Բաժիններ՝

Դոդոնը Մոլդովայի նախագահի լիազորությունները պաշտոնապես հանձնել է Մայա Սանդուին

Մոլդովայի նախագահի պաշտոնից հեռացող Իգոր Դոդոնը լիազորությունները պաշտոնապես հանձնել է իրեն փոխարինող Մայա Սանդուին, որը դեկտեմբերի 24-ին ստանձնել է հանրապետության ղեկավարի պաշտոնը:

Դեկտեմբերի 24-ին Սանդուն երդում է տվել եւ պաշտոնապես ստանձնել Մոլդովայի նախագահի պաշտոնը: Դոդոնը Նախագահի պալատում Սանդուին դիմավորել է ծաղիկներով:

Սանդուն պաշտոնական արարողության ժամանակ Դոդոնին, արդեն որպես նախկին նախագահ, հանձնել է այն մասին հուշատախտակ, որ նա գերագույն գլխավոր հրամանատարն է եղել 2016-ից մինչեւ 2020 թվականն ընկած ժամանակաշրջանում: Իր հետ Սանդուն բերել էր երդմնակալության ժամանակ ստացած Մոլդովայի նախագահի դրոշը, որն այժմ գտնվելու է Նախագահի պալատում:

Արարողությունը տեւել է երկու րոպեից ոչ ավելի:

«Սրանով վերջ»,-լրագրողներին հայտարարել է Դոդոնը՝ Սանդուին մաղթելով հաջողություններ: Մոլդովայում նոյեմբերի 15-ին անցկացվել է հանրապետության նախագահի ընտրությունների երկրորդ փուլը: Մոլդովայի քաղաքացիները պետության ղեկավար ընտրեցին առաջիկա չորս տարվա համար:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ Սանդուն նախագահի ընտրություններում հաղթել է ձայների 57,75 տոկոսով, Դոդոնի օգտին քվեարկել է ընտրողների 42,25 տոկոսը: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաստատել է քվեարկության արդյունքները, իսկ ԱՊՀ-ից եւ ԵԱՀԿ-ից միջազգային դիտորդները ընտրությունները ճանաչել են օրինական: Սահմանադրական դատարանը նույնպես ճանաչեց ընտրությունների արդյունքները՝ այդ պաշտոնում հաստատելով Սանդուին: Նախնական ծրագրի համաձայն, Սանդուն ընտրել է հանրապետության զարգացման եվրոպական ուղին: Միեւնույն ժամանակ նա խոստանում է հարաբերությունները զարգացնել Մոլդովայի բոլոր ռազմավարական գործընկերների, այդ թվում՝ Ռուսաստանի հետ՝ երկրի ազգային շահերի հիմքի վրա, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս