«Լինելով ապաքաղաքական կառույց, արտաքին քաղաքական գերատեսչությունն ունի մեկ հավերժական նպատակ». Արա Այվազյան

«Այս հայտարարությունը ես եմ գրել, հիմա կարդում եմ ու խնդրում եմ, որպեսզի այն չաղավաղվի։ Առաջինը՝ ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությունը մեր ինքնիշխանության և պետականության հիմնասյուներից մեկն է։ Լինելով ապաքաղաքական կառույց, կրկնում եմ՝ ապաքաղաքական կառույց,  ունի մեկ հավերժական նպատակ՝ ամենօրյա աշխատանքով պաշտպանել Հայաստանի և հայ ժողովրդի շահերը»,- այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի նորանշանակ նախարար Արա Այվազյանը՝ կարդալով իր գրած հայտարարարության տեքստը։

Շարունակելով՝ նախարարն ասաց, որ ցանկացած փորձ՝ հեղինակազրկելու կառույցը և ներքաշելու ներքաղաքական շահարկումների մեջ, հարված է Հայաստանի պետականությանը։

«Հատկապես այս օրերին, երբ ռազմական գործողությունների ավարտից հետո, ողջ ծանրությունն ու պատասխանատվությունը հետզհետե տեղափոխվում է դիվանագիտական դաշտ։ Վստահ ենք, որ այս գիտակցումը կիսում են երկրի ու ժողովրդի ճակատագրով մտահոգ քաղաքացիները։ Մենք բոլորս խոնարհվում ենք մեր ժողովրդի օրգանական, անքակտելի մաս կազմող մեր բանակի առջև, որը հերոսաբար դիմակայեց Ադրբեջան-Թուրքիա-միջազգային ահաբեկչության եռյակի կողմից սանձազերծված ագրեսիային և տապալեց ցեղասպան եռյակի դաշինքի՝ պատմական հայրենիքում հայ ժողովրդին ոչնչացնելու նկրտումները։ Պետք է փաստենք, որ այն իրավիճակը, որն այսօր ունենք, պայմանավորված է  նրանով, որ մենք դիմակայել ենք անհամաչափ ուժերի։ Ինչպես մեր զինվորները, քույրերն ու եղբայրներն Արցախում, հայ դիվանագիտությունը եղել է ու շարունակում է մնալ հայրենիքի պաշտպանության առաջատար դիրքերում։ Հատկապես այսօր, մենք մեր պարտքն ենք համարում անել հնարավորը և անհնարինը, իմաստավորելու մեր ժողովրդի ազնվագույն զավակների զոհողությունները»,- շեշտեց նա։

Ներկայացնելով իր գրած հայտարարության երրորդ կետը, Արա Այվազյանը նշեց, որ այս պահին ունեն հրատապ լուծումներ պահանջող խնդիրներ, որոնց մասին հստակ բարձրաձայնել է։ Հայ դիվանագիտությունը մեծածավալ աշխատանք ունի անելու այդ հրատապ հարցերի լիարժեք և համապարփակ լուծման ուղղությամբ։

«Դիվանագիտությունը սիրում է լռություն, դիվանագիտությունը լուռ կկատարի իր աշխատանքները, իսկ այդ աշխատանքների արդյունքներն ավելի խոսուն կլինեն, քան որևէ մեկնաբանություն։ Ավարտելով, ուզում եմ ասել, որ պատմությունն ունի օրինակներ, երբ դիվանագիտությունը երկիրը դուրս է բերել ամենածանր վիճակից։ Խնդրում եմ հավատալ ու վստահել հայ դիվանագիտությանը»,- ընդգծեց նա։

Տեսանյութեր

Լրահոս