«Դեմարկացիան կատարվում է որոշակի փաստաթղթերի հիման վրա». ԱԽ քարտուղար
Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի խոսքով՝ Սյունիքի ու Կապանի հետ կապված իրադարձությունների վերաբերյալ Պաշտպանության նախարարությունը կտրամադրի համապատասխան տեղեկատվություն։
«Ես հանդիպման էի և վերջին ինֆորմացիան չունեմ, թե ինչ է փոխվել և ինչ իրավիճակ է։ Պաշտպանության նախարարությունը երեկ հայտարարել է, որ ՀՀ տարածքից որևէ զիջում չի լինելու, և բանակցություններ են ընթանում, որպեսզի այդ դեմարկացիան լինի»,- այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Արմեն Գրիգորյանը։
Հարցին՝ մանիպուլյացիա չէ՞, երբ իշխանությունն ասում է՝ այս տարածքը չենք տալու, բայց այդ տարածքից թշնամուն է տալիս կարևոր բարձունք, Արմեն Գրիգորյանը պատասխանեց.
«Բնականաբար, այս նոր միջավայրը մեզ համար ահագին խնդիրներ է ստեղծել, բայց մենք պետք է հասկանանք, որ սահմանազատում է կատարվում, որը կատարվում է որոշակի փաստաթղթային հիմքի վրա և հենց այդ փաստաթղթերի հիման վրա է կատարվում դեմարկացիա։ Այսինքն՝ այստեղ դեմարկացիան ունի փաստաթղթային հիմք, և ըստ փաստաթղթի էլ մենք առաջ ենք շարժվում»։
Ինչ վերաբերում է Հին Թաղերում ու Խծաբերդում ստեղծված իրավիճակին ու վարչապետի հրաժարականի հարցերին, Արմեն Գրիգորյանը որևէ մեկնաբանություն չտվեց։
Նշենք, որ այսօր ԱԺ-ում Արմեն Գրիգորյանը հանդիպել է «Իմ քայլը» խմբակցության անդամների հետ։