Մեծ Բրիտանիայում հայտարարել են COVID-19-ի ևս մեկ նոր հիմնամանրէի մասին
Մեծ Բրիտանիայում հայտնաբերվել է COVID-19 կորոնավիրուսի եւս մեկ նոր հիմնամանրէ, որը երկիր է բերվել Հարավաֆրիկյան Հանրապետությունից (ՀԱՀ): Այդ մասին դեկտեմբերի 23-ին հայտարարել է Միացյալ Թագավորության առողջապահության նախարար Մեթ Հենքոքը:
«Այդ նոր տեսակն անհանգստություն է առաջացնում, որովհետեւ այն ավելի ինտենսիվորեն է փոխանցվում, եւ ավելի ուժեղ է մուտացիայի ենթարկվել ավելի վաղ Մեծ Բրիտանիայում հայտնաբերված հիմնամանրէից»,-Հանքոքի խոսքը մեջբերում են արեւմտյան ԶԼՄ-ները: Նախարարը նաեւ հայտնել է, որ Բրիտանիան դադարեցնում է ավիաչվերթների ընդունումը ՀԱՀ-ից: Ավելի վաղ հաղորդվել էր, որ բրիտանական առողջապահության նախարարության տեղեկատվության համաձայն, վիրուսի նոր հիմնամանրէն, որը Անգլիայի հարավ-արեւելքում հայտնաբերվել էր դեռ սեպտեմբերին, 70 տոկոսով ավելի վարակիչ է, քան COVID-19-ի մյուս տարատեսակները:
Սակայն դեռ տեղեկություններ չկան, որ այն ավելի մահացու է: Ներկայում հետազոտություն է անցկացվում, որպեսզի ավելի լավ հասկանան, թե որքանով է այն արագ տարածվում, եւ դա կապված է արդյոք բուն հիմնամանրէի կամ տարբեր գործոնների համակցության հետ: Անցած շաբաթ օրը՝ դեկտեմբերի 19-ին, Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ բրիտանական իշխանությունները որոշում են ընդունել կիրակի օրվանից առավել խիստ՝ 4-րդ մակարդակի սահմանափակիչ միջոցներ ձեռնարկել Լոնդոնի եւ Անգլիայի գրեթե ողջ հարավ-արեւելքի բնակիչների տեղաշարժման նկատմամբ: Դեկտեմբերի 20-ին մի շարք երկրներ սկսել են փակել սահմանները Մեծ Բրիտանիայից ժամանողների համար այն բանից հետո, երբ հայտարարվել է Լոնդոնում եւ Հարավային Անգլիայում COVID-19-ի նոր հիմնամանրէի հետ կապված սահմանափակումների խստացման մասին, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: