«Չի կարելի սահմանափակվել միայն ՄԻԵԴ-ով». Արա Ղազարյան

Միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը պատերազմի ժամանակ Հայաստանի՝ մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ) ներկայացրած գանգատների, դրանց ընթացքի և բարձրաձայնված խնդիրներին նվիրված ասուլիսի ժամանակ նշեց, որ իրերի վիճակը, ի տարբերություն 2016 թվականի, տարբեր է, և այս անգամ կառավարությանը հաջողվեց 2 դատական վարույթ հարուցել:

«Այսինքն՝ անհատական գանգատները ոչ թե առանձին, մասնավոր խմբերի կողմից են ներկայացվում, այլ կառավարությունն ամենատարբեր պրոֆիլներով՝ և ռազմագերիների, և քաղաքացիական բնակչության ռմբակոծություն, և պատերազմական հանցագործություններ, որպես հովանոցային վարույթ, ներկայացնում է»,- ասաց փաստաբանը:

Ըստ նրա՝ միջպետական գանգատի զարկն ապագայում ավելի մեծ է լինելու, քան անհատական գանգատների ամբողջությունը:

«Մենք չգիտենք՝ կառավարությունը պատրաստվո՞ւմ է գանգատ ներկայացնել, թե՞ ոչ, բայց չի կարելի սահմանափակվել միայն ՄԻԵԴ-ով: Ես կարծում եմ՝ Հայաստանը փորձում է բացել նաև 2-րդ ֆրոնտը: Վստահ չեմ կարող ասել, բայց կան այդպիսի նախադրյալներ»,- ասաց Արա Ղազարյանը:

Ինչ վերաբերում է անհատական խմբերի գործունեությանը, Արա Ղազարյանի խոսքով՝ նրանք նախ և առաջ զբաղված են փաստահավաք առաքելությամբ՝ օգտագործելով իրենց բազմաթիվ կապերը, շփումները՝ հավաքել, ամրագրել փաստեր և դրանք ներկայացնել ոչ միայն՝ դատարաններին, այլ՝ մարդու իրավունքների հարցերով զբաղվող բազմաթիվ կազմակերպություններին, մոնիտորինգային հանձնաժողովներին, որպեսզի ստեղծվի համաեվրոպական ընդհանուր կարծիք, որ Ադրբեջանը վարել է անարդարացի, անօրինական պատերազմ:

«Այս փաստարկն ապագայում մեզ շատ է պետք գալու, որպեսզի մենք առաջ տանենք մեր վեճերը տարբեր դատարաններում, ընդհուպ՝ Հադրութի, Ղարաբաղի տարածքի դեօկուպացիայի հարցը, որը, կարծում եմ, սկսած մոտ ապագայից, կներկայացվի: Խոսքը չի վերաբերում մյուս 7 տարածքներին, այլ կոնկրետ այն տարածքներին, որոնք Ղարաբաղը հայտարարել է՝ որպես  հանրային իրավունքի ուժով անկախ տարածք 1991թ. անկախության հանրաքվեով, որի օրինականությունը դեռ ոչ մի միջազգային իրավունքի սուբյեկտ կասկածի տակ չի դրել»,- ասաց Արա Ղազարյանը:

Վերջինս նշում է, որ մասնավոր և հասարակական տարբեր խմբերը, եթե հաջողությամբ կարողանան ստեղծել փաստերի և ապացույցների առատություն, այդ թվում՝ նկատի ունենալով նաև ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի հսկայական աշխատանքը, որ արել է, մենք կկարողանանք հաջողությամբ միջազգային ատյաններում հարուցել վարույթներ, և մոնիտորինգային խմբերին ներկայացնեն այդ պատերազմի անարդարացի բնույթը:

«Եվ դա էլ իր հերթին՝ կօգնի, որպեսզի Հայաստանի քրեական հետապնդման մարմինները անհատական քրեական հետապնդումներ սկսեն իրականացնել Հայաստանի սահմաններից դուրս, այսինքն՝ օգտագործելով միջազգային մեխանիզմները՝ Հայաստանում արդեն քրեադատավարական կարգով ամրագրված արդյունքներն այնպես անեն, որ հետևանք առաջացնի, և կոնկրետ անձանց նկատմամբ հետապնդումներ իրականացվեն»,- նշեց միջազգային իրավունքի մասնագետը:

Որպես օրինակ՝ նա նշեց, որ այն անձը, որը հաճախ տեսանյութերում երևում է ռազմագերիների նկատմամբ գործողություններ կատարելիս, վստահաբար, թե՛ Ադրբեջանի ներպետական օրենսդրությամբ, և թե՛ միջազգային օրենքներով, հանցանք է կատարում, և նրա նկատմամբ պետք է քրեական վարույթ նախաձեռնել:

«Որովհետև ադրբեջանցիները, չունենալով որևէ հիմք, դա անում են, իսկ մենք, հիմքեր ունենալով, պարտավոր ենք դա անել: Ուստի ես կարծում եմ, որ մեզ առաջիկայում դեռ զարգացումներ են սպասվում»,- եզրափակեց Արա Ղազարյանը:

Տեսանյութեր

Լրահոս