«2018 թվականի հեղափոխությունից հետո բուհն ակամայից միշտ եղել է քաղաքական գործընթացների կիզակետում». Վահե Հովհաննիսյան
«Եթե օրենքը դրվեց գործողության մեջ, ես շեշտում եմ՝ «եթե», որովհետև օրենքը հակասահմանադրական է, այն չի կարող գործել, ապա ստեղծված իրավիճակում ԿԳՄՍ նախարարը նշանակելու է ԵՊՀ ռեկտորի: Ընդ որում, այս առումով օրենքը բազմաթիվ խնդրահարույց կետեր ունի, և կարելի է ասել՝ իրավաբանորեն շատ անգրագետ գրված օրենք է»,- ԵՊՀ-ում հրավիրված ասուլիսում անդրադառնալով այսօր գործադիրի կողմից հավանության արժանացած «Բարձրագույն կրթության և գիտության մասին» և հարակից օրենքներում փոփոխությունների նախագծերի փաթեթին՝ նշեց Երևանի պետական համալսարանի ռեկտորի թեկնածու, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի քաղաքացիական դատավարության ամբիոնի վարիչ Վահե Հովհաննիսյանը:
Վահե Հովհաննիսյանը բարձրաձայնեց այդ խնդիրներից մի քանիսը՝ օրինակ, թե ինչ է լինելու արդեն ընտրված ռեկտորների հետ, կամ՝ ինչպե՞ս են շրջանցում սահմանադրական նորմը, որով բացառիկ հնարավորություն է ընձեռվում, որ բուհն ինքնակառավարվի. «Այսինքն, ըստ այս նորմի, բուհի ռեկտորին ընտրելու իրավասությունը բացառապես հոգաբարձուների խորհրդինն է: Հիմնադրամների մասին օրենքով, քաղաքացիական օրենսգրքով, տվյալ պարագայում, արդեն ռեկտորը պետք է ընտրվի կամ նշանակվի տվյալ իրավաբանական անձի մարմնի կողմից, ու շատ վտանգավոր դրույթ է նաև այն, որ ժամանակավոր կառավարիչը (չնայած նա ավելի շատ սուպեր կառավարիչ է՝ գերլիազորություններով օժտված) չի կարող հաշվետվությունը չհաստատվելու հիմքով հեռացվել: Ստացվում է, որ մենք կարող ենք ունենալ անարխիկ վիճակ»:
Հարցին՝ արդյո՞ք այս նախագծի և ԵՊՀ գիտխորհրդի՝ վարչապետի հրաժարականը պահանջող հայտարարության միջև պետք է աղերսներ փնտրել, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի քաղաքացիական դատավարության ամբիոնի վարիչը պատասխանեց. «Ես այն թեզի և սկզբունքի կողմնակիցն եմ, որ բուհը երբեք չպետք է մասնակցի քաղաքական գործընթացների, բայց, ցավոք սրտի, 2018 թվականի հեղափոխությունից հետո բուհն ակամայից միշտ եղել է քաղաքական գործընթացների կիզակետում:
Գիտխորհրդի հայտարարության և այս օրենսդրական նախաձեռնության մեջ տրամաբանական կապ կարելի է տեսնել, սակայն ես չեմ ուզում դավադրությունների տեսությամբ առաջնորդվել: Ես կառաջնորդվեմ այն սկզբունքով, որ նախագիծը շրջանառության մեջ է դրված եղել վաղուց, բացասական կարծիքները եղել են միշտ, ուղղակի ինչ-որ պահի կառավարությունը որոշեց արագացված տեմպերով, անհետաձգելի այն իրականացնել: Սույն օրենքի նախագիծը շրջանառության մեջ դնելով՝ խախտվեց հեղափոխության այն կարևոր պատվիրանը, որը բարձրաձայնվում էր հեղափոխականների կողմից, այն է՝ բուհերը պետք է լինեն անկախ, և քաղաքական իշխանությունը չպետք է միջամտի բուհերի ներքին գործերին: Ցավալի է, բայց արդեն մենք ունենք փաստ»:
«Իշխանությունն այս փոփոխությամբ ի՞նչ խնդիր է լուծում» հարցին ի պատասխան էլ՝ նա նկատեց. «Այս փոփոխությունն ունի մեկ նպատակ, իմ կարծիքով, այն է՝ բուհերը ամբողջական վերահսկողության տակ վերցնելը: Եթե քաղաքական իշխանությունը բուհը վերցնում է վերահսկողության տակ, ստացվում է, որ այն բոլոր գործառույթները, որոնք պետք է իրականացնի բուհը, ինքնին ընկնում են քաղաքական ազդեցության ոլորտ, ինչ ուղղակիորեն հակասում է Մագնա Կարտայի սկզբունքներին, որ բուհը պետք է քաղաքական և տնտեսական իշխանությունից անջատ լինի: Ստացվում է, որ բուհական կազմակերպման ողջ հիմնադրույթներն ուղղակի խախտվում են»:
168.am-ի հարցին՝ արդյո՞ք ձեր բողոքի ձայնը լսելի կլինի, և այն գործողությունները, որոնք նախատեսում եք օրենքի շրջանակներում իրականացնել, հաջողություն կունենան՝ հաշվի առնելով այն, որ դեռ տարեսկզբին մասնագիտական տարբեր շրջանակների կողմից բազմաթիվ բացասական գնահատականների արժանացած նախագիծը, այդուհանդերձ, հայտնվեց Կառավարության նիստի օրակարգում, ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի անդամ, Քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոնի դոցենտ, պատմական գիտությունների թեկնածու Մենուա Սողոմոնյանը պատասխանեց. «Ես լիահույս եմ, որ պետք է լսելի լինի: Համենայն դեպս, լինի թե չլինի, ես համալսարանի տերն եմ՝ որպես հոգաբարձու. հոգաբարձու՝ նշանակում է՝ տեր: Ես համալսարանի հոգաբարձու եմ, այսինքն՝ համալսարանն իմ հոգեզավակն է, և ես պարտավոր եմ դա անել»:
Վահե Հովհաննիսյանն էլ հավելեց. «Երբ որ մենք շեշտեցինք «օրենքով նախատեսված կարգով»՝ ի նկատի ունենք արդյունավետ միջոցները, իսկ տվյալ պարագայում՝ ՍԴ դիմելու միջոցով, համապատասխան մեխանիզմներ կիրառելու միջոցով: Ես վստահ եմ, որ մենք ցանկալի արդյունք կունենանք, որովհետև տարրական իրավաբանական գիտելիքներ ունեցող անձի համար էլ պարզ է, որ այս օրենքի նախագիծը հակասահմանադրական է»:
Մեր ճշգրտող հարցին՝ իսկ եթե արդյունք չունենաք՝ ի՞նչ կանեք, նա պատասխանեց. «Այն ժամանակ կխոսենք»: