Հայկական ամենահայտնի վամպիրի` Դախանավարի մասին պատմությունը
Աշխարհում տարբեր ազգերի ժողովրդական հավատալիքներում իրենց ուրույն տեղն ունեն վամպիրները։ Նրանք սարսափելի և մղձավանջային էակներ են։ Վամպիրների կերպարային յուրահատկություններին հատկապես ծանոթանում ենք արվեստում, նկարչության, քանդակագործության և գրականության մեջ։ Վամպիրների մասին զանազան բանահյուսական պատմություններ կան պահպանված հատկապես Եվրոպայում։ Եվրոպացիների մշակույթում վամպիրներն իրենց ուրույն տեղ ունեն, որոնք մինչև 19-րդ դարը հիմնականում հանդես էին գալիս իրենց բացասական կոլորիտով։ 19-րդ դարից հետո վամպիրները դառնում են նաև մի փոքր բարի։ Դա հատկապես բնորոշ է մի շարք ժողովուրդների ազգային-բանահյուսական պատմություններին, որտեղ վամպիրները սկսում են պաշտպանել իրենց իսկ ժողովրդին։
Քչերին է հայտնի, սակայն, Հայոց առասպելաբանության ու լեգենդների մեջ կա պատմություն մի վամպիրի մասին, որն ապրում էր Ուլտիշ-Ալտո Տեմի լեռներում։ Մինչև վամպիրի մասին պատմությանն ու նկարագրությանն անցնելը պետք է հիշատակել պրուս ազգագրագետ Ավգուստ Հաքստհաուզենին, ով 1843 թվականին ճանապարհորդում է Կենտրոնական Ռուսաստան, Ուկրաինա, Կովկաս։ Նա լինում է նաև Հայաստանում, Երևանում։ Իր կատարած ճանապարհորդությունների մասին գրություններն ու հիշատակությունները Հաքստհաուզենը հրատարակում է 1856 թվականին «Անդրկովկաս» վերնագրով, որտեղ ամփոփված են նաև Հայաստանին վերաբերող գրությունները։
Հաքստհաուզենին Հայաստանում օգնում և ուղեկցում է Խաչատուր Աբովյանը։ Նա հատկապես յուրահատուկ կերպով է նկարագրում իր մուտքը Երևան. «Յետ քանի մի ժամու մուտ կալաք յԵրևան, իջևան կաղեալ ի տան Պ. Աբովեանի, որ էր կառավարիչ (տիրեքտոր) նորակառոյց արքունի դպրոցին։ Երևան է միանգամայն Ասիական քաղաք` թէև քանի մի արքունի նորաշէն տունք են ըստ Եւրոպական ախորժի։ Երիվան, կամ որ ուղիղն Երևան, ի հայ լեզու նշանակէ տեսանին»։ (Հատված` «Ճանապարհորդութիւն յայսկոյս Կովկասու այն է ի Հայս և ի Վիրս», 1872 թվական, էջ 172-173): Հաքստհաուզենն իր աշխատությունում խոսում է նաև Խաչատուր Աբովյանի մասին, ցույց տալիս մեծ մտավորականի հայրենիքին նվիրումն իր ժողովրդին ծառայելու պատրաստակամությունը։ Ազգագրագետը Աբովյանի մասին նկարագրություններում հայտնում է իր հիացմունքը. «Աստ զօրն ողջոյն կացեալ հաւաքէի առատ տեղեկութիւնս Յաբովեանէն ի վերայ կերպի կենցաղավարութեան բնաւորութեան, առանձին յատկութեանց և սովորութեանց Հայոց։ Աբովեան էր այր ազգասէր, հայրենասէր, ազնուաբարոյ, հանճարեղ և արդարասէր. Զորոյ նմանն դուք ուրեք կարէ տեսնել մարդ ի կեանս իւր. Գիտելով թէ փոյթ մեծ է իմ յեղանակ կենաց ազգացն, յայտնէր ինձ զամենայնն իսկութեամբ և ձգէր ի վերայ ինչ ինչ իրաց զուշադրութիւն իմ. Ինքն ըստ որում` զամս չորս բնակեալ ի Դորպատ ի մէջ Գերմանացւոց` քաջ տեղեակ էր մէն մի հանգամանաց և կենցաղավարութեան և սովորութեանց նոցին….»։ (Նույն տեղում` էջ177-178)։
Իր այս աշխատության մեջ Հաքստհաուզենն առաջին անգամ եվրոպական գիտական և մշակութային աշխարհին ներկայացնում է հին հայկական հեքիաթների և առասպելների նմուշները։ Այդ նմուշների մեջ նա ներկայացնում է նաև վամպիր Դախանավարի մասին լեգենդը։ Լեգենդում մասնավորապես նշվում է, որ 366 հովիտներ սեփականացրած Դախանավարը ապրում էր Ուլտիշ-Ալտո Տեմ-ի լեռներում։ Նա սպանում, խմում էր բոլոր այն օտարականների արյունը, ովքեր փորձում էին ներխուժել իր տարածք։ Վամպիրը պաշտպանում էր նաև հայ ժողովրդին և թույլ չէր տալիս, որպեսզի հայերի թշնամիները զավթեն Հայաստանը։
Հաքստհաուզենի պատմության մեջ խոսվում է երկու ճանապարհորդների մասին, որոնց հաջողվել էր հայտնվել վամպիր Դախանավարի տարածքում։ Ճանապարհորդները իմանալով, որ վամպիրը օտարերկրացիների արյունը խմում է միայն գիշերը, քնում են ոտք և գլուխ։ Վամպիրը տեսնելով և ընկալելով, թե այդ արարածները մարդկանց նման չեն, ունեն երկու գլուխ և չունեն ոտք, լքում է այդ տարածքը։ Հաքստհաուզենն ընդգծում է նաև, որ այդ օրվանից հետո նրան այլևս ոչ ոք չի տեսնում։
1854 թվականին գրի առնված այս լեգենդ-զրույցն իրոք բացառիկ է։ Պետք է նշել, որ այն չենք հանդիպում հայ հեղինակների մոտ, և Հաքստհաուզենի գրառած պատմությունն իրոք բացառիկ է։ Հաշվի նստելով ժամանակաշրջանի հետ՝ տեսնում ենք, որ Դախանավարն արդեն իսկ ուներ այն դրական կողմերը, որը բնորոշ էր 19-րդ դարում եվրոպական հանրությանը ներկայացվող վամպիրներին։ Նա բարի էր հայ ժողովրդի և Հայաստանի հանդեպ։ Նա երբեք չէր սպանում այն բնակիչներին, ովքեր ապրում էին իր հողի վրա։
Դախանավարի հիմնական զոհերն օտարերկրացի զավթիչներն էին։ Թերևս, լեգենդը դրա մասին է պատմում։ Հայաստանում լսած հեքիաթների ու բանահյուսական պատմություններից զատ՝ Հաքստհաուզենը ներկայացնում է նաև Էջմիածնի մասին, հայոց գրերի ստեղծման ու հայ ժողովրդի անցյալի մասին։ Նա ներկայացրել է նաև, թե ինչպիսին էր սոցիալ-տնտեսական կյանքը 19-րդ դարում։ Գրել է նաև կրթական կենտրոնների մասին։ Այս ամենի հետ մեկտեղ՝ պրուս գիտնականը հաճախակի գովաբանում է Աբովյանին։ Նա աշխատության մեջ խոսում է նաև Աբովյանի անհետացման մասին ու ցավում, որ նմանատիպ մեծ գիտնականն անհետացել է։ Թերևս, Ավգուստ Հաքստահուզենն իր բացառիկ աշխատությամբ մեծ գործ կատարեց նաև մեզ համար։ Նա դեռ 19-րդ դարում եվրոպացիներին ներկայացրեց Հայաստանն ու հայկական մշակույթը։
Զ. Շուշեցի