«Ասում են՝ Կարմիր խաչի ամբողջ անձնակազմը կորոնավիրուս է ընկել». անհետ կորածի հարազատն ահազանգում է
Անհետ կորած զինծառայողների հարազատները, որոնք շաբաթներ շարունակ բողոքի ակցիաներ էին անցկացնում, իսկ վերջին օրերին մի քանի անգամ հանդիպել էին Նիկոլ Փաշինյանի հետ, երեկ մեկնել են Արցախ և հանդիպել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի, ինչպես նաև խաղաղապահ զորքերի հրամանատարի հետ:
Անհետ կորածների հարազատներից Արսեն Ղուկասյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում տեղեկացրեց, որ երեկվա հանդիպումից իրենց համար պարզ է դարձել, որ դեռ Ադրբեջանն է թելադրում կանոնները.
«Նախնական պայմանավորվածության համաձայնության, որտեղ ներկա է եղել ռուս խաղաղապահների սպա, թուրքերն ասել են՝ խնդիր չկա, իսկ ռուս սպայի հեռանալուց անմիջապես հետո, ասել են՝ չէ, գնում եք միայն այս ուղղությամբ, միայն մեկ հոգի, այսինքն՝ միայն Արցախի МЧС-ի աշխատակիցն է մտնում, իքս ժամանակում կատարում է իր գործողությունը և դուրս է գալիս, 1 հոգի են թույլ տվել»:
Քաղաքացու փոխանցմամբ, երեկ այդ հարցն էլ են բարձրացրել, իրենց պատասխանել են, որ կաշխատեն այդ հարցը շուտափույթ լուծել:
«Այսօր առավոտյան էլ ենք հանդիպել Արայիկ Հարությունյանի հետ, իմանում ենք, որ Կարմիր խաչի ամբողջ անձնակազմը կորոնավիրուս է ընկել ու հետաքրքիրն ի՞նչն է, որ Արցախի կառավարության շենքի մոտ հանդիպեցինք МЧС-ի սպային, մեզ հաղորդեց, որ Ադրբեջանի ղեկավարության հետ այդ պայմանվորվածությունն արդեն կա, որ արդեն աշխատանքներ սկսենք, մտնենք նշված տարածքները և գործողություններ կատարենք, հիմա էլ ասում են՝ Կարմիր խաչը հիվանդ է, և, որ առանց Կարմիր խաչի ոչ մեկը չի կարող այդ հարցին լուծում տա, պետք է անպայման ներկայացուցիչ լինի»,- ընդգծեց Արսեն Ղուկասյանը՝ հույս հայտնելով, որ համապատասխան գերատեսչությունները կզբաղվեն խնդրով և արագ արձագանք կլինի:
168.am-փորձեց կապ հաստատել Կարմիր խաչի գրասենյակի հետ, սակայն մեր զանգերը մնացին անպատասխան: