Բաժիններ՝

«Ասենք, իմ տան պատշգամբ ինչպե՞ս դուրս գամ, եթե դիպուկահարը մի քանի 100 մետրից խփում է. ռուս խաղաղապահն այդ ժամանակ ինձ պաշտպանելո՞ւ է». բերձորցի

Համաձայն նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության՝ Լաչինի շրջանի 5 տասնյակից ավելի համայնքներ (Քաշաթաղի) դեկտեմբերի 1-ից անցել են Ադրբեջանի վերահսկողության տակ:

Այս պահին Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհն անցնում է Լաչինով՝ Բերձորով:

Բերձորցիների փոխանցմամբ՝ այս պահին փակ են դպրոցները, մանկապարտեզը, արվեստի դպրոցը, ուժային կառույցները, աշխատում են մի քանի կոմունալ-բնակարանային տնտեսության և ծառայությունների ոլորտի աշխատողներ, այն էլ, երևի, ապահովում են ռուսական զորքին։ Տները դատարկ են, չկա գույք, մի մասը քանդած է, մի մասը՝ թալանած, որոշներն էլ՝ վառած։ Սահմանն էլ տների մոտ է արդեն։

«Անորոշությունից տառապելով՝ չգիտենք՝ մնանք ու ապրենք ստրուկի պե՞ս, թե՞ լքենք ու դառնանք ոչ մի կարգավիճակ չունեցող թափառական՝ զրկվելով պետական որևէ աջակցությունից, ու գիտե՞ք ինչու՝, որովհետև մեզ պատասխանում են, թե՝ Բերձորը մերն է, գնացեք ապրեք ձեր տներում։ Հարց է առաջանում՝ ո՞ր Բերձորում. Ա՞յն, որ իրոք հրաշք քաղաք էր, գեղատեսիլ բնությամբ, թե՞ այն Բերձորում, որն ընդամենը հիմա միջանցք է։ Ապրենք ո՞ր տներում. այն, որն արդեն թալանե՞լ են, թե՞ այն, որ բնակիչներն իրենց իսկ ձեռքերով քանդել են, որովհետև հրամայված էր մինչև նոյեմբերի 30-ը լքել քաղաքը։ Ու ոչ ոք չի հասկանա այն մարդու հոգեբանությունը, որն իր տարիների ձեռք բերածը րոպեների ընթացքում քանդում է զուտ այն պատճառով, որ չմնա թշնամուն, ու անակնկալ՝ Բերձորը հայկական է, մնացեք ու ապրեք ձեր տներում: Իսկ ո՞վ պետք է պատասխան տա մեր թալանված տների համար, ու այն դեպքում, երբ մեզ հորդորում էին չդատարկել տները: Ո՞վ պետք է երաշխավորի մեր անվտանգությունը, թե՞ դրա մասին էլ մենք պիտի հոգանք, կամ հույսներս դնենք Աստծո վրա։ Անվերջ մի հարց է ինձ տանջում, որն այդպես էլ անպատասխան է մնում. իսկ ե՞րբ եմ ես ապրելու իմ բաժին կյանքը, երբ մի ամբողջ ապրած կյանք հավասարվեց զրոյի»,- 168.am-ի հետ զրույցում ասաց բերձորցի Սաթենիկը:

Համաքաղաքացի Նելլի Թադևոսյանը ևս անորոշ վիճակում էր: Նրա խոսքով՝ բերձորցիներն ուզում են հասկանալ, թե ի՞նչ է կատարվում, որովհետև պաշտոնական ոչ մի բան իրենց չեն ասում:

«Ես Բերձորից դուրս եմ եկել  հոկտեմբերի 20-ից, որովհետև որդիս վիրավորվել էր: Այս պահին բնակվում եմ Երևանում՝ ժամանակավոր կացարանում, ահավոր անորոշ վիճակում ենք: Բոլորս ենք ուզում գնալ մեր տուն, ոչ մեկի համար հաճելի չէ տունը թողնել, բայց սխալ են ներկայացնում, ասում են, թե Բերձորը մեզ է մնացել, բայց տեսանյութեր ենք տեսնում,  երբ Հարկայինի շենքին ադրբեջանական դրոշ է: Չգիտեմ՝ դա դրել, հետո հանե՞լ են, թե ոնց է եղել: Ցավալին այն է, որ այս պահին ոչ մի կարգավիճակ չունենք: Ներկայացվում է, որ 51 համայնքն է անցել  Ադրբեջանին, 3-ը՝ ոչ, բայց փաստացի այդպես չէ: Հիմա, եթե գնանք այնտեղ ապրելու, դա բոլոր առումներով վտանգավոր է:

Ամեն օր տարբեր բաներ են ասում. մեկ օր ասում են՝ եկեք աշխատանքի, հետո բնակչությանը տարհանում են: Եթե անվտանգ է, եթե ռուս խաղաղապահը պետք է պաշտպանի, ապա ինչո՞ւ են տարհանում: Ռուս խաղաղապահը որտե՞ղ էր, երբ շենքին ադրբեջանական դրոշ են դնում: Հետո, եթե նույնիսկ թշնամին Բերձոր էլ չգա՝ այնքան մոտիկ է, որ ասելու չէ: Ի՞նչ է նշանակում՝ թուրքերի հարևանությամբ կարող եք գալ, ապրել: Ու սա շատ հանգիստ ձևով էլ ասում են: Մենք կարող ենք երեխա տանել, թուրքի հետ ապրե՞լ, ո՞նց են սա պատկերացնում:

Ասենք՝ իմ տան պատշգամբ ինչպե՞ս դուրս գամ, եթե դիպուկահարը մի քանի 100 մետրից խփում է: Ռուս խաղաղապահն այդ ժամանակ ինձ պաշտպանելո՞ւ է: Եթե հետ գնաս, ապա աշխատանք պետք է լինի, չէ՞, որ կարողանաս գոյատևել: Ինքս վարչակազմի աշխատող եմ, եթե շրջանը չկա, վարչակազմ էլ չի լինելու»,- նշեց տիկին Նելլին՝ շեշտելով, որ երազում է վայրկյան առաջ վերադառնալ իր տուն, բայց այս պահին դա պարզապես անհնար է:

«Աշխատանքով, անվտանգությամբ թող ապահովեն՝ մեկը ես՝ գնամ, ապրեմ: Մեր Քաշաթաղի շրջանն Արցախի ամենամեծ շրջանն է. տնտեսությամբ առաջինն են եղել, կրթական  համակարգն ամենաբարձր մակարդակի վրա է:  Այնքան շնորհալի երեխաներ ունենք: Ամեն միջոցառմանը միշտ մեր շրջանը, մեր Բերձորն առաջին տեղն է զբաղեցրել»,- ասաց մեր զրուցակիցը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս