«Վարչապետին հանդիպած այդ տիկնոջը ես չեմ ճանաչում, ասում եմ ամենայն ազնվությամբ». Կարեն Համբարձումյան
Դեկտեմբերի 21-ին Սիսիան կատարած այցի ժամանակ տեղի բնակիչներից մեկը մոտենալով Նիկոլ Փաշինյանին՝ իր երախտագիտությունը հայտնեց, ապա նմանեցնելով նրան Քրիստոսի հետ՝ կոչ արեց հրաժարական չտալ։
Դրանից հետո, համացանցում լուրեր շրջանառվեցին, որ վարչապետին մոտեցած կինն «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Կարեն Համբարձումյանի հորաքույրն է։
Այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում Կարեն Համբարձումյանը հերքեց այդ տեղեկատվությունը՝ նշելով, որ այդ կինն իր հորաքույրը չէ։
«Եվս մեկ անգամ հերքեմ՝ ես ունեմ երեք հորաքույր, փոքրը մահացել է, մեծ հորաքույրս Երևանում է, մյուսը՝ Սիսիանում։ 75 տարեկան հորաքույրս իր ցանկությամբ, անգամ ես տեղյակ չեմ եղել, եկել էր, սգո երթին էր մասնակցում։ Հետո եմ իմացել, որ նա Սիսիանից եկել էր Երևան, որպեսզի իր հարգանքի տուրքը մատուցեր զոհվածների հիշատակին։ Վարչապետին հանդիպած այդ տիկնոջը ես չեմ ճանաչում, ասում եմ ամենայն ազնվությամբ, երբ այդ աղմուկը բարձրացել է, այդ ժամանակ խնդրել եմ նկարն ուղարկեն, տեսնելուց հետո ասել եմ՝ ես նրան չեմ ճանաչում։ Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ կազմակերպչական աշխատանքների ու հավաքների հետ կապված ոչինչ չեմ արել։ Ես այս օրը Սիսիան եմ մեկնել գիշերը ժամը 02։00-ին, ոչինչ չեմ արել, ինչի՞ համար, որպեսզի ինքս հասկանամ ժողովրդի տրամադրվածությունն իշխանությունների նկատմամբ»,- ասաց պատգամավորը։
Ըստ նրա, բոլորն էլ տեսան, թե Սիսիան կատարած այցի ժամանակ ինչ կատարվեց՝ 2500-3000 հավաքված մարդ ողջունում էին վարչապետին։
«Իմ ունեցած տվյալներով՝ վարչապետի հետ հանդիպմանը Սիսիանի հրապարակում 2500-3000 մարդ էր հավաքվել»,- նշեց Կարեն Համբարձումյանը։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 21-ին վարչապետը պետք է այցելեր նաև Կապան, Գորիս, Ագարակ, սակայն Սիսիանից այն կողմ չգնաց, քանի որ սյունեցիները փակել էին Կապան-Տաթև ճանապարհը՝ արգելելով, որպեսզի Նիկոլ Փաշինյանը ոտք դնի այն հողի վրա, որի շահեկան դիրքերը հանձնել է թշնամուն։