ԿԳՄՍ-ն ուսումնական գործընթացը վերսկսելու է՝ Առողջապահության նախարարության արձանագրած հնարավոր ռիսկերի պարագայում

Կորոնավիրուսով վարակվածության դեպքերի պահպանվող ռիսկային ցուցանիշը չի խանգարել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը՝ շրջաբերական գրությամբ դիմել մարզպետարաններին և Երևանի քաղաքապետարանին՝ դեկտեմբերի 7-ից հանրակրթական ուսումնական հաստատությունների 5-12-րդ դասարանների սովորողների համար դասերն առկա կազմակերպելու վերաբերյալ։

Հիշեցնենք՝ համաձայն մինչ այդ տրված կարգավորման՝ կազմակերպված էր 1-4-րդ դասարանների, ինչպես նաև ներհամայնքային տրանսպորտ չունեցող համայնքների բոլոր դասարանների ուսումնական գործընթացը:

168.am-ը ավելի վաղ այս հարցի շուրջ ներկայացրել էր նաև Առողջապահության նախարարության դիրքորոշումը. «Մենք այն կարծիքին ենք, որ դպրոցի վերաբացման գործընթացն այս  մասշտաբով կարող է առաջացնել որոշակի ռիսկեր, որպեսզի դեպքերն աճեն»:

168.am-ը վերջերս ԿԳՄՍ նորանշանակ նախարարի մամուլի քարտուղար Գեղամ Մելիքբեկյանից հետաքրքրվել էր, թե ինչ հիմնավորմամբ է նախարարությունը նման որոշում կայացրել, եթե կորոնավիրուսային վարակման թվերի պատկերը շարունակում է մնալ ռիսկային, նա խոստացավ պատասխանել մեր գրավոր հարցմանը:

Հարցումն ուղարկելուց հետո մեզ  հետ կապ հաստատեց նախարարության Հանրակրթության վարչության փորձագետ Արտաշես Թորոսյանը և ներկայացրեց նախարարության դիրքորոշումը:

Պատասխանելով հարցին, թե ի վերջո ո՞րն է նախարարության՝ ուսումնական գործընթացը վերսկսելու հիմնավորումը՝ հաշվի առնելով Առողջապահության նախարարության դիրքորոշումը ռիսկերի վերաբերյալ, Արտաշես Թորոսյանը ներկայացրեց նախարարության մոտեցումները, որոնք հիմնված են տրանսպորտը՝ որպես ռիսկի գործոն դիտարկելու փաստի վրա.  «Մենք հիմա ունենք ուսումնական պրոցեսի իրականացման գործնականում երկու եղանակ՝ առաջին եղանակն առկա ուսուցումն է, որն իրականացվում է բոլոր այն համայնքներում, որտեղ քաղաքային տրանսպորտ կամ հանրային տրանսպորտ չկա (դրանք հիմնականում մեր գյուղական դպրոցներն են, որոնք կազմում են դպրոցների զգալի մասը):

Մենք ունենք նաև մարզային քաղաքներ, որտեղ նույնպես դե յուրե քաղաքային տրանսպորտ չի գործում. մարդիկ հիմնականում  տեղաշարժվում են կամ սեփական մեքենաներով, կամ տաքսիներով, իսկ երեխաները  դպրոց են գնում ոտքով, որովհետև հիմնականում բնակվում են այն ուսումնական հաստատության մոտ, որտեղ սովորում են:  Շատ քիչ թվով աշակերտներ կան, որոնց ծնողներն են իրենց մեքենաներով բերում, կամ օգտվում են այլ տրանսպորտից:

Նույնիսկ  Երևան քաղաքում և մեր  մյուս մեծ քաղաքներում դպրոցների մեծ մասում աշակերտները հաճախում են ոտքով:  Օրինակ՝ Երևան քաղաքում կան շատ քիչ թվով դպրոցներ՝ դրանք հիմնականում մասնավոր դպրոցներ են կամ հատուկ կարգավիճակ ունեցող դպրոցներ` ինչպես Շիրակացու համալիրը, որոնց հաճախումը կազմակերպվում է իրենց տրանսպորտով:

Թե մարզերի, թե մայրաքաղաքի դպրոցների մեծ մասը մեզ անընդհատ դիմում էին առաջարկությամբ, որ իրենք նույնպես անցնեն առկա եղանակի, որովհետև իրենց աշակերտները տրանսպորտից չեն օգտվում»:

Մեր դիտարկմանը, թե եթե անգամ տրանսպորտից չեն օգտվում, սակայն ի վերջո բոլորը նույն դասարանում են հայտնվում, Հանրակրթության վարչության փորձագետն արձագանքեց. «Դպրոցի ներսում, ինչպես մինչև այս չորսշաբաթյա արձակուրդները, այնպես էլ՝ հիմա պահպանվում են հակահամաճարակային կանոնները, ընդ որում, շատ ավելի խիստ են պահպանվում, քան դպրոցից դուրս, որովհետև դպրոց չհաճախող  երեխաների մեծ մասը ո՛չ իրենց տանը, ո՛չ բակում չեն կրում դիմակ, չեն պահպանում հակահամաճարակային կանոնները և նույնիսկ խանութ են գնում առանց դիմակների:  Նրանք օգտվում են տրանսպորտից, և շատ լավ գիտենք, որ տրանսպորտից օգտվելիս էլ ոչ միշտ են պահում այդ կանոնները՝ նստում են շատ խիտ, ոչ միշտ են կրում դիմակներ:

Այս պայմաններում, երբ  դպրոցում երեխաներն ավելի շատ են պաշտպանված, քան դպրոցից դուրս, ասել, որ դպրոցում վտանգավոր է, քան դրսում, այդքան էլ ճիշտ չի լինի:

Մյուս կողմը, որը նույնպես շատ կարևոր է՝ երեխաների կրթություն ստանալու հնարավորությունն է, որը մենք պետք է ստեղծենք: Ցավոք սրտի, մեր ընտանիքները չունեն բավարար քանակությամբ համակարգիչներ, նույնիսկ բավարար սոցիալական վիճակում գտնվող ընտանիքները  չունեն երկու-երեք համակարգիչ, որ իրենց երկու երեխաները տանից հեռավարին մասնակցեն (քանի որ  դպրոցների մեծ մասն էլ օգտագործում են Zoom համակարգը, որը պահանջում է երեխային անընդհատ ներկա գտնվել համակարգչի առաջ), դասին  կարողանում է մասնակցել, փաստորեն, ընտանիքի մեկ երեխան:

Այն ընտանիքներում, որտեղ հեռախոսով են օգտվում այդ համակարգից, էդտեղ ՕԳԳ-ն, ինչպեսև երեխաների առողջության հարցն  էլ ավելի խնդրահարույց է, որովհետև հեռախոսները չեն պաշտպանում հեռավար ուսուցման բոլոր գործընթացները:

Փաստորեն, միայն տեսագրություններն են կարողանում դիտել, բայց գրել ինչ-որ պատասխաններ, արձագանքել հեռախոսով գործնականում հնարավոր չէ:

Պետությունը, իհարկե, կարիքավոր ընտանիքների համար դպրոցի պատվերով որոշակի քանակությամբ համակարգիչներ, ինչպես մարզերում, այնպես էլ Երևանում, տրամադրել է, տրամադրել է նաև անվճար քարտեր, սոցիալապես անապահով այն ընտանիքներին, ովքեր չեն կարողանում համացանցից օգտվել վարձի պատճառով: Բայց միևնույն է, ամբողջ հարթակը հնարավոր չէ ծածկել:

Գոյություն ունի նաև թաքնված պատճառ՝ արտագրության բնավորությունն է,  եթե դպրոցում երեխաներն արտագրում էին իրարից, գրքից, իսկ հիմա, եթե դուք նկատել եք Zoom-ի դասերը, ապա ոչ բոլոր աշակերտների էկրաններն են բաց, իհարկե, նրանք դա հաճախ պատճառաբանում են նրանով (և հաճախ արդարացի), որ ինտերնետի արագությունն այնքան փոքր է, որ, եթե վիդեոներ բացեն, ապա  կապն ընդհանրապես կընդհատվի կամ կդանդաղի: Մենք ունենք նաև դեպքեր, երբ իրենք պարզապես անջատում են, ստանում են, այսպես  կոչված, ներկայության պատրանք, բայց իրականում ներկա չեն»:

Ի պատասխան հարցին, թե փաստորեն այս եզրահանգմանը եկել եք նաև մանկավարժների հետ համագործակցության արդյունքո՞ւմ, մեր զրուցակիցը նշեց. «Իհարկե, մենք միշտ կապի մեջ ենք, միշտ հարցումներ ենք կազմակերպում, քննարկում ենք:

Ի դեպ, ես ուզում եմ ասել, որ ուսուցիչներն ամենավտանգված մարդիկ են այս գործընթացներում, որովհետև անմիջապես այդ ամբողջ ռիսկային խմբի հետ իրենք են աշխատելու, և հիվանդանալու իրենց հավանականությունն ավելի մեծ է, բայց իրենք համարում են, ու անընդհատ այդ հարցը բարձրանում է, որ անարդյունավետ է կազմակերպել այսպիսի դասեր: Գրավոր աշխատանքների ժամանակ դասերի չմասնակցած, կամ շատ վատ մասնակցած փոքր ու ոչ կայուն գիտելիք ունեցող երեխաները հանկարծ ստանում են առավելագույն միավորներ, պարզ է, թե ինչպես՝ արտագրության միջոցով»:

Ճշգրտող հարցին,  թե ստացվում է, որ ԱՆ արձանագրած հնարավոր ռիսկերի, կորոնավիրուսի օրական 1000-ը հատող դեպքերի ցուցանիշի պարագայում, հաշվի առնելով նաև մանկավարժների՝ գործընթացն արդյունավետ կազմակերպելու հորդորը՝ դուք գնացել եք այդ քայլերին՝ բոլոր հնարավոր ռիսկերը հաշվի առնելո՞վ, Արտաշես Թորոսյանը պատասխանեց. «Եվ այս ընթացքում մեր աշխատանքի փորձը հաշվի առնելով: Մոտ երկու շաբաթ, դպրոցների առնվազն կեսն առկա ուսուցում է կազմակերպում՝ ես   նկատի ունեմ բոլոր դասարանները գյուղական համայնքներում և 1-4-րդ դասարանները՝ բոլոր դպրոցներում,  և եթե նկատել եք, կորոնավիրուսային վարակվածության թվերն իջնում են, ոչ թե բարձրանում են վերջին երկու շաբաթվա ընթացքում: Այսինքն՝ սա ցույց է տալիս նաև, որ դպրոցների աշխատանքի պատճառով հիվանդության տոկոսն այն  աստիճանի չի բարձրանում, որ մենք ստիպված լինենք դադարեցնել ուսումնական գործընթացն ու անցնել հեռավարի»:

Փորձագետը նաև հիշեցրեց նախարարության կողմից առաջարկվող կարգավորումների մասին՝ մեջբերելով  ՀՀ առողջապահության նախարարի 2020 թվականի սեպտեմբերի 18-ի N 24-Ն հրամանով հաստատված պահանջները, ըստ որի՝ յուրաքանչյուր դպրոցի համար կկիրառվի առանձին մոտեցում՝ կախված դպրոցում համավարակի դեպքերի թվից․ 10 տոկոսից ավելի վարակվածության ցուցանիշ ունենալու դեպքում, ըստ սահմանված առողջապահական կանոնների, դպրոցը կրկին կանցնի հեռավար ուսուցման:

Հավելենք սակայն, որ ԿԳՄՍ նախարարության աշխատակցի հիմնավորումներն ավարտվում են այնտեղ, որտեղ սկսվում է Առողջապահության նախարարության դիրքորոշումը ռիսկերի մասին: Ծնողներին էլ, թերևս, մնում է որոշել, թե որ նախարարությանն են առավելապես  վստահում իրենք:

Տեսանյութեր

Լրահոս