Հայաստանի հարատև զարգացման նախապայմանը
«Չկա ավելի մեծ վիշտ, քան դժբախտության օրերին
հիշել երջանիկ ժամանակները» (Դանթե Ալիգիերի)
Արցախյան Երկրորդ պատերազմը սանձազերծվեց ոչ այնքան այն պատճառով, որ թշնամին էր ուժեղ, այլ, որ մենք էինք թույլ` տարբեր բնագավառներում: Այլ կերպ ասած, մեր երկիրը «հիվանդ» է: Եվ, ինչպես արդեն շատերն են հասկացել, այդ «հիվանդությունը» սուր վիճակից արդեն խրոնիկ է դարձել, ինչն էլ ավելի է բարդացնում և երկարատև դարձնում «բուժումը»: Սակայն, ինչպես և ցանկացած այլ հիվանդության, այս դեպքում նույնպես, բուժման համար անհրաժեշտ է երկու նախապայման` ախտորոշման առկայությունը, ինչպես նաև հիվանդի գիտակցումը հիվանդության գոյության և բարդության աստիճանի մասին: Այստեղ փորձ է արվում բացահայտել տարիների ընթացքում (երկրի ներսից և դրսից) կատարված դիտարկման արդյունքում մեր երկրի «հիվանդությունն» այս աստիճանի հասցրած հիմնական պատճառներից մեկը և մատնանշել դրանից ձերբազատվելու ուղին:
Գավառամտությունն աղետ է: Հանդիսանալով պարարտ հող` այն սնուցում է անգրագիտությունը, ինչն էլ, իր հերթին, հանգեցնում է մոլորության, երբ շփոթում են մեծամտությունը հպարտության հետ, հպարտությունն էլ` արժանապատվության: Գավառամտությունը հեշտ է կառավարել: Դրա ածանցյալ հանդիսացող անգրագիտությունը` առավել ևս: Վերջինս վարակիչ է, քաղցկեղի պես «առողջների» հաշվին ինքն իրեն աճում է ու տարածվում: Իրավիճակը պահանջում է միջամտություն` պետության միջամտություն՝ հասարակությունը «բուժելու» համար: Սակայն, պետությունն ինքը, որպես «բժիշկ», նախ պետք է կարողանա ձերբազատվել այդ ախտից` գավառամտությունից, և սկսի ցուցաբերել հարգանք առաջին հերթին հենց իր` պետության հանդեպ:
Գավառամտությունը, որպես երևույթ, միշտ գոյություն կունենա: Կարևորն այն է, որ դա պետք է չեզոքացվի երկրի կառավարման գործընթացից: Մեր երկրի դեպքում այդ ճանապարհին հետևյալ հայեցակարգային մոտեցումը, ըստ իս, դառնում է անհրաժեշտություն.
1) Մենք` հայերս, պետք է ընկալենք, որ չնայած և փոքր, բայց համաշխարհային ազգ ենք` աշխարհի բոլոր մայրցամաքներում ներկայացված:
2) Հայկական պետությունը (Հայաստան-Արցախ) հայերի համար նախ և առաջ պետք է հանդիսանա մշակութային կենտրոնը (այն այդպիսին կա` սակայն, որոշ վերապահումներով):
3) Որպես հաջորդ քայլ՝ Հայաստանը պետք է դառնա հայերի նաև քաղաքական կենտրոնը: Սա նշանակում է, որ հայերի համար կարևոր նշանակություն պետք է ունենա հայաստանակենտրոն ինքնության ձևավորումը և, որպես դրա առաջնային դրսևորումներից` Հայաստանի քաղաքացիության ձեռքբերումն ու պահպանումը:
4) Հայաստանը աստիճանաբար պետք է կայանա նաև՝ որպես հայերի տնտեսական կենտրոնը: Էմոցիոնալ և պատմական-հայրենասիրական շարժառիթներից զատ, Հայաստանը կարող է պահպանել-զարգացնել ինքն իրեն և Սփյուռքը` վերջինիս համար հանդիսանալով տնտեսական (ներդրումային) կենտրոն: Այլապես, առանց տնտեսական ամուր կապի, մեկ-երկու սերունդ անց Սփյուռքը՝ որպես այդպիսին, կվերածվի պարզապես ծագումով հայ զանգվածի:
5) Մշակութային, այնուհետև` քաղաքական և տնտեսական կենտրոն դառնալու համար Հայաստանին անհրաժեշտ է համաշխարհային ազգային մոբիլիզացիա: Խոսքն այստեղ չի գնում ռազմական, այլ` ավելի լայն իմաստով մոբիլիզացիայի մասին: Սա կարևորագույն նախապայման է, և մեզանում այն մերժողը (ուղղակի կամ անուղղակի կերպով) պարզապես մեր լեզվով ոչ ճիշտ (այն է` հակապետական) բաներ է ասում:
6) Ազգային մոբիլիզացիայի հիմքում միայն գաղափարախոսությունը կարող է լինել, իսկ վերջինիս հիմքում` գաղափարը: Գաղափարային հիմքի ձևավորումը պահանջում է ժամանակ և պետության կողմից ջանքեր` Հայաստանում ձևավորելու անհատականության օրինակելի (մոդալ) տեսակը: Սոցիոլոգները նշում են, որ այն, լինելով բնակչության ընդամենը 7-8%-ը (Հայաստանի դեպքում դա կազմում է մոտ 50 հազար ընտանիք)՝ կարող է լծակի դեր կատարել և ընդամենը մոտ մեկ տասնամյակի ընթացքում իր օրինակով ստեղծել ամբողջ հասարակության հարատև զարգացման հիմքը:
7) Վերը նշված տեսակի (և ամբողջ բնակչության) շրջանում պետության կողմից զարգացմանն ուղղված բոլոր ջանքերի կենտրոնում պետք է դրվի ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ:
8) Կրթությունն է այն ոլուրտը, որի միջոցով կձևավորվի անհատականության այդ տեսակը: Կրթությունն է, որ պետք է հանդիսանա Հայաստանի հեռանկարային հարատև զարգացման և երկրի հեղինակության ձևավորման գրավականը:
9) Կրթությունն ուղղված է ամրապնդելու ազգային ինքնությունն ու ապահովելու ազգային-պետական արժեքները և նպաստելու, որպեսզի Հայաստանը ներկայացնող քաղաքացին ընկալի և հասկանա աշխարհում գոյություն ունեցող տարբերությունները` միևնույն ժամանակ պահպանելով իր ազգային-պետական ինքնությունը:
10) Հայաստանին անհրաժեշտ է կրթության համակարգ, որի կենտրոնում առաջին հերթին պետք է դրվի ուսուցչի մասնագիտական որակը: Պետությունը պետք է պատասխանի այն հարցին, թե երկրին ի՞նչ տեսակի ուսուցիչներ են պետք, և կոնկրետ հետևողական համակարգային քայլեր (այդ թվում` ֆինանսական) ձեռնարկի՝ բարձրացնելու ուսուցչի որակը և նրա հեղինակությունը հասարակության շրջանում: Կրթությունն է, որ պետք է բացառի ցանկացած ասպարեզում, այդ թվում` պետական կառավարման ոլորտում դիլետանտական մոտեցումը: Հակառակ դեպքում, մեր պետությունն ու, որպես հետևանք, հայկական քաղաքակրթությունը կդադարեն գոյություն ունենալ` կուլ գնալով այն համատարած գավառամտական ճահճին, որում հայտնվել ենք:
Վահագն Վարդանյան
(ք. Հոնկոնգ)