«Դուք շեշտում եք՝ 400 տոկոս, 400 տոկոս չի եղել». Մեսրոպ Առաքելյանը՝ իր անվանն առնչվող վարկային կազմակերպության մասին
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնում Մեսրոպ Առաքելյանի նշանակումից հետո համացանցում և տարբեր լրատվամիջոցներում հայտնվեց տեղեկություն, որ նորանշանակ նախարարը մինչ նշանակումը եղել է մի վարկային կազմակերպության ղեկավար, որը տրամադրել է վարկեր 400 տոկոս տոկոսադրույքով:
Այսօր նորանշանակ նախարարի հետ հանդիպմանը լրագրողներից մեկը նրանից հետաքրքրվեց, թե ինչպե՞ս կբացատրի այն, որ աղքատության և ծայրահեղ աղքատության բարձր ցուցանիշով երկրում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար է նշանակվում անձ, ով նախկինում եղել է մի կազմակերպության գործադիր տնօրեն, որտեղ տվել են ահռելի բարձր տոկոսով՝ մոտ 400 տոկոս տոկոսադրույքով վարկեր:
Ի պատասխան՝ Մեսրոպ Առաքելյանն ասաց. «Նախ՝ ես խորհուրդ եմ տալիս՝ այն ինֆորմացիաները, որոնք հնարավոր է ճշտել մեծ ջանքեր չպահանջելու գնով, ճշտել:
Այն վարկային կազմակերպությունը, որտեղ ես աշխատել եմ և մնացած վարկային կազմակերպություններում՝ տոկոսադրույքները, օրենքի համաձայն, վարկային կազմակերպությունների կայքում հրապարակվում են, և դա ուղղակի խորհուրդ, որ լավ կլինի՝ նաև դուք էլ, հաշվի առնելով, որ ձեր հարցի նպատակը բովանդակային պատասխան ստանալն է… Նշված տոկոսադրույքի չափը՝ նման բան չկա, ընդամենը խորհուրդ եմ տալիս՝ կարդալ»:
«Բարձր չի՞ եղել տոկոսադրույքները»՝ ճշգրտող հարցին ի պատասխան՝ նախարարը նկատեց. «Դուք շեշտում եք՝ 400 տոկոս, 400 տոկոս չի եղել:
Այո՛, եղել է բարձր: Ես աշխատել եմ վարկային կազմակերպությունում գործադիր տնօրեն՝ այնպես, ինչպես, դրանից առաջ աշխատել եմ տարբեր բանկերում, կատարել եմ օրենքով սահմանված աշխատանք:
Ինչ վերաբերում է՝ արդյո՞ք կապ ունի իմ աշխատանքն այսօր զբաղեցրած պաշտոնի հետ՝ կապ չունի այնքանով, որքանով՝ տարբեր ոլորտում է, և այն աշխատանքը, որ ես այսօր կատարում եմ, այս աշխատանքի նկատմամբ գնահատականը, այդ թվում՝ ձեր կողմից, տրվում է՝ որպես նախարար իմ կատարած աշխատանքով»: