«Եթե մեր ապրանքները կարողանանք վաճառել Ադրբեջանում, դրա մեջ դուք որևէ վատ բան տեսնո՞ւմ եք». Հայկ Գևորգյանը՝ լրագրողներին
«Ինչ-որ բաների վրա աղմուկներ ստեղծելը՝ ոչ մի տեղ չտանող բան է»,- այսօր խորհրդարանում այսպես արձագանքեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանն այն հարցին, թե ինչպե՞ս է պատկերացնում, որ ադրբեջանական շուկան կարող է բացվել՝ Հայաստանի, և հայկական շուկան՝ Ադրբեջանի համար, ինչպես ասել էր ՀՀ էկոնոմիկայի նորանշանակ նախարար Վահան Քերոբյանը։
«Եթե մենք մեր ապրանքները կարողանանք վաճառել Ադրբեջանում, դրա մեջ դուք որևէ վատ բան տեսնո՞ւմ եք, որևէ վատ բան տեսնո՞ւմ եք, բա էլ ինչի՞ մասին է խոսքը։ Ես չգիտեմ, դուք ո՞ւր եք տանում, այդ մտածելակերպով ո՞ւր եք գնում»,- եզրափակեց նա և արագ հեռանալով՝ չպատասխանեց մյուս հարցերին։
Հիշեցնենք, որ Էկոնոմիկայի նորանշանակ նախարար Վահան Քերոբյանը նոյեմբերի 28-ին «Առաջին ալիք»-ին տված հարցազրույցում ասել էր, որ երկարաժամկետ ծրագրերում սահմանները բացելու հնարավորություններ է տեսնում:
Հարցին, թե խոսում են, որ նախատեսվում է բացել սահմանները, Հայաստանն արդյո՞ք ունի ռազմավարություն, նախարարը պատասխանել էր.
«Իհարկե, տնտեսության համար բաց սահմանները շատ լավ են, քանի որ մրցակցության արդյունքում ավելի լավ ապրանքներ են ստեղծվում, այսինքն՝ մեր տնտեսությունը կարող ենք դարձնել աշխարհի մակարդակին հավասար։ Այսինքն, եթե մեզ մոտ էժան և որակյալ ապրանքներ են ներմուծվում, ապա մեր տեղական արտադրողը ստիպված է ավելի լավը դառնալ։ Բայց հունվարի 1-ից արգելվելու է թուրքական ապրանքների ներմուծումը Հայաստանի Հանրապետություն, այդ որոշումն ընդունվել է պատերազմի ժամանակ, նախորդ նախարարի օրոք, և արդյունքում՝ ազատվելու է 200 մլն դոլարանոց շուկա Հայաստանում։ Ես կոչ եմ անում վերցնել այդ ցուցակը և այնպես անել, որ հունվարի 1-ից մեր խանութներում թուրքականի փոխարեն՝ հայտնվեն հայկական ապրանքները»,- ասել էր Վահան Քերոբյանը։
Նախարարը նաև ընդգծել էր. «Սահմանների բացումը լայն հնարավորություն է ընձեռելու՝ մեր արտահանողները կարող են իրենց արտադրանքը արտահանել Ռուսաստան և այլ երկրներ ավելի հարմար ճանապարհներով, քան մինչև հիմա են անում։ Բացվելու են թուրքական նավահանգիստները և ընձեռվելու են բազմաթիվ լայն հնարավորություններ։ Միգուցե նաև բացվի Ադրբեջանի շուկան մեզ համար, և մեր շուկան՝ Ադրբեջանի համար, և պետք են գալու մարդիկ, որ կարողանան օգտվել դրանից»։