
ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել է անհետ կորած զինծառայողների հարազատների հետ

Դեկտեմբերի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը հանդիպել է անհայտ կորած զինծառայողների հարազատների հետ, տեղեկացնում է ՊՆ մամուլի ծառայությունը:
Պաշտպանական գերատեսչության ղեկավարը լսել է նրանց մտահոգությունները, հարցերն ու առաջարկները, պարզաբանել գերիների փոխանակման և Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում անհայտ կորածների որոնողական աշխատանքներին վերաբերող հարցերը:
Վաղարշակ Հարությունյանն ընդգծել է, որ որոնողական աշխատանքները շարունակվում են, բարձրացված խնդիրները պարբերաբար քննարկվում են ԿԽՄԿ գործընկերների և ՌԴ խաղաղապահ զորախմբի ղեկավարության հետ:
Պաշտպանության նախարարն անդրադարձել է ԴՆԹ հետազոտությունների հետ կապված խնդիրներին և տեղեկացրել, որ այդ ուղղությամբ ծավալվող աշխատանքների ծավալներն ավելացել են: Նաև հայտնել է, որ Արցախում ընթացող որոնողական աշխատանքները համակարգում է ՊՆ ներկայացուցիչը և նշել, որ զինծառայողների հարազատներին կտրվեն լրացուցիչ պարզաբանումներ: