Թանկացել են ոչ միայն ներմուծվող, այլև տեղում արտադրվող ապրանքները. տնտեսագետ
Առաջին անհրաժեշտության ապրանատեսակների շուկայում գնաճ է արձանագրվել:
1 կիլոգրամ շաքարավազի գինը, կարելի է ասել, 7 տոկոսով բարձրացրել է: Եթե նախկինում 260-280 դրամ էր, հիմա 360-410, անգամ 460 դրամ է:
«Նոր Զելանդական» և «Անկոր» կարագի գներն աճել են մեկ տոկոսով, պանրինը՝ նույնպես:
Արևածաղկի ձեթի գինը նախկին 700 դրամի փոխարեն՝ 860-1000 դրամ է:
Հացը նույնպես թանկացել է. տեղեր կա՝ գինը թանկացել է 10-20 դրամով, տեղեր կա՝ քաշն են նվազեցրել՝ գինը թողնելով նույնը:
Փոխարենը՝ քաղաքացիները նկատել են, որ տավարի աղացած միսն է էժանացել: Այն հիմա արժե 2700-3100 դրամ՝ նախկին 3300-ի փոխարեն:
«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանի դիտարկմամբ՝ բնականաբար, եթե չունենք եկամուտների աճ, և կա գնաճ, այդ ամենն առաջացնում է խնդիրներ սպառողի համար, սկսվում է ոտնահարվել սպառողի իրավունքը:
«1-2 օր շուկայում ուսումնասիրություն կատարեցինք և այդ ընթացքում հասկացանք, որ շուկայում խիստ անկայուն և անկանոն է: Տեսեք, թե ինչ է կատարվում: Օրինակ, այսօր դրամի կուրսով պայմանավորված՝ փոխում են գինն ու ապրանք են մատակարարում շուկա՝ թանկացած: Հաջորդ օրը մրցակից ընկերությունը դրամի արժևորման պարագայում կարողանում է մանևրել, գինը չփոխել, և իրացման ցանցում ստանում է մրցակցային առավելություն, և այն ընկերությունը, որը նախորդ օրը թանկ գնով էր բաց թողել, նորից զանգում, ասում է՝ հին գնով դրեք կամ թանկացրեք ոչ թե 10 տոկոսով, այլ 3: Ստացվում է՝ մենք արձանագրում ենք, որ հաշված ժաների ընթացքում գին է փոխվում: Եվ, հաշվի առնելով, որ գնային տատանում կա, նման վիճակագրություն կարող են վարել այն մարմինները, որոնք միայն զբաղվում են գները ֆիքսելով»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահը:
«Կովկաս» ինստիտուտի փորձագետ, տնտեսագետ Հրանտ Միքայելյանից էլ հետաքրքրվեցինք, թե արդյո՞ք գնաճը պայմանավորված է ներմուծման գների բարձրացմամբ, դրամի արժեզրկմամբ, նա պատախանեց, որ թանկացել են ոչ միայն ներմուծվող, այլև տեղում արտադրվող ապրանքները:
«Ընդհանուր առմամբ տարվա վերջում միշտ կա բարձր ինֆլյացիոն ֆոն, և գների վրա այն ճնշումները, որ եղել են, սկսում են միանգամից գործել: Բացի այդ՝ պետք է հաշվի առնել, որ որոշ ապրանքների դեպքում մենք ունենք շատ փոքր ծավալներով վաճառք, շրջանառությունը չի ապահովվում, ինչի հետևանքով առևտուր անողները որոշում են, որ իրենք պետք է գները բարձրացնեն, այլապես ի վիճակի չեն լինելու պահել եկամուտները:
Բացի այդ, իհարկե, դրամի արժեզրկումը կապ ունի: Գների առումով ճկունությունը շատ ավելի քիչ է, քան եղել է, օրինակ, 2008, 2014 թվականներին: Անգամ, երբ դրամն արժեզրկվեց 20 տոկոսով և գները բարձրացան 3-4 կամ 10 տոկոսով, հիմա նման հնարավորություն չի լինելու, և ինչքան դրամն արժեզրկվի՝ համադրելի չափով գուցե կարող ենք գնաճ տեսնել: Միանգամից դա չի արտահայտվի, մի քիչ ուշացմամբ, բայց կլինի»,- ասաց Հրանտ Միքայելյանը:
Հարցին՝ հնարավո՞ր է գնաճը պահպանվի նաև հաջորդ տարի, տնտեսագետը պատասխանեց. «Կարելի է այդպես ենթադրել: Եվ այն գնաճը, որը հիմա կա՝ համաշխարհային մասշտաբով այնքան էլ բարձր չէ, չնայած կարծես թե Հայաստանն արդեն դուրս է գալիս այդ ցածր գնաճի փուլից:
Այստեղ պետք է հաշվի առնենք այն, որ գնաճը լինում է ավելի բարձր այն երկրներում, որոնք հիմնականում տնտեսապես զարգանում են: Իսկ այն երկրներում, որոնք ունեն տնտեսական անկում, հիմնականում գների անկում է տեղի ունենում: Ես կարծում եմ՝ այն վնասները, որ կրեցինք պատերազմի արդյունքում, դրա հետևանքները կրելու ենք նաև հաջորդ տարի: Իհարկե, ազդեցությունը երկարատև է, բայց այն ազդեցությունը, որ կլինի դրամի և անմիջական սպառողական շուկայի վրա, հիմնականում կարտացոլվի հաջորդ տարվա ընթացքում»:
Հրանտ Միքայելյանն ընդգծեց՝ պետք է ուղղակի ընդունենք, որ պատերազմում այս պարտությունից մենք շատ լուրջ վնասներ ենք կրել:
«Կան մարդիկ, որոնք մտածում են, որ Հայաստանը հիմա չունի տարածքային վեճեր, ինչը բերելու է տնտեսական զարգացման, իհարկե, դա այդպես չէ: Պատերազմները լինում են, որպեսզի երկրներն իրենց դիրքերը բարելավեն: Այստեղ մենք տնտեսական ճգնաժամ ենք ունենալու, որը հնարավոր չի լինելու մեղմացնել:
Օրինակ՝ ինչպե՞ս մեղմացնել Սոթքի հանքի չգործարկումը: Կողմնակի ոլորտները ապահովված են եղել հանքի գործարկման արդյունքում: Սա կոմպենսացնել չի ստացվի, ուղղակի կարելի է փորձել ավելի ակտիվ զարգացնել ուրիշ ոլորտները, ապահովել ներդրումներ, բայց ներդրումներ այս վիճակում էլի դժվար է ակնկալել:
Հայաստանը լուրջ ճնշման տակ է Ադրբեջանի և Թուրքիայի կողմից և հակազդելու որևէ հնարավորություն չունի: Այս պայմաններում Հայաստանում ներդրումներ չեն լինելու: Բացի այդ, կարող է ներդրումների արտահոսք ստեղծվել: Քաղաքական կորուստներից տնտեսությունը չի կարող շահել, սա պետք է հասկանալ, և այն մարդիկ, ովքեր զուգահեռներ են անցկացնում Գերմանիայի հետ, չեն հասկանում, որ Գերմանիան 1945թ. հետո անվտանգության խնդիրներ չի ունեցել և 1939 թվականից Գերմանիան է ագրեսորը եղել, իսկ Հայաստանը ագրեսիայի ենթարկված կողմ է: Ավելին՝ Թուրքիան ու Ադրբեջանն ամեն օր ցույց են տալիս, որ ագրեսիան շարունակելու են: Պետք է հասկանալ, որ պատերազմում պարտվելը տնտեսության համար շատ վատ է: Պետք է հասկանալ, որ ամեն ինչ զիջելով՝ դու ոչ մի բան չես շահում: Տնտեսությունն առանց ներդրումների չի զարգանում: Մենք հիմա, օրինակ, շինարարական, անշարժ գույքի շուկայում ունենք բավականին լուրջ անկում: Կորցրել ենք նաև տնտեսությունը բալանսավորող հատվածը: Ունեինք պարենային ապրանքների ներմուծում՝ Արցախից, որը բալանսավորում էր Հայաստանի պարենային հաշվեկշիռը: Հիմա մենք ավելի շատ ենք արտերկրից ցորեն ներմուծելու»,- եզրափակեց տնտեսագետը: