Այս տարածաշրջանում Թուրքիայի ազդեցությունը զսպող գործոնը հիմնականում Ռուսաստանն է. Արմեն Պետրոսյան
Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) արտգործնախարար Անվար Գարգաշն օրերս հայտնել էր, որ Արևելյան Միջերկրական ծովի հարցում Եգիպտոսի, Ֆրանսիայի և Հունաստանի հետ համագործակցելով՝ հակաթուրքական «ճակատ» են կազմել։ Նա նշել էր, որ նման դիրքորոշում ընդունելու պատճառն այն է, որ Թուրքիան միջամտում է արաբական աշխարհի ներքին գործերին: «Մենք Արաբական երկրներով որպեսզի կարողանանք հաղթահարել արմատական երկրների տարածաշրջանային ազդեցությունը, ինչպիսիք են Թուրքիան և Իրանը, դիրքավորվել ենք այն ոլորտներում, որտեղ չունենք աշխարհառազմավարական և ավանդական որևէ կապ և շահ»,- ասել է ԱՄԷ ԱԳ նախարարը։
Իսկ երեկ արդեն հայտնի դարձավ, որ առաջին անգամ «MEDUSA» զորավարժություններին կմասնակցեն նաև Ֆրանսիան և Արաբական Միացյալ Էմիրությունները (ԱՄԷ): Զորավարժությունների մեկնարկը կլինի 2020-ի նոյեմբերի 30-ից, և կտևեն մինչև դեկտեմբերի 6-ը։ Տեղեկացնենք՝ զորավարժություններն անցկացվում են 2017-ից և պաշտպանության և անվտանգության ոլորտում Կիպրոսի, Հունաստանի և Եգիպտոսի միջև եռակողմ համագործակցության մաս են կազմում:
Նշվում է, որ Թուրքիան իրեն մեկուսացված է զգում Արևելյան Միջերկրական ծովում զորավարժանքների պատճառով: Թուրքիայի ՊՆ-ն հայտարարել է. «Զորավարժությունը ևս մեկ անգամ ցույց է տալիս, թե ով է ցանկանում լարվածության աճ, խուսափում երկխոսությունից և չի ցանկանում խաղաղություն»։
168.am-ի խնդրանքով անդրադառնալով այս զարգացումներին՝ տարածաշրջանային հարցերով փորձագետ, արևելագետ Արմեն Պետրոսյանը նշեց, որ այս համագործակցությունը և դեկտեմբերի 10-11-ին ակնկալվող ԵՄ խորհրդի հերթական նիստը, որը ևս միտված է լինելու Թուրքիայի գործողություններին հստակ, անգամ բավականաչափ կոշտ գնահատականներ տալուն, վկայում է այն մասին, որ Թուքիայի գործող վարչակարգն իր գործողություններով արդեն իսկ հասել է որոշակի կարմիր գծերի. «Եվ մի կողմից՝ եվրոպական երկրները, մյուս կողմից՝ Արաբական երկրները բոլոր հնարավոր ձևաչափերում փորձում են առնվազն սուր նախազգուշացումներ դրսևորել Թուրքիայի նկատմամբ, և, պետք է ասել, որ այս քայլերն արդեն իսկ որոշակի արձագանք ունենում են, որովհետև, եթե չեմ սխալվում, Թուրքիան հետ է կանչել Արևելյան Միջերկրածովում հետախուզություն իրականացնող նավը:
Այսինքն՝ որքան էլ Թուրքիան շարունակում է իր հավակնոտ գործողությունները, քայլերը Արևելյան Միջերկրականում, այդուհանդերձ, երբ հանդիպում է կտրուկ հակազդեցության, հակաքայլերի, գնում է որոշակի առժամանակյա զիջման: Բայց այդ զիջումը, վստահ եմ, որ վերջնական չէ, և անհրաժեշտության դեպքում Թուրքիայի գործող իշխանությունները կշարունակեն ուղեգիծը: Պարզապես գիտենք՝ այսօր Թուրքիան լուրջ տնտեսական խնդիրների է բախվում, ու այդ իսկ պատճառով՝ հավելյալ տնտեսական խնդիրները կարող են բավականաչափ ծանր հետևանքներ ունենալ երկրում իշխող վարչակարգի համար»:
Թե ինչ ազդեցություն կունենան այս զարգացումները կոնկրետ մեր տարածաշրջանի վրա, հատակապես Արցախյան հետպատերազմյան իրողությունների վրա՝ հարցին ի պատասխան՝ Արմեն Պետրոսյանը նշեց.
«Չեմ կարծում, որ ուղիղ ազդեցություն կունենա, քանի որ այստեղ, կարծեք թե, այլ իրողություններ են և արդեն իսկ արձանագրված իրողություններ են և, հատկապես, ՌԴ գործուն ներգրավվածությամբ, բայց այն, որ ընդհանուր առմամբ կարող է որոշակի առումով սահմանափակվել Թուրքիայի ազդեցությունը, դրա հնարավորությունը կա:
Բայց մի կարևոր հանգամանք էլ պետք է նշել՝ այս տարածաշրջանում Թուրքիայի ազդեցությունը զսպող գործոնը հիմնականում Ռուսաստանն է»:
Փորձագետը նկատում է, որ, ի տարբերություն այս տարածաշրջանի՝ Արաբական աշխարհում և Արևելյան Միջերկրականում ավելի լայն դերակատարների կոնսոլիդացիա կա, և շատ ավելի գործուն մեխանիզմներ կան՝ հատկապես տնտեսական պատժամիջոցների տեսքով, որոնք կարող են ավելի լուրջ ազդեցություն ունենալ Թուրքիայի ակտիվությունը սահմանափակելու վրա. «Իսկ այստեղ Ռուսաստանն է, որը փաստացի, նաև այս Ղարաբաղյան վերջին պատերազմը ցույց տվեց, գնում է երկխոսության Թուրքիայի հետ և ճանաչում է Թուրքիայի շահերը»: