ՌԴ-ն կշարունակի Թուրքիային հասցնել Ղրիմի պատկանելության վերաբերյալ իր դիրքորոշումը. Պեսկով
Ռուսաստանը կշարունակի համբերատար և հետևողականորեն Թուրքիային հասցնել Ղրիմի պատկանելության վերաբերյալ իր դիրքորոշումը, այն մնում է լուրջ տարաձայնության խնդիր երկու երկրների միջեւ: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Ղրիմը լուրջ տարաձայնությունների հարց է, այստեղ մենք տրամագծորեն հակառակ տեսակետներ ունենք: Մենք կշարունակենք մեր թուրք գործընկերներին հասցնել Ղրիմի հարցում մեր հետևողական դիրքորոշումը»,-ընդգծել է Պեսկովը:
Նա նաև հիշեցրել է, որ Ղրիմի թերակղզու պատկանելության հարցի վերանայումը ոչ մի կերպ չի կարող քննարկվել:
Պեսկովի խոսքով ՝ Ռուսաստանի և Թուրքիայի միջեւ հարաբերությունները կարեւոր են երկու երկրների համար, ինչպես նաեւ տարածաշրջանային անվտանգության եւ կայունության տեսանկյունից:
«Այդ հարաբերությունները փոխշահավետ բնույթ են կրում և հիմնված են միմյանց ներքին գործերին չմիջամտելու եւ միմյանց շահերը հարգելու սկզբունքների վրա», – ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը: