Եկել է գաղափարական մարդկանց ժամանակը
Կարելի է ասել, որ կրթության ոլորտում ամեն ինչ պետք է սկսենք հիմքից։ Նախորդ տարիների մեր կրթական քաղաքականությունը հիմնված է եղել այն թեզի վրա, որ արևմտյան կրթական համակարգը լավն է, և մենք պետք է ընդամենը ներկրենք այն՝ արագ սննդի և մնացած կապիտալիստական ինդուստրիաների նման։
Հիմա պարտավոր ենք հասկանալ, որ այդպես շարունակել չենք կարող։ Մեր գլխավոր սխալներից մեկը եղել է այն, որ փորձել ենք պետականություն կառուցել առանց կրթությունը, գիտությունը, մշակույթը կարևորելու։ Իհարկե, այդ ոլորտների մասին բարձրագոչ ճառեր շատ են ասվել, բայց բոլորիս համար էլ ակնհայտ է, որ այդ ոլորտներն իրականում եղել են լուսանցքում։ Մինչդեռ, եթե ուզում ես պետականություն ձևավորել, չես կարող առանց մշակույթի այդ խնդիրը լուծել։ Հայաստանում մշակութային քաղաքականություն ասելով՝ այս տարիներին հասկացել են գումարների բաշխում թանգարաններին, պատկերասրահներին, արվեստի դպրոցներին, առանձին արվեստագետների ու նախագծերի։ Կազմակերպվել են նաև ցուցահանդեսներ, փառատոներ, համերգներ և մշակութային այլ միջոցառումներ։
Մինչդեռ մշակութային քաղաքականություն, առաջին հերթին, նշանակում է՝ գիտական ուսումնասիրությունների հիման վրա մեր ժողովրդին, մեր իրականությանը, մեր տարածաշրջանին համապատասխան մշակույթի ձևավորում։ Մշակույթը միայն արվեստ չէ, ոչ էլ, առավել ևս՝ արվեստագետների ֆինանսավորում։ Նորաստեղծ պետության համար մշակույթը արժեքների, գաղափարների, մտածողության, հոգեբանության, վարքագծի ամբողջություն է։ Մշակույթը «հասարակական սոսինձ է»։ Այն ամենն է, որը մեզ հուշում է, որ կա անհատից ավելի բարձր տիրույթ։ Մենք այս տարիներին ապրել ենք ծայրահեղ էգոիզմի միջավայրում։ Մինչև 2018թ. այդ էգոիզմն արտահայտվել է նրանով, որ մեր հասարակության անդամները պետությունից չստանալով աջակցություն՝ ամեն մեկն իր գլխի ճարն է տեսել։ Ով «բաշարող» է եղել՝ շատ է վերցրել, ով չի «բաշարել»՝ յոլա է գնացել։ Իսկ 2018-ից սկսած իշխանությունը մեզ կերակրել է պոպուլիստական էգոիզմով, որի առանցքն այն էր, որ մենք հպարտ ենք, ամեն ինչ կախված է մեզնից, մենք ենք որոշում, մեկ հոգին կարևոր է, և այլն։
Իսկ ո՞ւր են հասարակություն, ինստիտուտներ, համակարգեր կառուցելու ջանքերը։ Ատոմիզացված մարդիկ չեն կարող հասարակություն, առավել ևս՝ պետություն կառուցել։ Այս ատոմիզացման արդյունքն այն է, որ քննիչները, դատախազները, դատավորները, փաստաբանները չեն հասցնում քննել հազարավոր գործերը, իսկ մշակույթի, գիտության, կրթության ոլորտներում դատարկություն է։ Մանկավարժական բուհերում ավելանում է թափուր տեղերի թիվը, դպրոցները դժվարությամբ են գտնում նոր ուսուցիչներ, մշակութային մասնագիտությունները մոդայիկ չեն, երիտասարդները չեն ուզում զբաղվել գիտությամբ։ Մենք ձախողել ենք հասարակություն, պետություն կառուցելու երեք գլխավոր սյուները՝ կրթություն, գիտություն, մշակույթ։ Ու քանի որ ձախողել ենք, հիմա ունենք հանցագործությունների աճ, անհանդուրժողականության ու ատելության թունավոր մթնոլորտ, պառակտված, բզկտված հասարակություն։ Արդյունքը ոստիկանների ու իրավապահների լարված աշխատանքն է։ Այսօր մենք քաղում ենք մեր արածի ու չարածի պտուղները և պայքարում ենք հետևանքների դեմ։
Մի հետաքրքիր պատմություն կա։ Երկու ընկեր նստած են գետի ափին։ Հանկարծ նկատում են գետում խեղդվող երեխայի։ Նետվում են գետը և փրկում երեխային։ Այդ պահին նկատում են մեկ այլ խեղդվող երեխայի։ Գետում շարունակաբար հայտնվում են նոր երեխաներ։ Թեժ պահին ընկերներից մեկը գետից դուրս է գալիս։ Մյուս ընկերոջ՝ «ո՞ւր ես ինձ մենակ թողնում, արի օգնիր՝ փրկենք այս երեխաներին» հանդիմանանքին, պատասխանում է՝ «գնում եմ բռնեմ ափի մոտ կանգնած այն մարդուն, որն այս երեխաներին գցում է գետը»։ Սա շատ լավ պատմություն է այն մասին, որ մենք պետք է պայքարենք ոչ թե հետևանքների, այլ պատճառների դեմ։
Իսկ պատճառների դեմ պայքարելու համար մեզ պետք է գաղափարական իշխանություն, որի առաջնահերթ խնդիրը հասարակություն ձևավորելն է։ Այդ հասարակության անդամները ոչ թե պետք է մտածեն, որ իրենք են ամենակարևորն ու ճիշտը, այլ, որ կան իրենցից ավելի կարևոր բաներ, որ իրենք կարող են սխալ լինել։ Առաջնահերթ պետք է ստեղծել գիտնականների խումբ, որի մեջ պետք է լինեն փիլիսոփաներ, մշակութաբաններ, մարդաբաններ, ազգագրագետներ, հոգեբաններ, սոցիոլոգներ։ Այդ խումբը խորքային հետազոտությունների միջոցով պետք է ուսումնասիրի իրավիճակը և ներկայացնի առաջարկներ։ Այդ առաջարկների առանցքում պետք է լինի այն գաղափարը, թե ինչպես պետք է մարդկանց դուրս բերենք ծայրահեղ եսակենտրոն վիճակից և դարձնենք անհատներ, որոնք կհասկանան նաև հասարակական միասնության, հասարակական խնդիրներ լուծելու անհրաժեշտությունը։ Դրանից հետո կարելի է ստեղծել շատ ավելի լայն մասնագիտական ընդգրկում ունեցող խումբ, որն այդ հետազոտությունների հիման վրա դուրս կբերի պետության ռազմավարությունը։ Այդ ամենն ունենալուց հետո, կարելի է մտածել արդեն ոլորտային ռազմավարությունների մասին։ Ընդ որում, կրթությունը, գիտությունը, մշակույթը պետք է ունենան առաջնահերթ կարևորություն։ Այդ 3 ոլորտները ցանկացած պետության հենասյուներն են։ Եթե չունես նորմալ մշակույթ (չշփոթել փառատոն կամ ցուցահանդես կազմակերպելու հետ), կրթություն և գիտություն, բոլոր տնտեսական, սոցիալական, ռազմական բարեփոխումները ձախողվելու են։
Մենք այլևս չենք կարող ունենալ այնպիսի իշխանություն, որը մտածում է միայն իր բարեկեցության մասին։ Մենք այլևս չենք կարող ունենալ իշխանություն, որը հանուն այսրոպեական շահերի գաղութացնում է մեր երեխաների ապագան։ Մեզ պետք է համակարգային մտածողություն ունեցող, գաղափարական իշխանություն, որը կարողանա կառուցել ինստիտուտներ, համակարգեր և ձևավորել հասարակություն։ Մեր գերնպատակը պետք է լինի այն, որ ապագա սերունդները մեզ հիշեն՝ որպես լավ նախնիներ։