Նազելի Վարդանյանի կողմից արված հայտարարությունները ուղղակիորեն ուղղված են եղել «Լիդիանի» գործարար համբավի արատավորմանը. ՀՀ վերաքննիչ դատարան
«Լիդիան Արմենիան» տեղեկացնում է, որ ՀՀ վերաքննիչ դատարանի կողմից կայացված որոշմամբ վերահաստատվել է, որ իրավաբան Նազելի Վարդանյանը զրպարտել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը:
Դեռևս ամռանը Առաջին ատյանի դատարանը բավարարել էր «Լիդիանի» հայցադիմումն ընդդեմ Նազելի Վարդանյանի` հրապարակային քննարկման ընթացքում վերջինիս կողմից ընկերության հասցեին հնչեցված հայտարարությունները, այդ թվում կոռուպցիայի մեջ մեղադրանքները համարելով զրպարտություն: Նազելի Վարդանյանը, օգտվելով ՀՀ օրենսդրությամբ իրեն վերապահված իրավունքից, Առաջին ատյանի դատարանի վճիռը բողոքարկել էր Վերաքննիչ դատարան:
Օրերս Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ Նազելի Վարդանյանի կողմից «Լիդիանի» հասցեին հնչեցված հայտարարությունները զուրկ են եղել որևէ փաստական հիմքից: Միևնույն ժամանակ Վերաքննիչ դատարանը նշել է, որ ազատ արտահայտված խոսքը կամ կարծիքը չպետք է միտված լինի կորպորացիաների գործարար համբավի արատավորմանը: Վերաքննիչ դատարանը հիմնավորված է համարել Առաջին ատյանի դատարանի եզրահանգումն առ այն, որ Նազելի Վարդանյանը տվյալները պետք է ներկայացներ բարեխիղճ և հավասարակշռված, ստույգ փաստերի վրա հիմնված, իսկ բնապահպան փորձագետի դեպքում պատասխանատվության աստիճանն առավել մեծ էր, քանի որ հրապարակային խոսքը պետք է լիներ լրացուցիչ ստուգված, հիմնավոր, փաստարկված, հավասարակշիռ, բարեխիղճ և զուսպ: Այսպիսով, Վերաքննիչ դատարանը ևս փաստել է, որ Նազելի Վարդանյանի կողմից արված հայտարարությունները ուղղակիորեն ուղղված են եղել ընկերության գործարար համբավի արատավորմանը, հանդիսացել են զրպարտություն և բովանդակել է հասարակության շրջանում բացասական ընկալում ունեցող արտահայտություն:
Զրպարտության գործերով «Լիդիանի» օգտին կայացված մի շարք դատական վճիռները փաստում են այն մասին, որ Ամուլսարի ծրագրի ընդդիմախոսները, չունենալով հիմնավոր հակափաստարկներ ընկերության և Ամուլսարի ծրագրի վերաբերյալ, տարիներ շարունակ ապատեղեկատվություն են տարածել` այդ կերպ փորձելով ազդել Ամուլսարի ծրագրի նկատմամբ հասարակության տրամադրվածության վրա: Այս գործելաոճը ոչ միայն նպաստել է վերջին 2,5 տարվա ընթացքում Ամուլսարի ծրագրի շուրջ ապօրինությունների անպատիժ իրականացմանը` կասկածի տակ դնելով Հայստանի խոշորագույն միջազգային ներդրումային ծրագրի ապագան, այլ նաև մեծապես վնասել է Հայաստանի տնտեսությանը, ներդրումային միջավայրին:
Եվս մեկ անգամ կոչ ենք անում բոլորին զերծ մնալ «Լիդիան Արմենիայի» և Ամուլսարի ծրագրի վերաբերյալ անպատասխանատու, իրականությանը չհամապատասխանող հայտարարություններ տարածելուց և հարգել սեփական լսարանը:
«Լիդիան Արմենիա»