«Մենք հայրենիքի 20 տոկոս ենք կորցրել, այդ մարդիկ ինչո՞ւ են ուսադիրներ կրում» Ռուբեն Մելիքյանը՝ Զինդատախազությանը

Այսօր մի խումբ իրավապաշտպաններ իրենց բողոքի ձայնն էին բարձրացրել Զինվորական դատախազության շենքի մոտ՝ պահանջելով, որպեսզի դատախազն իրենց հրատապ ընդունի, քանի որ ունեն բազմաթիվ հարցեր դատախազին։

«Մարդիկ բազմաթիվ կառույցների մասին խոսում են, բայց զինվորական դատախազությանը շրջանցում են։ Մենք զինդատախազին մի շարք հարցեր ունենք՝ կապված Արցախի պատերազմի հետ։ Մենք ունեցանք մեր պատմության մեջ ամենախայտառակ կորուստները, բայց որևէ իրավական հետևանք կարծես թե չի առաջանում։ Այս ամենի շուրջ մենք յուրաքանչյուրս ունենք մեր հարցերը։ Ակնկալում ենք, որ զինդատախազը մեզ կընդունի և մեր հարցերին կպատասխանի։ Մենք հիշում ենք և հիշեցնում ենք, որ 2018 թվականին Արցախի հերոս Մանվել Գրիգորյանին ազատ արձակելու հետ կապված ակցիաներ էին տեղի ունենում, մարդիկ ճանապարհներ էին փակում, նրանք եկան այստեղ, անձամբ դատախազն իջավ, պարզաբանումներ ներկայացրեց»,- լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի մարդու իրավունքների նախկին պաշտպան, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։

Նա շեշտեց՝ ղինդատախազից ակնկալում են, որ որպես մեկ համայնքի ներկայացուցիչ՝ չի անտեսի այստեղ կանգնած մարդկանց և կտա անհրաժեշտ պարզաբանումներ։

«Այստեղ կա կահավորված շենք, մարդիկ աշխատում են, աշխատավարձ են ստանում, ինչի՞ համար են ստանում, արդյո՞ք նրա համար, որ ինչ-որ զինվորական ու սպա իրար ապտակեն՝ դրանով զբաղվեն, թե՞ զբաղվեն նրանով, որ մենք հայրենիքի 20 տոկոս ենք կորցրել, այդ մարդիկ ուսադիրներ ինչո՞ւ են կրում, ինչո՞վ են զբաղվում, մենք ունենք շատ կոնկրետ հարցեր և իրավաբանական համայնքով պատրաստ ենք բոլոր հարցերն ուղղել զինդատախազին և կպահանջենք, որպեսզի հանդիպումը լրատվամիջոցների համար բաց լինի»,- շեշտեց Ռուբեն Մելիքյանը։

Նա նաև ընդգծեց, որ տեղյակ են՝ գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանի ներկայացրած փաստերի հիման վրա քրեական գործ է հարուցվել։

«Մենք սպասում ենք՝ տեսենք, թե այդ գործն ո՞վ է քննելու, ո՞վ է հսկողություն իրականացնելու, արդյո՞ք զինդատախազությունն է վերահսկողություն իրականացնելու, փորձենք հասկանալ, թե այդ քրեական գործն ի՞նչ ընթացք ունի, և այլ իրավիճակների հետ կապված արդյո՞ք քրեական գործեր հարուցվել է։ Օրինակ, մենք գործ ունենք իրավիճակի հետ, երբ մեր Սահմանադրությունը տալիս է հստակ ձևակերպում, որ վարչապետը գերագույն գլխավոր հրամանատար է պատերազմական իրավիճակներում, այլ իրավիճակներում Գլխավոր շտաբի պետն է։ Արդյո՞ք քննություն իրականացվել է, արդյո՞ք մեր պետությունն ունի դիրքորոշում այն հարցի շուրջ, թե մենք պատերազմի հե՞տ գործ ունենք, թե՞ ոչ։ Եթե մենք պատերազմի հետ գործ ունեինք, ապա չկար հայտարարված պատերազմ, այդ դեպքում ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանը յուրացրել է պաշտոնական դիրքը, իսկ մեկ այլ դեպքում բազմաթիվ դրվագներով ստացվում է անփութություն»,- հավելեց նա։

Տեսանյութեր

Լրահոս