Ո՞ւմ էր ուղղված Պուտինի նախազգուշացումը
Չնայած օրերս Ֆրանսիայի Սենատում Արցախի անկախության ճանաչման կոչ անող բանաձևի վերաբերյալ Ֆրանսիայի ԱԳՆ-ի կարծիքը միանշանակ չէ, և Ֆրանսիան հայտարարում է, որ չի ճանաչում Արցախի Հանրապետության անկախությունը, հենց Արցախի կարգավիճակի հարցի շուրջ էլ ներկայումս ծավալվում են կարևոր զարգացումները։ Ֆրանսիայի և Հայաստանի ԱԳՆ-ների վերջին հաղորդագրություններից երևում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով Արցախի կարգավիճակի հարցի շուրջ բանակցությունները շարունակելու հարցում Հայաստանը և ՄԽ արևմտյան համանախագահ երկրները կոնսենսուս ունեն։ Ի տարբերություն Հայաստանի, ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրներ Ֆրանսիայի ու ԱՄՆ-ի, ինչպես ակնհայտ դարձավ վերջերս ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի մեկնաբանություններից, ռուսական միջնորդության համար Արցախի կարգավիճակի հարց ներկայումս գոյություն չունի, քանի որ այդ հարցում Ռուսաստանը ճանաչում է ստատուս-քվոն, և կարգավիճակի հարցի քննարկումը պայմանավորում է փախստականների ու բոլոր տեղահանվածների իրավունքների դիտարկումից ու պաշտպանությունից հետո։ Օրերս ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նշել էր, որ Ղարաբաղի շուրջ պայմանավորվածություններից հրաժարումը Հայաստանի համար հավասարազոր կլինի ինքնասպանության։
Ռուս վերլուծաբան Վլադիմիր Եվսեևը, պատասխանելով հարցին, թե ո՞ւմ էր ուղղված այս նախազգուշացումը, և այս հարցով հնարավո՞ր են հայ-ռուսական տարաձայնություններ, ասաց, որ Ռուսաստանն իր դիրքորոշումները հստակ ձևակերպել է, որը հակամարտող կողմերն ընդունել են և ստորագրել հայտարարություն, որով կարևոր հանգրվանի են հասել հրադադար հաստատելու հարցում։
Ըստ նրա, հետագա զարգացումներում ևս կարծես Ռուսաստանը շարունակելու է իր ներդրումն ունենալ, լուծել հումանիտար հարցեր, և կարևոր է ընդգծել, որ դա տեղի է ունենալու կողմերի համաձայնությամբ։
«Ռուսաստանն ունի մտավախություններ, քանի որ իրավիճակն արևմտյան հուն տեղափոխելը կրում է Ռուսաստանի հետ մրցակցելու և գործընթացից դուրս չմնալու, այս տարածաշրջանում ազդեցություն ունենալու նպատակ։ Սակայն կոնկրետ իրավիճակը ցույց տվեց, որ այդ ազդեցությունը չկա, իրական լծակներ ունեն այս տարածաշրջանում Ռուսաստանը, Թուրքիան, իսկ Արևմուտքը փորձում է դուրս չմնալ տարածաշրջանից, չունենալով որևէ լծակ, ներկայություն և գործիք՝ ազդելու իրավիճակի վրա։ Հայաստանը գուցե ցանկանա հավասարակշռություն կամ փորձի ցույց տալ, թե ԵԱՀԿ Մինսկի խումբ գոյություն ունի։ Ներկայումս կամ կձևավորվի ԵԱՀԿ ՄԽ աշխատանքի նոր ուղղությունը, որը չափազանց խնդրահարույց է դիտարկվելու մյուս բոլոր խաղացողների կողմից։ Կարծում եմ՝ էական խնդիրներ այս փուլում Հայաստանի և Ռուսաստանի միջև չկան, և ՌԴ զգուշացումներն ուղղված են արևմտյան գործընկերներին, որոնք պատերազմի ընթացքում որևէ լուրջ նախաձեռնությամբ հանդես չեկան, չկարողացան դադարեցնել պատերազմը թեկուզ ճանաչմամբ կամ մեկ այլ նախաձեռնությամբ, ուստի ներկայումս նման քայլերը դիտարկվում են՝ որպես ոչ թե՝ աջակցություն հայկական կողմերին, այլ՝ հարված Ռուսաստանին և ռուսական ջանքերին։
Ինչ խոսք, սպասելի էր, որ Արևմուտքը՝ ԱՄՆ-ը, ԵՄ-ն, չեն համակերպվելու այս պատկերին, բայց մինչև պատերազմի վերջին օրը և առավելապես դրա առաջին փուլում նրանք հնարավորություն են ունեցել կանգնեցնելու պատերազմը, սակայն պետք է ասել նաև այն, որ պատերազմը սկսվեց նաև այն պատճառով, որ թերացան նաև միջնորդները և նրանց օրակարգը։ Ի՞նչ կարող են նրանք առաջարկել հիմա, խիստ կասկածելի է, ինչպե՞ս նրանք կկարողանան դիմադրել տարածաշրջանում ամրապնդված Թուրքիային, որը մեծ խնդիրներ ունի Ֆրանսիայի հետ, և Ֆրանսիայի ակտիվության դեպքում Ադրբեջանը կշարունակի հեղինակազրկել Ֆրանսիային՝ որպես միջնորդ։ Այս հակամարտության ցանկացած կողմ և միջնորդ պետք է զգույշ լինեն, քանի որ մենք ականատես եղանք չափազանց թեժ և ողբերգական պատերազմի՝ ահաբեկիչների մասնակցությամբ։ Դեռ բազմաթիվ խնդիրներ է պետք լուծել՝ ինչպես քաղաքական, սահմանային, այնպես էլ՝ հումանիտար, և թվում էր, թե ամենաճիշտ պահը չէ աշխարհաքաղաքական մրցակցության համար, սակայն դրա նշաններն արդեն երևում են, և այդ ուղղությամբ ջանքերը շատ ցածր արդյունավետություն են ունենալու Ռուսաստանի և Թուրքիայի ներկայիս դիրքերի ֆոնին»,- ասաց Եվսեևը։