«Տղան նոր-նոր է սկսել խոսել, անընդհատ հորն է կանչում». 30-ամյա Սևակը Շուշիում է զոհվել
Արցախում նահատակված 30-ամյա Սևակ Երվանդի Մովսիսյանը Շիրակի մարզի Ցողամարգ գյուղից էր, ունի 2 երեխա: Նրա հորաքրոջ որդին՝ Արտաշես Տոնոյանը, 168.am-ի հետ զրույցում պատմեց, որ եղբայրը ոստիկանությունում էր աշխատում և պատերազմի առաջին օրերից մեկնել էր Արցախ:
«Սևակն ապրում էր ծնողների, կնոջ և 2 որդիների հետ, մեծ տղան 1 տարի 3 ամսական է, փոքրը՝ 6 ամսական: Շատ հանգիստ բնավորություն ուներ, բարի, կամեցող, ընկերասեր, ինքն իր հարցերը լուծող, բոլորիս օգնում էր, մեկիս մի բան պետք լիներ՝ ինքն էր անում»,- ասաց Արտաշեսը:
Նա պատմեց, որ եղբայրն արձակուրդում էր, երբ պատերազմը սկսվեց, առանց վայրկյան կորցնելու՝ միացել էր ծառայակից ընկերներին և մեկնել Արցախ.
«Գյումրու Մուշի բաժնում էր աշխատում, արձակուրդի մեջ էր, որ իրեն կանչեցին, միշտ այս ամիսներին արձակուրդ էր վերցնում, որ տան գործերը հասցներ, հորն օգներ: Զանգից հետո, բնականաբար, բոլոր գործերը թողեց ու գնաց: Մի փոքր շինարարություն էր ձեռնարկել, դա էլ կիսատ մնաց, հիմա քեռիս է ուզում գործը շարունակել, չի կարողանում, գնում է գործիքներին ձեռք տալիս, նորից հետ է գալիս, չի կարողանում ոչ մի բան անել: Գնալուց ասացի՝ Սևակ, արձակուրդի մեջ ես, կարող ես չգնալ, պատասխանեց՝ ի՞նչ չգնալ, այդպիսի բան չի կարող լինել…»:
Արտաշեսը հիշեց, որ վերջին անգամ եղբոր հետ խոսել էր հոկտեմբերի 4-ին ժամը 11:00-ին, դրանից ժամեր անց Սևակը զոհվել է.
«Ասաց՝ ամեն ինչ կարգին է, մի անհանգստացեք: Շուշիում են եղել, հրետակոծություն է եղել ու իրենք զոհվել են…»:
Սևակը շատ պլաններ ուներ, որոշել էր գյուղատնտեսությամբ զբաղվել, արդեն իսկ առաջին քայլերն արել էր այդ բնագավառում:
«Նպատակ ուներ՝ գյուղատնտեսությունը զարգացներ, տեխնիկա էր առել, քիչ-քիչ ավելացնում էր, իր ձեռքից ամեն գործ գալիս էր: Ասում էր՝ ամեն ինչ պետք է անեմ, որ երեխեքս մեծանան, ոչ մի խնդիր չունենան, ոնց որ ինքն էր մեծացել, ուզում էր իր երեխաներն էլ լավ ապրեին»,- պատմեց Սևակի հորաքրոջ որդին:
Նա նաև ասաց, որ Սևակի մեծ տղան, որը 1 տարի 3 ամսական է, նոր-նոր է սկսել խոսել և անընդհատ հորն է կանչում.
«Ասում ենք՝ ասա՝ Սևակ, դժվարանում է ասել, ասում է՝ պապա, նկարին նայում է՝ ձեռքով կանչում: Փոքր տղան էլ լրիվ ինքն է՝ փոքրացրած Սևակը…»:
Արտաշեսը նաև տեղեկացրեց, որ իրենց գյուղից ևս մեկ զոհ ունեն՝ էլի Սևակ անունով, և որոշել են դպրոցի ռազմագիտության դասարանն անվանակոչել հերոսների անուններով:
Սևակ Մովսիսյանի հուղարկավորությունը տեղի է ունեցել հոկտեմբերի 8-ին՝ Շիրակի մարզի Ցողամարգ գյուղում: