«Տիրան Խաչատրյանին խորհուրդ եմ տվել ուսադիրները պոկել, Արցախի հերոսի կոչումը տանել Եռաբլուր և Եռաբլուրում էլ մի բուռ հող ուտել». Զոհրաբյան
«Ես և իմ գործընկերները երեկ Սոթքի բնակիչներից, հանքավայրի աշխատակիցներից ստացանք ահազանգ, որ թուրք-ադրբեջանական զինուժի 80 ներկայացուցիչներ ջարդել են մեր հանձնված հայրենիքի դարպասները, խնդրում էին, որպեսզի հասկանայինք, թե ինչ է կատարվում»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր նաիրա Զոհրաբյանը, որն այցելել էր Սոթք՝ խնդրին տեղում ծանոթանալու համար:
Պատգամավորի խոսքով՝ նոր սահմանազատման աշխատանքներ իրականացնելը բացարձակ անթույլատրելի է:
«Երբ Նիկոլ Փաշինյանը ստորագրում էր այդ եռակողմ թուղթը… Լավ, մենք օրական տեղեկանում ենք, որ այս գյուղը ևս պետք է հանձնվի, այս հատվածը ևս պետք է հանձնվի: Երեկ մենք լսեցինք Պաշտպանության բանակի գեներալ Տիրան Խաչատրյանին: Գիտեք՝ ես անհարմար եմ զգում, ես այսօր իրեն խորհուրդ եմ տվել ուսադիրները պոկել, իր Արցախի հերոսի կոչումը տանել Եռաբլուր և Եռաբլուրում էլ մի բուռ հող ուտել: Այդ ի՞նչ էր նշանակում՝ մեզ դուրս հրավիրեցին, մենք տեղյակ չենք, դե, հիմա այդպես եղավ: Այս ի՞նչ է նշանակում, սա ի՞նչ է, այսինքն՝ մենք թիզ-թիզ հողը տալիս ենք, այստեղ փաստորեն մեր հայրենիքը վերջանում է, ժողովուրդ, հասկանո՞ւմ եք՝ ինչ է կատարվում, հասկանո՞ւմ եք, մեր հայրենիքը վերջանում է»,- ընդգծեց Նաիրա Զոհրաբյանը: