Պայքար հետնիկոլական Հայաստանի համար
Ինչպե՞ս է գործում «Անակոնդայի օղակը»
Արցախյան 2-րդ պատերազմի ընթացքում քչերը նկատեցին, որ կոնֆլիկտի թեժացումն անմիջականորեն ուղղված էր տարածաշրջանում ռուսական կենսական շահերի դեմ: Այս պատերազմը մաս էր կազմում Ռուսաստանը շրջապատելու և խեղդամահ անելու մի ռազմավարական ծրագրի, որն առավելապես հայտնի է՝ որպես «Անակոնդայի օղակ»: Անվանումն ուղղակիորեն հուշում է ենթադրվող գործողությունների բնույթը. հսկա օձը հիպնոսացնում է զոհին, իր հսկա մարմնով օղակում նրան, խեղդում, ապա գլխից կուլ տալիս:
Ծրագիրն առաջին անգամ մշակվել է ԱՄՆ քաղաքացիական պատերազմում, հյուսիսի ուժերի գեներալ Ուինֆիլդ Սկոտի կողմից, ով կարողացավ ծովից և ափամերձ գոտիներից շրջափակել հակառակորդին և հյուծել: Այնուհետև, 1918-1920թ.-ականներին, այն Ռուսաստանի դեմ կիրառեց անգլիացի Հելֆորդ Մաքինդերը` աջակցելով սպիտակներին՝ ընդդեմ կարմիրների («սպիտակ ծայրամասերն՝ ընդդեմ կարմիր կենտրոնի» կարգախոսով):
1980-ականներին, սառը պատերազմի տարիներին, ամերիկյան ԿՀՎ-ն իր գագաթնակետին հասցրեց «Անակոնդայի օղակ» ռազմավարությունը` ի դեմս ոչ անհայտ Զբիգնև Բժեզինսկու:
Վերջերս Մեծ Բրիտանիայի «ՄԻ-6» հատուկ ծառայության ղեկավար Ռիչարդ Մուրը Ռուսաստանը որակեց՝ որպես թիվ մեկ թշնամի:
Ներկայումս որպես ԱՄՆ թշնամիներ հռչակված են` առաջինը` Ռուսաստանը, երկրորդը` Չինաստանը, և նոր միայն՝ միջազգային տեռորիզմը:
Ըստ ծրագրի՝ ենթադրվում է ՆԱՏՕ-ական ռազմաբազաներով և անկայունության գոտիներով շրջափակել և հետզհետե խեղդամահ անել հակառակորդին` կտրելով նրան եվրասիական ծովափերից և իր ազդեցության գոտիներից: Ռազմավարությունը բաղկացած է երեք քայլերից, որոնցից երկուսը հաջողված են: Անակոնդայի առաջին օղակով կազմաքանդվեց վարշավյան համաձայնագիրը և սոցիալիստական ճամբարը: Անակոնդայի երկրորդ օղակով փլուզվեց ԽՍՀՄ-ը:
Անակոնդայի երրորդ օղակը գործողության մեջ է` մասնատել Ռուսաստանը, խլել Սիբիրը, շրջափակման մեջ վերցնել Չինաստանը: Այս փուլի գործողությունների տրամաբանությունն է՝ հիբրիդային պատերազմների և գունավոր հեղափոխությունների միջոցով Ռուսաստանի շուրջ ստեղծել անկայունության գոտիներ, հրահրել բախումներ հետխորհրդային տարածքում և ընդլայնել ՆԱՏՕ-ի ռազմաբազաների ցանցը. Մերձբալթիկա, Ուկրաինա, Բելառուս, Մոլդովա, Վրաստան, սորոսական Հայաստան, թերևս, այս շարքին շուտով կմիանան նաև Ադրբեջանը, Միջին Ասիայի երկրները:
«Անակոնդայի օղակ»-ի տրամաբանության մեջ՝ 2018թ.-ին ՀՀ-ում իրականացվեց գունավոր հեղաշրջում: «Փափուկ» և «բիրտ» ուժերի համադրմամբ՝ գործակալական ցանցին հաջողվեց ստիպել նախորդ իշխանությանը՝ հրաժարական տալ: Այնուհետև 5-րդ և 6-րդ շարասյուների միջոցով սկսվեց երկիրն արտաքին կառավարման հանձնելու գործընթացը` ՀՀ-ն դարձնելով սորոսական հակառուսականության պլացդարմ: Բնականաբար, արևմտյան հետախուզական գլոբալ ցանցի մաս կազմող հայաստանյան գունավոր իշխանությունը չէր կարող այս պատերազմում հաղթել, երբ ուներ այլ հրահանգներ:
Մինչ այդ, եվրասիականության գաղափարի արծարծումով ՌԴ նախագահ Վ. Պուտինը ցուցադրեց «Անակոնդայի օղակ»-ին դիմակայելու կամք, ինչը, իր հերթին, արագացրեց գործընթացները թե՛ ՌԴ-ի շուրջ և թե՛ բուն Ռուսաստանում: Այսօր արևմտյան գործակալական ցանցից վեր է խոյացել ռուսական Փաշինյանը` Ա. Նավալնին: Հենց նրանից է փորձ արվում կերտել «ընդդիմության ղեկավար», ձևավորել պատրանք, ըստ որի՝ նա կարող է փոխարինել Ռուսաստանի առաջնորդ Վ. Պուտինին:
Եթե ՌԴ-ում, ի դեմս Նավալնու, փորձ է արվում խաղը մոտեցնել ավարտին, ապա ՀՀ-ում ամեն ինչ ավելի ծանր է, գործընթացները տեղափոխվում են գունավոր հեղաշրջման հաջորդ փուլեր: Խնդիր կա ավարտին հասցնել հեղափոխությունը` ՀՀ-ն ՌԴ-ից կտրել, վերջնականորեն փլուզել պետական ենթակառուցվածքները և ստեղծել հերթական գլխացավը Ռուսաստանի համար և քաոսը նրա շուրջ:
Ինչպես արդեն առիթ ունեցել ենք նշել, ներկայումս Արևմուտքի կողմից լուրջ ջանք է գործադրվում Արցախյան 2-րդ պատերազմում մեր պարտությունը ռուսական կողմի վրա բարդելու համար: Անգլոսաքսերի քարոզչամեքենան ճգնում է իրականացվածը որպես ռուս-թուրքական երկրորդ դավադրություն ներկայացնել` «Լենին-Աթաթուրք» զույգի համանմանությամբ: Սակայն իրականում հենց հայ-ռուսական հարաբերությունների խաթարումը (ոչ առանց Արևմուտքի ջանքերի և այստեղի գործակալական իշխանության գործուն մասնակցության) արձակեց թուրքերի ձեռքերը Հայաստանի հանդեպ: Այո՛, հենց հայ-ռուսական պատմական ու դաշնակցային հարաբերությունների հետևողական խաթարմամբ է զբաղվել 2,5 տարվա գունավոր իշխանությունը ՀՀ-ում: Հենց այդ հարաբերություններում անվստահության մակարդակի աճով են գեներացվել Հայաստանի դեմ պատերազմներն ու թուրքական հավակնությունները թե՛ 1920թ.-ին, թե՛ 2020թ.-ին:
Դեկտեմբերի 21-ին հարցազրույցներից մեկում ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, խոսելով Սյունիքում ստեղծված իրավիճակի և ռուսական սահմանապահների ներկայության մասին, առաջարկով հանդես եկավ՝ ՌԴ-ի հետ ևս մեկ պայմանագիր կնքել Սյունիքում ռուսական երկրորդ ռազմաբազան ունենալու մասին։ «Զորքը կա, տեխնիկան կա, մեր սահմանները տվել եք, ունակ չեք ինքնուրույն պաշտպանելու, հանձնել եք Ռուսաստանին պաշտպանելու, բերեք լեգիտիմացնենք դա։ Եկեք Սյունիքում Ռուսաստանին առաջարկենք ունենալ երկրորդ ռազմաբազա, ու դա կարևոր է այլևս»,- ասել էր Աշոտյանը։
Զարմանալիորեն, դեկտեմբերի 23-ին նույնաբովանդակ առաջարկով հանդես եկավ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Է. Մարուքյանը․ նա խոսեց Սյունիքում ռուսական երկրորդ ռազմաբազայի տեղակայման անհրաժեշտության մասին: Կարելի է հուսալ, որ մինչև վերջերս Արևմուտքին քաղաքական նախապատվություն տված սույն քաղաքական գործիչն իրոք հասկացել է, որ Ռուսաստանը գալարող «Անակոնդայի օղակ»-ը համընկնում է պանթուրքիզմի գոտու հետ, և, որ այդ մահացու օղակից փրկվելու միակ իրական տարբերակը ՌԴ-ի հետ սերտ դաշնակցային հարաբերություններն են: Իսկ եթե նա անկեղծ չէ՞… Մարուքյանը նաև հայտարարեց, որ բանակցային տարբեր ձևաչափերում ՀՀ-ն կարող է ներկայացնել նախագահ Արմեն Սարգսյանը: Վերջինս, ինչ խոսք, տաղանդավոր և փորձառու գործիչ է, բայց արդյո՞ք Հայաստանում նա է հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների ամրության երաշխավորը…
Հ. Գ. Ինչպես միշտ, անգլոսաքսերը գործում են արագ ու հետևողականորեն:
Լևոն Նազարյան
Մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ, ՀՀԿ անդամ