«Մենք էնքան ենք հիասթափված էս իշխանություններից, ֆորմա ենք ուզում, ֆորմա էլ չեն տալիս, ինչ մնաց՝ ուրիշ բան ակնկալենք». Փարամազյան
Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանը քննում էր Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանին կալանավորելու միջնորդությունը: Դատարանի բակում ի աջակցություն իրենց համայնքապետի՝ հավաքվել էին սյունեցիներ: Մանվել Փարամազյանը լրագրողների հետ զրույցում վստահեցրեց՝ հնարավոր չէ կոտրել սյունեցիներին:
«Սյունեցիներն առյուծ ժողովուրդ են: Սյունիքի ողնաշարն ուժեղ է, սյունեցիները քաջ, անվախ ժողովուրդ են, չեն կարող ծնկի բերել: Հասարակ, ազնիվ, պետականամետ մարդիկ են, նվիրված ազգին և պետությանը ծառայում են: Մենք էլ մեր ժողովրդի խոնարհ ծառան ենք, ծառայում ենք՝ ոնց պետք է: Էս իշխանությանը մեզ նման մարդիկ պետք չեն, ուզում են չեզոքացնել, որ էն եղածը, ինչ մենք պահում ենք, հանձնեն թշնամուն: Միանշանակ հավատացնում եմ, որ իրենց նման ինչքան էլ լինեն, հազարներն էլ լինեն՝ չեն կարող: Այստեղ բոլորն էլ առյուծ, արծիվ մարդիկ են, 100 հազարն էլ մարզում են»,- ասաց Փարամազյանը:
Քաջարանի համայնքապետն առաջարկեց թերթել պատմությունը և տեսնել, որ Սյունիքը միշտ էլ առանձնահատուկ տեղ է ունեցել մեր տարածաշրջանում:
«Մենք շատ ուժեղ ենք, ամուր կանգնած ենք, ինչպես մեր լեռները՝ Կապուտջուղը, Խուստուփը: Լեռների պես կանգնած ենք, կանգնելու ենք, որ կարողանանք պաշտպանել մեր հողն ու ջուրը և անվտանգ դարձնել մեր ժողովրդի կյանքը»,- ասաց Փարամազյանը:
Դատարանի բակում հավաքված մարդիկ պարբերաբար վանկարկում էին՝ «Կամանդիր»: Փարամազյանը նեղսրտեց, որ իրենց կտրել են գործից, ընտանիքներից ու բերել-հասցրել դատարան:
«Էսօր մեր ժողովրդին թողած, մեր դիրքերը թողած, տուն ու տեղ թողած՝ եկել ենք: Ասում են՝ պատերազմն ավարտված ա, եթե պատերազմն ավարտված լիներ, էսօր հլը դեռ հող չէին տա, մարդկանց չէին գերեվարի: Այսօր խնդիրն այն է, որ մարտական դիրքերը թողած, իմ տղաներին ես թողած ընդեղ… Ուրիշ բան ու գործ չունեն սրանք անելու, անհիմն մեղադրանք առաջադրեն, տանեն կալանավորեն, փակեն: Դրանից ո՞վ պետք է շահի: Ժողովուրդը պետք է հասկանա, որ մեզ նման մարդիկ էս երկրին շատ են պետք, առանց էդ էլ քիչ ենք մնացել: Տարան մեր ազգին կոտորեցին, թող գնան պատասխան տան անհետ կորածների մայրերին, որ մինչև հիմա ողբում են, մենք էլ իրենց հետ ողբում ենք, մեր ցավն ուրիշ ցավ է»,- ասաց Փարամազյանը և վստահեցրեց, որ սյունեցիներն Ամանոր չեն նշելու, տրամադրություն չկա:
Քաջարանի համայնքապետը սահմանային իրավիճակի մասին հարցին ի պատասխան՝ ասաց, որ սահմանը հսկում են կամավորները:
«Էլ զիջելու տեղ չունենք, էն, ինչ որ զիջեցինք… մենք չենք զիջել, անելանելի վիճակում ենք հայտնվել, ստիպված ենք էդ ամեն ինչը տվել: Իշխանությունը խոսում է, թե ամուր կանգնած ենք սահմաններին, մեր զինվորները պահում են Սյունիքի սահմանները, ժողովուրդ ջան, ես ձեզ հավատացնում եմ, ժողովուրդն էլ կհաստատի, մեր մոտ չկա զինվոր, 18-20 տարեկան զինվոր չունենք, կանոնավոր բանակ չունենք»,- ասաց Փարամազյանը:
Քաջարանի համայնքապետը նաև նշեց, որ որևէ օգնություն պետությունից չեն ստացել ամբողջ պատերազմի ընթացքում և հիմա էլ:
«Հատկապես պետության կողմից որևէ մի աջակցություն մինչև հիմա չկա, մի հատ լուցկու չոփ չկա: Ինչ որ մենք անում ենք, անում ենք Քաջարանի կոմբինատի, մեր ընկերության, մեր անձնական միջոցներով, պատերազմի առաջին օրվանից, ֆորմա ենք ուզում, ֆորմա էլ չեն տալիս, ինչ մնաց՝ ուրիշ բան ակնկալենք էս իշխանությունից: Մենք էնքան ենք հիասթափված էս իշխանություններից, որ չենք էլ ուզում դրա մասին խոսենք: Պետության կողմից որևէ մի աջակցություն առ այսօր չկա»,- ասաց Փարամազյանը և պնդեց, որ օգնություն պետք չէ, թող չխանգարեն:
Քաջարանի համայնքապետը նեղսրտեց, որ իշխանություններն անտարբեր են սյունեցիների նկատմամբ:
Դատարանի բակում հավաքված մարդկանցից մեկն էլ պատմեց, որ Քաջարանի համայնքապետի ղեկավարած կամավորական ջոկատը 30 հոգով 3 օր պայքարել է թշնամու 350 հոգանոց զորքի դեմ: