«Դա պարզապես հիմարություն է և տվյալ դեպքում՝ թշնամություն ուղղակի»․ Հրանտ Թոխատյան

«Պետք է շարունակել գնալ մյուս դեսպանատները, մանավանդ ՄԽ համանախագահող երկրների, այսօր Ռուսաստանն էր, կլինի նաև ԱՄՆ-ը և Ֆրանսիան, նաև կանցնենք այն միջազգային կազմակերպությունները, որոնք կոչված են զբաղվել այս հարցով։ Այս ցանկի մեջ կլինեն նաև Անգլիայի և Չինաստանի դեսպանատները»,-ՌԴ դեսպանատուն նամակը հանձնելուց հետո այս մասին ասաց դերասան Հրանտ Թոխատյանը։

Հիշեցնենք, որ մի խումբ արվեստի գործիչներ և քաղաքացիներ այսօր Ազատության հրապարակից անցկացնում են երթ՝ գերիների ու անհետ կորածների հարցի լուծման նպատակով։

Հրանտ Թոխատյանն ասաց, որ ՀՀ ՄԻՊ-ը և ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչը այս պահին շատ մեծ աշխատանք են տանում և փորձում են իրենց քայլերը համապատասխանեցնել նրանց հետ․ «Որպեսզի անկարծ չանենք մի բան, որը հանկարծ կաշխատի ի վնաս մեր տղաների, ում համար մենք փորձում ենք պայքարել»։

«Ակցիան այսօր կավարտվի, իսկ վաղվա համար կմտածենք և կասենք»,-ասաց նա՝ հավելելով, որ երթի մասնակիցներին խնդրել են չցուցադրել անհայտ կորածների և գերության մեջ գտնվող զինծառայողների լուսանկարները, որպեսզի չվնասեն նրանց։

«Խնդրում եմ չքաղաքականացնել այս ամենը, դրա նապատակը չկա։ Բնականաբար, հարթակը բաց է, կարող են բարձրանալ մեր բոլոր գործընկերները, բայց մեզանից յուրաքանչյուրն ունի իր մտածելակերպը։ Այսօր որևէ նշանակություն չունի, գոնե այս ակցիայի համար, միայն նշանակություն ունի այն հարցը, որի շուրջ մենք հավաքվել ենք։ Ու եթե որևէ մեկը փորձում է դրանից շեղել, այս ամենին տալ ինչ-որ քաղաքական կոնտեքստ, դա պարզապես հիմարություն է և տվյալ դեպքում՝ թշնամություն ուղղակի»,-ասաց նա։

Տեսանյութեր

Լրահոս