«Երեկ ժամը 4-ից հետո աշխատանքը կանգնացրել ենք, մինչև իրիկուն սպասել ենք, հետո եկել տուն». Սոթքի հանքավայրի աշխատակից

Այսօր Սոթքի հանքավայրը չի աշխատի: Սոթք գյուղի բնակիչ, ոսկու հանքավայրում մոտ 2 տարի աշխատող Գրիգոր Դանիելյանը պատմում է, որ առավոտյան աշխատանքի գնալիս իրենց զանգել ասել են, որ չգան, չեն աշխատելու:

«Պատճառը կոնկրետ չգիտեմ, բարձր պաշտոնյաները պետք ա ասեն: Երևի չեն համաձայնել Ադրբեջանի զինվորականները: Դե, մեր տարածքում են, այսինքն՝ մեր տարածքը չի, իրանց ասելով՝ իրանց տարածքն ա: Թե ո՞ւմ տարածքում են, ո՞նց, դա արդեն պատկան մարմինները պետք ա պարզեն»:

Գրիգոր Դանիելյանը պատմեց, որ երեկ մինչև ժամը չորսը հանգիստ աշխատել են, հետո հանքավայրի ղեկավարությունն իրենց հավաքել է մի տեղ ու ասել, թե սպասեք, տեսնենք՝ ի՞նչ է որոշվում:

«Էն կողմն էին: Դարպասները, որ դրել էին, մենք տեսել ենք, որ այդտեղ կանգնած են: Ուղղակի ժամը 4-ից հետո, երևի մի քիչ նրանք հելել էին, մի քիչ վախ կար, թե մեր հանքի պատկան մարմինների կողմից, թե ինչ, սաղիս հավաքեցին, բա՝ հլը կայնեք, տեսնենք՝ ինչ են որոշում: Աշխատանքը կանգնացրել ենք ու ոչ մի բան չարինք, մինչև իրիկուն սպասել ենք, հետո եկել տուն»,- ասաց ոսկու հանքավայրի աշխատակիցը:

Նա նաև ասաց, որ իրենք չեն տեսել, թե երբ ու ինչպես են ադրբեջանցիները մտել հանքավայրի տարածք: Լրագրողի հարցին, թե ինչպե՞ս են պատկերացնում հանքավայրի աշխատանքը, Դանիելյանը պատասխանեց.

«Ես չեմ պատկերացնում հլը որ»:

Գրիգոր Դանիելյանը պնդում է, որ եթե հանքավայրը չաշխատի, շատերը կկանգնեն սոցիալական լուրջ խնդիրների առաջ:

«Հիմնականում, ով հանքում ա աշխատում, հույսը հանքի ու աշխատավարձի վրա ա, բայց եթե հույսդ մեկ էլ միանգամից կտրեց, էլ չունես քեզ ուրիշ… մարդ կա՝ գյուղատնտեսությամբ ա զբաղվում, ինքն իրա գործն ունի, հանքի աշխատանքը, որ կտրվի, մի քիչ դժվար ա լինելու, մինչև կարողանա մի գործի հարմարվի, ձեռնարկի, այդ պահով շատ դժվար ա լինելու սկզբնական, թե ո՞վ կմնա, ո՞վ կգնա արդեն… դուրս եկող էլ կլինի գյուղից, եթե, Աստված չանի, փակվի հանքը հայկական կողմից»:

Հարցին, թե ինքը մնալո՞ւ է, Դանիելյանը պատասխանեց, որ ինքը նաև գյուղատնտեսությամբ է զբաղվում, կմնա:

«Գնալու համար հլը մի քիչ շուտ ա: Ամոթ էլ ա՝ գնանք, սպասենք, տեսնենք՝ ի՞նչ կլինի, Կառավարությունը ի՞նչ  ա որոշում, մեր սահմանները ո՞նց ա լինելու, ո՞վ կպահի: Մտածելու տեղ շատ կա, այս պահին չես կարող կոնկրետ բան ասես: Համ էլ ո՞ւր գնանք, ասենք՝ մենք գնացինք, մեզանից հետո ուրիշ գյուղ ա, պիտի նրանք էլ թողնեն գնան, էդ ձև գնալով լավ բան չի լինի»,- ասաց Սոթքի բնակիչը:

Տեսանյութեր

Լրահոս