«Անթրաշ երեխա ենք ուղարկել, դարձել է 40 տարեկան մարդ». Բողոքի ակցիայի մասնակիցները զգուշացնում են՝ եթե վարչապետը չընդունի, կգնան վարչապետի կեցավայր
«Ես գնացել եմ իմ երեխային տեսել-եկել եմ, ինքն էնտեղ անելու ոչ մի բան չունի»,- Կառավարության առջև հայտարարեց Պարգև Առաքելյանը, ով մեկն է այն ցուցարարներից, որոնք վարչապետից պահանջում են հստակեցում, թե ինչ ճակատագիր է սպասվում Արցախում զինծառայությունը շարունակող իրենց զավակներին:
Պարգև Առաքելյանի որդին այս պահին Մարտունի 2-ում է: Նա վստահեցնում է՝ իր աչքով է տեսել, որ զինծառայողները քնում են դպրոցում՝ գետնին: Հարցի լուծման տարբերակ էլ է առաջարկում. «Գնանք հերերս կանգնենք, թող երեխեքին թողնեն 15 օր տուն: Թող զենք տան, եթե կորցնեմ, թող իմ երեխուն դատեն: Իմաստը, որ 20 օր անցել է, ինչի՞ են մնացել այդ երեխաներն այնտեղ, ոչ մի բան չեն անում»:
Անդրադառնալով երեկ վարչապետի հետ հանդիպման մանրամասներին՝ նա նշեց, որ քննարկվել է հարցը, երկու օր ժամանակ են ուզել. «Ասում ա՝ ուզում եք դվուխսպալնիի վրա քնի՞ երեխեն. հա՛ ուզում ենք, բա ի՞նչ ենք ուզում, բա ինչի՞ պետք է չքնի: Անթրաշ երեխա ենք ուղարկել, դարձել է 40 տարեկան մարդ 25 օրում:
«75 տարեկան մարդ եմ, էսօր կամ, էգուց չկամ: Մարտունու եսիմ որ գյուղը 100 հոգի լցված են, պոլին քնած թաց-մաց, արա, էդ մի թոռս է մնացել, էդ էլ չտեսնե՞մ , մեռնե՞մ: Ես գնամ, իմ թոռը թող գա»,- նշեց բողոքի մասնակիցներից մեկը:
Ժամկետային զինծառայողի մեկ այլ ծնող՝ Լուսինե Հարոյանն էլ շեշտում է՝ իրենց պահանջն է, որպեսզի զինծառայողներին Արցախից բերեն Հայաստան՝ իրենց ծառայությունն այստեղ շարունակելու.
«Մեր պահանջն արդար է, օրինաչափ է և բարոյական, ինչո՞ւ, որովհետև ըստ եռակողմ համաձայնագրի 4-րդ կետի՝ հայկական զորքը պետք է դուրս բերվի Արցախի Հանրապետությունից, և մենք արդեն բազմիցս նշել ենք, թե ինչ վիճակում են գտնվում այդ երեխաները և շարունակում են գտնվել:
45 օր դժոխքի միջով անցնելուց հետո շարունակում են ծայրագույն պայմաններում իրենց զիծառայությունը, որովհետև փաստացի որևէ զորամաս չի մնացել որպես այդպիսին. երեխաներն անգամ դիրքերում մարտական հերթապահություն են իրականացնում, էս ցրտին քնում են անձրևի, ձյան մեջ, թաց բուշլատներով:
Արդեն 60 օր այդ վիճակում են երեխաները»:
Նա հավելեց, որ որոշել են պահանջները գրավոր ներկայացնել՝ պահանջելով նաև հանդիպում. «Տեսնենք՝ մեզ էստեղ ինչ կպատասխանեն, ըստ այդմ, եթե կասեն՝ էստեղ չի, կգնանք կեցավայր»: