«Խիղճ չունի, խաբում է, խարիզմատիկ է, փառասեր, ընդունակ է ռիսկի, բայց հոգով վախկոտ է». հոգեբանը՝ Փաշինյանի մասին

Հոգեբան Կարինե Նալչաջյանի կարծիքով՝ եթե սովորական մարդիկ, ովքեր մտավորականության ներկայացուցիչներ չէին, կարող էին խաբվել 2018թ., ապա մտավորականներն իրավունք չունեին:

«Բայց եթե այսօր իրենք համարում են, որ սխալվել են, ես դա ավելի լավ եմ գնահատում, քան թե այն մարդկանց դիրքորոշումները, որոնք համառորեն կառչել են իրենց նախնական պատկերացումներից և ոչ մի քայլ ետ չեն ուզում գնալ: Այնպես որ, ցավալի է, որ իրենք օժանդակեցին, ընդ որում՝ վատ չօժանդակեցին՝ հեղափոխական պրոցեսներին էին մասնակցում, ելույթներ էին ունենում, պաշտպանում էին… ինչ ասեմ, ողջունենք, որ գոնե այս պահին ճշմարտության մասին են խոսում»,- 168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:

Մտավորականության այդ շերտի մոտ հոգեբանը կոնֆորմիզմ է տեսնում. «Փոխվում է իրավիճակը, և այստեղ արդեն կոնֆորմիստական մոտեցում է՝ սրանք ոնց որ հեռանում են, հարմարվենք նոր իրավիճակին: Ցավոք, կոնֆորմիզմը մարդկանց մեծամասնությանն է բնորոշ, բայց իսկական մտավորականին հարիր չէ կոնֆորմիստ լինելը, իսկական մտավորականը, հայրենասեր մտավորականը պետք է պայքարի, չվախենա հալածանքներից: Չէ՞ որ կային այդպիսի մարդիկ, որոնք սկզբից մինչև վերջ պայքարեցին»:

Կարինե Նալչաջյանը Նիկոլ Փաշինյանի կողմից կապիտուլյացիոն փաստաթղթի ստորագրումը համարում է մեծագույն դավաճանություն. «Նույնիսկ բառեր չես գտնում բնութագրելու, թե ինչի դիմեցին մարդիկ, ինչ արեցին երկրի հետ, մարդկանց հետ. արյունը դարձավ անարժեք մի բան: Մենք միշտ ասում էինք, որ Ադրբեջանի համար իր զինվորներն արժեք չունեն, բայց մեզ համար ամեն զինվորականն ազգային արժեք է. մենք բախվեցինք մի իրականության հետ, երբ մեր զինվորականը, մեր զինվորը կարծես արժեք չէր այս երկիրը կառավարողների համար: Մենք մեր կերպարը կորցրինք: Հայ մարդու բարոյական կերպարն աղավաղված է, իհարկե, խոսքը բոլորին չի վերաբերում, համենայնդեպս, որոշում կայացնողներն այդպիսին էին: Եթե ղեկավարն ու իր թիմն այդպես կառչած են, ապա իրենք դեռ ավարտին չեն հասցրել այն ծրագիրը, ինչի համար հիբրիդային պատերազմի առաջին փուլում իրենց հաջողվեց զավթել երկրում իշխանությունը: Այնպես որ, ինչքան երկար նրանք մնան իշխանության, այնքան ավելի աղետաբեր փաստերի կառնչվենք: Մենք դեռ լրիվ չենք պատկերացնում, թե ինչ է կատարվել մեզ հետ՝ այսքան զոհեր, հայրենիքի կորուստ, վտանգի զգացողությունը բոլորիս մեջ պետք է լինի հիմա: Թուրքը գալիս է, և թուրքին չի կարելի թույլ տալ այդքան լկտիանալ: Թուրքը պետք է միշտ խեղճացած լինի, երբ թուրքին թույլ ես տալիս այդպես լկտիանալ, նրա լկտիությունը սահմաններ չունի, և մենք հիմա տեսնում ենք, թե նրանք ինչ են անում»:

Նա ընդգծեց, որ այսպիսի մեծամասշտաբ դավաճանություն Հայաստանում չի եղել. «Նույնիսկ Մեծ եղեռնը ես չեմ համեմատի սրա հետ այն իմաստով, որ այն ժամանակ մենք պետություն չունեինք: Հիմա մենք ունենք 2 պետություն և հեշտ ու հանգիստ մեկից հրաժարվում ենք, մյուսն էլ բզկտվում է մեր աչքի առաջ: Մեր ամենամեծ դժբախտություններից մեկն այն է, որ պետական մտածողություն մեզ մոտ այդպես էլ չձևավորվեց»:

Հոգեբանին խնդրեցինք բնութագրել Նիկոլ Փաշինյանի կերպարը: «Եթե նա այս ողբերգությունը բերած չլիներ մեր ժողովրդի գլխին, ես նրան կբնութագրեի՝ որպես դրամատիկ և ողբերգական կերպար, որովհետև իսկապես, ինչքան մեզ հայտնի է՝ մանկությունը եղել է ծանր, երևի՝ դաժան փորձություններով լինի, և ձևավորվել է անձի շեշտվածություն: Հաճախ ասում  են՝ նա հոգեկան հիվանդ է, բայց ես այն կարծիքին եմ, որ նա ադեկվատ մարդ է, այնպես չէ, որ հիվանդության մեջ գտնվող մարդ է, ուղղակի իր մոտ կան անձնային որոշակի շեշտվածություններ, որոնք արտահայտվում են հակասոցիալական դիրքորոշումներով: Մարդը չունի խիղճ, այդպես լինում է, երբ խիղճը մարդու մոտ չի ձևավորվում: Գուցե մանկության տարիներին շատ անխիղճ մթնոլորտում է ինքն ապրել, ավելի ընդհանրացված ասեմ՝ այս կարգի մարդիկ: Չկա խղճի խայթը: Դա կարող է նույնիսկ սադիզմի հասնել ինչ-որ մարդկանց մոտ: Քիչ են, բայց կան այդպիսի մարդիկ: Խաբելուց հետո բացարձակապես ամոթի զգացում չեն ունենում: Եվ շատ հեշտ է այսպիսի մարդկանց ծուղակն ընկնելը: Հոգեբանության մեջ ընդունված է, որ այսպիսի շեշտվածություններ ունեցող մարդկանց կողքին ապրելը մեծագույն փորձություն է: Իրենք չեն տառապում, բայց մեծագույն տառապանքներ են հասցնում կողքի մարդկանց, մեծ մասամբ ունենում են որոշակի խարիզմա: Մենք լավ գիտենք, որ Նիկոլ Փաշինյանը հռետորական շատ լավ ունակություններ ունի և նույնիսկ մարդկանց կարողանում է գրավել իր կողմը: Այս կարգի մարդկանց դա բնորոշ է, և սա ծուղակ է, որովհետև երբ ընկնում ես այդ ծուղակը, դրանից դուրս գալը դժվար է: Նաև փառասեր են լինում, ձգտում են իշխանության, ձգտում են, որ մարդիկ իրենցից ավելի ցածր դիրքերում լինեն, ընդունակ են ռիսկի, բայց հոգով վախկոտ են»,- պարզաբանեց հոգեբանը:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս