«Շատ ենք ցանկանում վերադառնալ, հատկապես Շուշի». Շուշիի բնակիչ
Մոտ մեկ տասնյակ շուշեցիներ այսօր հանդիպեցին Հայաստանում Արցախի ներկայացուցչության ղեկավարի հետ՝ քննարկելու իրենց կացարանների հարցը:
Շուշիի բնակիչներից մի կին 168.am-ի հետ զրույցում ասաց, որ եկել են հանդիպելու Արցախի ներկայացուցչության ղեկավարի հետ, որպեսզի հասկանան, թե իրենց ինչ է սպասվում.
«Չենք կարողանում կողմնորոշվել, ո՞նց անենք, որ նորից սխալի առաջ չկանգնենք, նորից չմնանաք դրսում: Հոկտեմբերի 28-ին ենք Շուշիից դուրս եկել, այնտեղ թողել ենք ամեն ինչ՝ բնակարաններ, ունեցվածք, աշխատանք, ամեն ինչ, միայն փաստաթղթերն են մեզ հետ…»:
Տիկնոջ խոսքով՝ Շուշիի իրենց հարևանների հետ կապը պահպանում են, նրանցից ոմանք տեղափոխվել են Ստեփանակերտ.
«Բնակարաններ են վարձել, մենք էլ ենք հետաքրքրված և բնակարան վարձելու դեպքում պետք է վերադառնանք Արցախ: Ուրիշ տարբերակ չունենք, ի՞նչ պետք է անենք: Իրավիճակի հետ կապված, խաղաղապահներն այս պահին այնտեղ են, մի քիչ հույս կա, բայց երեխաների համար վախենում եմ: Մենք ամուսնուս հետ կարող ենք յուրաքանչյուր օր և ժամ հետ գնալ, բայց երեխաների համար մտահոգված եմ»:
Մեր զրուցակիցը նշեց, որ այստեղ անծանոթների տանն են հյուրընկալվել, հասցրել են մտերմանալ, բայց կարոտում են իրենց տունը, պետք է վերադառնան:
«Անծանոթ մարդիկ են, շատ հոգատար, իրենց հետ ապրում ենք առանց վարձի, մի ընտանիքի պես: Ապրեն, շատ շնորհակալ ենք, գոհ ենք, բայց բոլոր դեպքերում կցանկանայինք մեր տուն վերադառնալ, մանավանդ՝ Շուշի, շատ ենք ցանկանում: Մենք ապրել ենք եկեղեցու դիմաց, իմ երեխաների, թոռնիկների ուշքն ու միտքը եկեղեցին է, մեր տունն է: Շատ կցանկանայինք, որ Շուշիում ապրեինք»,- ասաց շուշեցի կինը: