Բռնակցել Սյունիքն ամբողջությամբ՝ գազամուղն անցկացնելու համար. սա է թուրք-ադրբեջանական տանդեմի նպատակը. Ռուբեն Մելքոնյան

Նիկոլ Փաշինյանը, որն ավելի վաղ իր ֆեյսբուքյան էջով տեղեկացրել էր, որ երկուշաբթի աշխատանքային օրն անցկացնելու է Սյունիքի մարզում, այսօր այդ մարզ հասավ ուղղաթիռով, կարողացավ այցելել միայն Սիսիան քաղաք և Սառնակունք գյուղ և, հանդիպելով Գորիս-Կապան ավտոճանապարհը փակած սյունեցիներին, հեռացավ մարզից։ Սիսիանում Նիկոլ Փաշինյանն իր որոշ թվով աջակիցների հետ զրուցելու ընթացքում ասաց, որ Սյունիքի մարզի դիրքերն անցնում են Ադրբեջանին՝ համաձայն 2011 թվականին ընդունված վարչատարածքային բաժանումների մասին օրենքի։

Թուրքագետ, ԵՊՀ ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում նախ մանիպուլյացիա համարեց Նիկոլ Փաշիյանի՝ վարչատարածքային բաժանման մասին օրենքին հղում անելը՝ շեշտելով, որ այս դեպքում պետք է խոսեր պետական սահմանի մասին։

«Բացի այդ, կասկածի տակ պետք է դնել նաև 1928-29 թվականների այն քարտեզները, որոնց հղում է անում իշխանությունը՝ պատերազմից հետո սահմանազատումների և սահմանագծումների համար, որովհետև կա նաև 1980-ականների քարտեզ, և հռետորական հարց է հնչում, թե այդ ինչո՞ւ 80-ականների քարտեզը չեն վերցրել, 28-29 թվականնեի քարտեզն են վերցրել։ Մյուս կողմից, սահմանազատումները, սահմանագծումները տևում են տարիներ՝ օրինակ, հայ-թուրքական սահմանների գծման շուրջ բանակցել են 3 տարի, իսկ հիմա մեզ մոտ շատ արագ սահմաններ են գծում։ Սա գալիս է փաստելու այն, որ սա կապիտուլյացիա է, և մենք հիմա գործ ունենք այդ ակտից բխող հետևանքների հետ, փաստերը ցույց են տալիս, որ կապիտուլյացիայի ակտը վերաբերում է ոչ միայն Արցախին, այլ նաև Հայաստանին։ Նշեմ, որ մասնագիտական շրջանակների համար անհասկանալի է, թե այդ ի՞նչ սկզբունքի հիման վրա են Սյունիքի մարզում տարածքներ հանձնվում Ադրբեջանին»,- ասաց Մելքոնյանը՝ նշելով, որ հարց է ծագում նաև, թե այս դեպքում ինչո՞վ է զբաղված Հայաստան պետությունը, եթե սահմանների անվտանգության հարցը դնում է ռուս խաղաղապահների վրա։

«Իսկ եթե ռուս խաղաղապահը թերանա և չապահովի այդ տարածքների անվտանգությունը, հարց է առաջանալու, թե ո՞վ է պատասխան տալու, եթե ՀՀ քաղաքացին գերի ընկնի»,- հարց ուղղեց մեր զրուցակիցը։

Աշխարհաքաղաքական առումով՝ թուրքագետն Արցախյան հակամարտությունը դիտարկեց ավելի լայն կոնտեքստում՝ ընդգծելով, որ ռուս խաղաղապահների թիվը կարող է ավելանալ ու ռուսական ռազմական ներկայությունը կարող է ավելի ընդլայնվել՝ հաշվի առնելով թե՛ թուրքական գործոնը, թե՛ սահմանից իրանական զորքերի չհեռանալը, թե՛ ԱՄՆ-ի վարած քաղաքականությունը։

«Տարածաշրջանային ավելի լայնամասշտաբ գործողությունների պետք է սպասենք՝ հիշելով, որ մեծերի պատերազմում Հայաստանի լինել-չլինելու հարցն այդ մեծերի համար կարող է չունենալ ինչ-որ արժեք»,- ասաց Մելքոնյանը՝ նշելով, որ Հայաստանի նկատմամբ թուրք-ադրբեջանական սպառնալիքը երկու ուղղությամբ է՝ ռազմական՝ Արցախում, և խաղաղասիրական՝ ինչ-որ վեցակողմյան հարթակներ ձևավորելու առաջարկների տեսքով։

«Թուրքիայի և Ադրբեջանի համար մենք չենք դադարել լինել թիրախ։ Էրդողանն էլ ասաց, որ պայքարը դեռ չի ավարտվել, և Հայաստանը շարունակում է մնալ թուրքական թիրախում»,- ասաց Մելքոնյանը՝ ընդգծլով, որ Հայաստանի պետական ինքնասիրությանը հասցվող հաջորդ հարվածը, այդ սպառնալիքի համատեքստում, լինելու է Ադրբեջանի և Թուրքիայի ձեռք բերած պայմանավորվածությունը՝ Իգդիրից Նախիջևան կառուցվող գազամուղ կառուցելու համար։

Նշենք, որ, ըստ նախագծի, Թուրքիայի տարածքով պետք է գազ հասցվի Ադրբեջանի հետ ցամաքային սահման չունեցող Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն, որտեղ հիմա գազ է մատակարարվում հարևան Իրանի տարածքով, և հիմա առկա Նախիջևանի հետ տարանցիկության հնարավորություն է ստեղծվելու։

«Իգդիր-Նախիջևան գտազամուղն ունենալու է շարունակություն և անցնելու է Հայաստանով։ Փաշինյանի ստորագրած կապիտուլյացիայի ակտով այդ գազամուղը անցնելու է Հայաստանով։ Թուրք-ադրբեջանական, թուրք-ռուսական բանակցություններ են գնում Հայաստանի տարածքով գազամուղ անցկացնելու համար, իսկ Հայաստանին չեն էլ հարցնում՝ ունի՞ ցանկություն տարանցիկ երկիր դառնալու, համաձա՞յն է արդոք իր տարածքը տալ գազամուղի որոշակի հատվածի համար։ Հայաստանին անգամ չեն էլ հիշում, իսկ Սյունիքը կարևոր է հենց դրա համար, խորքային նպատակն է՝ Սյունիքը բռնակցել ամբողջությամբ այդ գազամուղի անցկացման համար. սա է թուրք-ադրբեջանական տանդեմի նպատակը։ Պատահական չէ, որ ադրբեջանական կողմը քարտեզներ է շրջանառում հիմա, որտեղ Սյունիքը բռնակցված է, և դա քաղաքական մեսիջ է»,- ասաց Մելքոնյանը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս