«Երբևէ տեսե՞լ եք, որ երկրի ղեկավարն այդ քանակի ոստիկաններով և պահապաններով շրջի». Գագիկ Համբարձումյան

Ոստիկանության պետի նախկին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր, վաստակավոր իրավաբան Գագիկ Համբարձումյանը միանշանակ կիսում է այն տեսակետը, որ Նիկոլ Փաշինյանը հիմա ռեալ աջակցության այլ միջոցներ չունի, դրա համար որպես գործիք կիրառում է Ֆեյսբուքը և ուժային կառույցները:

«Ֆեյսբուքի վարպետը վաղուց էր դարձել: Այսօր նրա համար կարևորը ցուցադրականությունն է և Ֆեյսբուքի միջոցով այդ խմբի վրա ազդելը, որը հանրությանը հայտնի է՝ որպես զոմբի շրջանակ: Երկրորդ՝ նա օգտագործում է ուժային և իրավապահ կառույցները, ձեր աչքի առաջ է դա կատարվում. հեչ որ չլինի՝ Փաշինյանը թաքնվում է նրանց թիկունքում: Երբևէ տեսե՞լ եք, որ իշխանությունը, երկրի ղեկավարն այդ քանակի ոստիկաններով և պահապաններով շրջի, պահպանվի, աշխատի: Եթե անձը, ղեկավարը եկեղեցի է մտնում պահապանների կողմից ցուցադրվող զենքի առկայության պայմաններում, դրանից ավելի բնորոշում տալն անհնար է: Անգամ եկեղեցի, որտեղ մտնողը պետք է զենք չունենա իր մոտ, նա նույնպես մտնում է զենքով: Եթե իր պահապանն է զենքով, դա նշանակում է՝ ինքն է զենքով մտել, հետևաբար, մոմ վառելը, խաչակնքվելը զուտ ձևական, աչքին թոզ փչելու և հավատացյալ ներկայանալու ցանկություն է, որը որևէ մեկի մոտ հավատ չի ներշնչում»,- 168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:

Հարցին՝ վախերով և ոստիկանների մեծաքանակ ուժերի ուղեկցությամբ որքա՞ն կկարողանա Փաշինյանը մնալ վարչապետի պաշտոնում, նա պատասխանեց.

«Ճիշտ այնքան, որքան կշարունակվի ժողովրդի պասիվությունը: Տեսեք՝ այսօրվա հանրահավաքին ակնհայտ էր, որ սպասվող քանակը չապահովվեց, ես այդտեղ մի քանի պատճառ եմ տեսնում: Նախ՝ փակվել էին մարզերից Երևան բերող ճանապարհները, դա երևացողն էր: Չերևացողը՝ ակնհայտորեն օգտագործվել էին վարչական ռեսուրսներ՝ տեղի իշխանությունների և իշխանությանը հարող մարդկանց միջոցով, որպեսզի մարդիկ չգային: Բայց հանրահավաքի ոչ այդքան շատ բազմամարդ լինելը պայմանավորված է ևս մեկ հանգամանքով. արդեն տևական ժամանակ է, և անգամ այսօրվա հանրահավաքին այդ հարթակից հնչող բոլոր ելույթները ընդհանուր բնութագրական, տեղի ունեցող վատ երևույթների մասին են: Ես կարծում եմ, որ արդեն հասունացել է պահը, որ այդ ընդհանուր բնույթի ելույթները կարող են արգելակի դեր խաղալ անգամ համաժողովրդական պայքարի ակտիվ մասսայի համար, որոնք շատ ավելի մեծ և շատ ավելի արագ ակնկալիքներ ունեն: Երկրորդ, որը պակաս վտանգավոր չէ՝ ժամանակի կորուստն է: Նման ելույթներով մենք կարծես թե առօրյա խնդիրների համար ենք հավաքվել, ոչ թե՝ երկիրը փրկելու նպատակով: Այսինքն՝ ժամանակի կորուստն է, որն այսօր մենք չունենք: Ես և շատ-շատերը վաղուց ակնկալում են, որ ելույթները լինեն կոնկրետ և գործնական, որ ներկայացվի կոնկրետ գործողությունների ծրագիր, ինչպես այսօր կարծես թե առաջին քայլը կատարվեց՝ հարթակից ասվեն այն գործողությունները և գնալով կոշտացող և անզիջում դարձող քայլերի հաջորդականությունը, որը պետք է հանգեցնի անհրաժեշտ արդյունքին: Պետք է նշվեն այդ կոշտացող քայլերը՝ ինչ պետք է կատարվի այս պահին, 1 ժամ հետո, 5 ժամ հետո, վաղը, վաղը կեսօրին, որ երեկոյան արդեն ունենանք բոլորիս կողմից սպասված և անհրաժեշտ արդյունքը»:

Նա նշեց, որ հետևելով հարթակից հնչող ելույթներին, իր մոտ տպավորություն է ստեղծվում, որ, եթե գործիչներից մեկը մի փոքր կոշտ հայտարարություն է ունենում, ապա տևական ժամանակ սկսում է արդարանալ, որ բռնության կոչ չի անում.

«Դիմելով այդ մարդկանց, ուզում եմ ասել՝ այ ձեր հոգուն մատաղ, ձեր նշած կոշտացող քայլերի մասին հայտարարությունը, իհարկե, բռնության կոչ չէ, որովհետև ես էլ ձեզ նման բռնության կողմնակից չեմ: Դրանք չեն կարող բռնության կոչ դիտվել, որովհետև շարժման ոչ միայն ակտիվ մասսան, առավել ևս՝ ղեկավար մասը, բոլորն էլ պարկեշտ, կրթված և օրինապահ քաղաքացիներ են: Նաև ուզում եմ հատուկ շեշտել, որ որոշակի կոշտ և անզիջում քայլերի մասին հայտարարողը ռեալ գիտակցի ու պատկերացնի, որ իր այդ խոսքերը անգամ ձեր բոլորի կողմից «սիրված» Սասուն Խաչատրյանը չի կարող իրավական գնահատական տալ և տեղավորել բռնության կոչերի շրջանակի մեջ: Չի՛ կարող, որովհետև դրանք այդպիսին չեն»:

Եռաբլուրում կատարվածի վերաբերյալ նախկին փոխոստիկանապետն ասաց, որ ոստիկանության ճանապարհ բացելու գործողությունը ճիշտ չէր, բայց տեխնիկապես բավականին գրագետ իրականացրեց.

«Ավելորդ գազանություններ չարեցին: Եռաբլուրում ավելի շատ ուղեղները մթագնած, զոմբիական մասսայի անգամ ագրեսիվության հասնող վարքն էր ինձ համար նորություն, ես առաջին անգամ էի առնչվում նրանց հետ: Դա շատ լավ կազմակերպված էր: Նրանց տեղավորել էին մեր թիկունքում, տարբեր տեղերում և պարբերաբար փորձ էին կատարում սադրանքներ և ծեծկռտուքի իրավիճակներ ստեղծել: Բայց ի պատիվ մերոնց՝ անհրաժեշտ չափաբաժնի կոշտությամբ կարողանում էին վռնդել այդ մարդկանց: Ոստիկանները նույնպես ժամանակին արձագանքում էին և դուրս էին հանում այդ մարդկանց»:

Ինչ վերաբերում է այդ օրը Նիկոլ Փաշինյանի անվտանգության աշխատակիցների կողմից անձրևանոցների և պաշտպանիչ ճամպրուկ-վահանների կիրառմանը, նա ասաց, որ դրանք նախատեսված միջոցներ են. «Պարզապես դրանք նախատեսված են, երբ ղեկավարը գտնվում է թշնամական միջավայրում, ոչ իր ժողովրդի հետ, այն նույն ժողովրդի, որոնց միջով հեծանիվով աշխատանքի էր գնում: Աշխատակիցներն իրենց գործն էին անում, իսկ ղեկավարի կողմից ամոթալի էր նման միջոցներից օգտվելը»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս