, մաքսիմում կարող է մի 10 դրամ իջնել»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Վահագն Սահակյանը:

Նրա փոխանցմամբ՝ գների նման տատանումների գործում մեծ դեր է խաղում «Գազպրոմ Արմենիան»:

Հիշեցնենք՝ դեռևս 2019թ. ապրիլին լուրեր կային, որ  «Գազպրոմ Արմենիան» մեծացրել էր ԱԳԼՃԿ-ներին տրամադրվող սեղմված գազի միջին խտությունը, իսկ որոշ գազալցակայաններում այդ փաստը չեն ֆիքսել հաշվիչ սարքերում, ինչի պատճառով վարորդներն ավելի շատ գումար էին վճարում նույն ծավալով գազի դիմաց: Ասում են՝ «Գազպրոմ Արմենիան» ամեն օր խտություն է տալիս կայաններին, ըստ այդ խտության՝ սարքերը պետք է կարգավորեն, որ ճիշտ չափեն:

««Գազպրոմ Արմենիան» այս երկրի տերն է, ինչ ուզում՝ անում է: Գազի խտությունն ամեն օր փոխվում է: Դա կարող է փոխվել ճնշումից, որն ամեն օր չի կարող տալ «Գազպրոմը», որովհետև ճնշումը դինամիկ հսկող սարքեր կան: Իսկ եթե կալորիականությունը չի փոխվում, այլ բաղադրությունը, ապա այստեղ մի բան կարող է լինել, զազին ինչ-որ բան կարող են խառնել: Օրենքով հաշվիչն այն սարքն է, որ մեկ անգամ ստուգաչափվեց՝ ոչ մեկը չպետք է ձեռք տա, իսկ իրենք պատճառաբանում են, թե ամեն օր տարբեր որակի գազ է մտնում Հայաստան: 2013 թվականից ռուսների հետ պայմանագիր կա, որ կապ չունի՝ ինչ կալորիականության գազ է մտնում, կուբամետրով հաշվում, տալիս են: Այսինքն, կալորիականությունն առանց հաշվի առնելու՝ գնում են ու վաճառում են՝  ըստ կալորիականության, իսկ թվերը պարզապես նկարում են»,- նշեց նա:

ՀՀ տաքսի ծառայությունների գործատուների ճյուղային միության նախագահը չի հասկանում, թե ինչ է նշանակում՝ ամեն ինչ ամեն վայրկյան կապել արտարժույթի հետ:

«Դրա հետ կարելի է այդ դեպքում կապել նաև տրանսպորտի, տաքսու գինը, որովհետև եթե բենզինը թանկացրել են, ուրեմն պետք է այն նույնպես թանկանա: Ստացվում է՝ արտարժույթի հետ մեր երկիրը պետք է բարձրանա, իջնի: Բա այդ դեպքում ո՞ւր մնաց  պետությունը: ԿԲ-ն ինչո՞ւ է վալյուտայի լրիվ ուրիշ կուրս տալիս: Դե որ այդպես է, թող ուղղորդեն մեզ՝ որտեղից այդ գնով վալյուտա գնենք»,- եզրափակեց Վահագն Սահակյանը:

Ավելի վաղ մեզ հետ զրույցում «Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանն այս թանկացումն արտառոց չէր համարել, որովհետև, նրա խոսքով՝ նավթամթերքն է թանկացել, համաշխարհային գներն են բարձրացել, բացի այդ՝ որոշ չափով արժեզրկվել է նաև դրամը:

«Չի կարելի ասել, որ արտառոց թանկացում է: Ռեգուլյար տեսակի բենզինի մեկ լիտրը մինչև պատերազմը 340 դրամ էր, հիմա 9 տոկոսով է թանկացել, նույնը՝ նաև հեղուկ գազը, որովհետև փոխկապակցված են:  Միշտ հեղուկ գազը բենզինի գնի կեսն է լինում:  Հեղուկ գազի մեկ լիտրը թանկացել է 10 դրամով՝ 170-ից դարձել է 180 դրամ, առաջ 140-150 էր: Իսկ այն, որ ՀԴՄ չեն տրամադրում, դա մեզ մոտ եղած ամենացավոտ խնդիրներից է: Որոշ տեղերում ու մի շարք ոլորտներում անբարեխիղճ տնտեսվարողներն օգտվում են այս խառը և ծանր իրավիճակից»,- մանրամասնել էր Կարեն Չիլինգարյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս