«4 տարեկան տղայիս ասում եմ, որ գնում ենք մեր տուն, ասում է՝ մամա, բա որ թուրքը մեզ մորթի․․․ Պատկերացրեք, թե ինչ սարսափելի վիճակ է եղել, որ մինչև հիմա երեխաները ուշքի չեն գալիս». Քարվաճառի բնակիչ
Արարատի մարզի Գետաշեն գյուղի 4-րդ փողոց 12-րդ բնակարանում ժամանակավոր ապրող քարվաճառցիների 8-հոգանոց ընտանիքն աջակցության կարիք ունի. կա սննդի, հագուստի կարիք:
«Մեծ տղաս ժամկետային զինծառայող է, Արցախում է այս պահին, մյուս երեխաներս անչափահաս են՝ 16-ից մինչև 4 տարեկան են, ունեմ ևս 4 աղջիկ ու 3 տղա: Այս պահին կա հագուստի, սնունդի անհրաժեշտություն: Կարելի է ասել՝ օդի մեջ ենք հիմա, արդեն տան վարձ են ուզում, բայց գումար չունեմ: Մինչև մայիս ամիսն ինձ ժամանակ են տվել, տանտերը Ռուսաստանում է, գալու է, այդ ժամանակ կտեսնենք, թե ինչ է հնարավոր անել»,- 168.am-ի հետ զրույցում ասաց քարվաճառցի Մարիամ Օհանյանը:
Ինչ վերաբերում է Արցախ վերադառնալու նպատակներ ունենալուն՝ տիկին Մարիամը նշեց.
«Մեծ սիրով կվերադառնանք, եթե իմանանք, որ շատ ապահով է, մեր երեխաներին վտանգ չի սպառնում, բայց այս պահին գնալու մասին ընդհանրապես չեմ մտածում, որովհետև ամեն րոպե չէ, որ կկարողանամ իմ երեխաներին նորից փրկել: Ահավոր պատերազմ էր, երբ 4 տարեկան տղայիս ասում եմ, որ գնում ենք մեր տուն, ասում է՝ մամա, բա որ թուրքը մեզ մորթի: Պատկերացրեք, թե ինչ սարսափելի վիճակ է եղել, որ մինչև հիմա երեխաները ուշքի չեն գալիս: Կորցրել ենք ամեն ինչ՝ տուն, գույք..․ մեր ունեցած-չունեցածը մնացել է այնտեղ, մինչև ամուսինս դիրքերից իջել է, որ գնա գյուղ, ես այդ ժամանակ Չարենցավանում եմ եղել, միացել եմ նրան, գնացել, տեսել ենք՝ ոչ մի բան ընդհանրապես չկա. բաղնիք-զուգարանի սալիկներից բռնած՝ լրիվ քանդած-տարած է եղել: Ինչ որ այստեղ ունեմ՝ բարի մարդիկ են բերել. մեկը մի մահճակալ է տվել, մյուսը՝ վերմակ, ներքնակ»:
Հարցին՝ համայնքապետարանից օգնություն ստացե՞լ են, թե՞ ոչ, նա պատասխանեց, որ 2-3 անգամ սնունդ են ստացել:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 25-ին Արցախի հյուսիս-արևմտյան Շահումյանի շրջանը՝ Քարվաճառն ու հարակից բնակավայրերը, անցան Ադրբեջանի վերահսկողության ներքո։
Քարվաճառը Լեռնային Ղարաբաղին հարակից երկրորդ շրջանն է, որ եռակողմ հայտարարությամբ անցնում է Ադրբեջանին, առաջինը Աղդամն էր, երրորդը կլինի Լաչինը, որի փոխանցման վերջնաժամկետը դեկտեմբերի 1-ն է։
Բազմազավակ ընտանիքին օգնելու համար կարող եք զանգահարել նշված հեռախոսահամարով. 077 404664։