«Սարերի գլխին ինչքան բարձր դիրք կա, իրանք կանգնած են». Սոթքի բնակիչ
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Սոթքի ոսկու հանքավայրի աշխատակիցները և տեղի բնակիչները ակցիա են իրականացնում՝ պնդելով, որ հայտնվել են անորոշ իրավիճակում: Ադրբեջանցի զինվորականները մտել են հանքավայրի տարածք, ասել, որ դա իրենց տարածքն է, և ժամանակ տվել տեղի աշխատակիցներին, որ տեխնիկան դուրս բերեն: Այսօր հանքավայրը չի աշխատում: Տեղի բնակիչներից մեկը լրագրողների հետ զրույցում ասաց, որ իրենց չեն թողնում այդ կողմ բարձրանալ:
«Երեկ, երբ ադրբեջանցիները եկել են, 7 զինվոր է եղել, ի՞նչ անի էդ 7 զինվորը: Մեզ չեն թողնում, որ առաջ գնանք, թուրքը գրաված, կանգնած ա»,- ասաց տեղի բնակիչներից մեկը:
«Ռուսն ա, մեկ էլ ադրբեջանցին, հայկական կողմից մարդ կա՞, թե՞ չկա, մենք չգիտենք»,- ասաց մեկ այլ բնակիչ:
Սոթքի բնակիչներից մեկը պատմեց, որ մինչև զինվորականների մոտենալը, ստիպված են եղել ադրբեջանցիների հետ զրուցել հանքավայրի աշխատակիցները:
«5 տղա սպարտիվկաներով, աշխատողներով գնացել են, հարցրել են՝ ո՞ւր եք գնում, իրենց կյանքը վտանգի ենթարկելով, գնացել են, ասել են՝ ո՞ւր եք գնում, թուրքն էլ կանգնել ա, ռազմական ներկայացուցիչ ա ուզել, գեներալ ա ուզել: Չեն եկել, չեն ներկայացել: Հետո ազատ իջել են էն պոստը, որտեղ մեզ հարյուր տեսակ շմոն են անում, տեսնեն՝ թողնե՞ն, թե՞ չթողնեն, եկել ազատ անցել են: Մի հատ էլ ջղայնացել են, ասել են՝ բաց ու բարևներ ուղարկի»,- պատմեց բնակիչը:
Հարցին, թե ինչպե՞ս են պատկերացնում գյուղի կյանքը, վերջինը պատասխանեց.
«Շատ լավ, շատ լավ: Մենք լավ կլինենք, թող իրանք մտածեն: Ո՞նց ես մտածում, թիկունքիդ թշնամին, դու ստեղ հանգիստ, ընտանիքդ խաղաղ թողես, դուրս գնաս: Դուք ո՞նց եք պատկերացնում, շատ վատ»:
«Սարերի գլխին ինչքան բարձր դիրք կա, իրանք կանգնած են»,- ասաց բնակիչներից մեկը:
Մյուսն էլ ավելացրեց, որ Վարդենիսի վիճակը վատ է լինելու:
«Եթե էն ժամանակ 30-40 կմ էր սահմանը, հիմա եղավ ավելի քան 110 կմ, մինչև Ջերմուկ»:
Սոթքի ոսկու հանքավայրում աշխատելու մասին տեղի բնակիչներն ասացին, որ անվտանգության որևէ երաշխիք չկա:
«Հիմա էլ չունենք անվտանգության երաշխիք, հիմա ստեղ կանգնած ենք, չգիտենք՝ վերևից հսկո՞ւմ են, թե՞ չէ: Սենց բարձիթողի վիճակ կլինի՞: Գոնե զենք տվեք ժողովրդին»,- ասաց բնակիչներից մեկը: