«Այսպիսի դրույթ պահպանվել է ևս երկու երկրում՝ Կուբայում և Չինաստանում». Գևորգ Դանիելյան
Իրավաբանական գիտությունների դոկտոր, արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին»։ Մեկ անգամ ևս նկատեմ, որ սահմանադրագիտության և քաղաքագիտության տեսանկյունից այս ակնհայտ անհիմն ու դեմագոգիկ դրույթը Սահմանադրության 2-րդ հոդվածում հայտնվեց զուտ խորհրդային գաղափարախոսության իներցիայի ուժով, և պատահական չէ, որ այսպիսի դրույթ պահպանվել է ևս երկու երկրում՝ Կուբայում և Չինաստանում։
Այն, որ այս դրույթը հետագայում անտեղի կշահարկվեր, կարելի էր և կանխատեսել, բայց չանտեսենք առնվազն երկու փաստարկ՝ ա) ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՀՌՉԱԿԱԳՐՈՒՄ բոլորովին այլ, ընդ որում, համեմատաբար խելամիտ դրույթ է եղել ամրագրված. «ՀԱՅՈՑ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԿՐՈՂԸ Հայաստանի Հանրապետության ժողովուրդն է, որն իր իշխանությունը իրագործում է անմիջականորեն և ներկայացուցչական մարմինների միջոցով` Հայաստանի Հանրապետության սահմանադրության և օրենքների հիման վրա», և բ) Սահմանադրությունում անփոփոխ ճանաչված վերոհիշյալ արտահայտությունը չի կարող սոսկ բառացի մեկնաբանվել և պրիմիտիվիզմի վերածվել, հարկ է բացահայտել սահմանադրի բուն նպատակը, ինչը չի կարող շեղվել իրավունքի միջազգային հանրաճանաչ սկզբունքներից։
Այսպիսով, ՈՉ ԹԵ ԱՄԲՈՂՋ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՏԿԱՆՈՒՄ Է ԺՈՂՈՎՐԴԻՆ, ԱՅԼ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԻՆՔՆԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԿՐՈՂՆ է, իսկ անմիջականորեն իշխանություն իրականացնելիս, որպես հանրային իշխանության բաղադրատարր, ժողովուրդը ևս սահմանափակված է մարդու հիմնական իրավունքներով և ազատություններով, ուստի ևս պարտավոր է հետևել Սահմանադրությանը, ինչը ամրագրված է 3-րդ հոդվածով։ Ինչ վերաբերում է ժողովրդի քաղաքական կամքի ձևավորմանն ու արտահայտմանը, այո՝ դրան նպաստելու առաքելությունը վերապահված է հենց կուսակցություններին (Սահմանադրության 8-րդ հոդվածի 3֊րդ մաս) ….»։
Ուշագրավ է, որ Գ․ Դանիելյանի այս գրառմանը մեկնաբանության ձևով անդրադարձել է մեկ այլ հայտնի իրավաբան՝ «Մեկ Հայաստան» կուսակցության հիմնադիր նախագահ Արթուր Ղազինյանը․ «Պարոն Դանիելյան, Հայկական պետականության դեմ բոլոր հանցագործությունները ու ոտնձգությունները կատարվել են այս հոդվածի վրա հղում անելով։ Դա հնարավորինս շուտ պետք է փոխվի»։