«Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը ընդունել են Իլհամ Ալիևի առաջարկը և 5 մլրդ դոլարով վաճառել են մեր հայրենիքը»․ Միքայել Մինասյան

Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանն իր «Ռեքվիեմ» տեսաշարի երկրորդ մասում պատասխանեց այս օրերին ամենատարածված հարցին՝ արդյո՞ք այն առաջարկը, որը ժամանակին մերժել էր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, արվել է նաև Նիկոլ Փաշինյանին։

«Ես վստահորեն ասում եմ՝ այո, Նիկոլ Փաշինյանին արվել է այդ առաջարկը․ 2018թ․ հոկտեմբերին ԱՄԷ Դուբայ քաղաքում՝ 5 աստղանի հյուրանոցի խոլում Նիկոլ Փաշինյանի կառավարության բարձրաստիճան ներկայացուցիչը ստացել է Ադրբեջանի կառավարության բարձրաստիճան մի պաշտոնյայից, որը ներկայացնելով Իլհամ Ալիևի կոնկրետ անձը՝ փոխանցել է Նիկոլ Փաշինյանի համար գաղտնի նամակ։ Գաղտնի նամակի պարունակությունը հետևյալն էր, որ մենք՝ Ադրբեջանը, պատրաստ ենք տրամադրել Նիկոլ Փաշինյանին եվրոպական մաքուր հիմնադրամների միջոցով, որոնք ոչ մի ձև չեն ասոցացվելու Ադրբեջանի հետ, 5 մլրդ ԱՄՆ դոլար։ 5 մլրդ դոլար՝ 7 շրջանի համար՝ 5+2։ Նիկոլ Փաշինյանն այդ առաջարկը ստացել է 2018թ․ հոկտեմբերին։ Այդ առաջարկը եղել է գաղտնի, և այդ առաջարկի մասին գիտեն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, իր սուրհանդակը, այն անձնավորությունը, որը ստացել է այդ առաջարկը, Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը։ Եվ նաև՝ արդեն մենք բոլորս։ Ես դրա մասին իմացել եմ պատերազմի կեսերին, երբ փորձում էի անկեղծ հասկանալ, թե ինչու է Նիկոլ Փաշինյանը հանձնում Արցախը։ Եվ շատ հանկարծակի ես իմացել եմ այդ նամակի մասին։ Ավելին ասեմ՝ այդ նամակի մասին գիտեն արդեն ՀՀ գործող բարձրաստիճան սպաներ։ Եվ ես գիտեմ, որ եղել է փոքր ժողով, որտեղ այն մարդը, որ ստացել է այդ նամակը, նաև պատմել է բարձրաստիճան սպաներին, որ եղել է պետական դավաճանություն»,- ասաց Միքայել Մինասյանը։

Նա նաև պատասխանեց այս օրերին հնչող մեկ այլ հարցի, թե արդյո՞ք Նիկոլ Փաշինյանը համաձայնել է այդ խաղի կանոններին, համաձայնե՞լ է 5 մլրդ դոլարով վաճառել մեր հայրենիքը․

«Ես անկեղծ չգիտեմ, թե ինչ է պատասխանել Նիկոլ Փաշինյանը, բայց մենք բոլորս գիտենք՝ ինչ է արել Նիկոլ Փաշինյանը։ Եվ ես կարող եմ վստահորեն պնդել, որ տեսնելով և վերաիմաստավորելով պատերազմի 44 օրը, ես վստահ եմ, որ Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը ընդունել են Իլհամ Ալիևի առաջարկը և վաճառել են մեր հայրենիքը, դավաճանել են ՀՀ-ին և Արցախի Հանրապետությանը։ Նրանք հայ ժողովրդի թշնամիներ են և դավաճաններ։ Խնդրում եմ Նիկոլ Փաշինյանին՝ հաստատի կամ հերքի, եթե իմ պատմածը ճիշտ է։ Հաստատի, որ՝ այո, ես ստացել եմ այդ առաջարկը, կամ հերքի։ Ասա, որ Միքայել Մինասյանը սուտ է խոսում, չի եղել այդպիսի նամակ, բայց հերքելուց առաջ հիշիր, որ կան մարդիկ, որոնք գիտեն, կան մարդիկ, որոնք ստացել են, կան մարդիկ որոնք փոխանցել են, և կան մարդիկ, որոնք նաև ունեն նամակի պարունակությունը»։

Տեսանյութեր

Լրահոս