Իշխանության ամենակեղտոտ գործարքը

Քաղաքական բարոյականությունը գիտության կողմից քիչ ուսումնասիրված հասկացություն է։ Բայց այն գոյություն ունի, քանի որ քաղաքականությունը մարդկային գործունեության տիրույթ է, իսկ բարոյականությունը մարդուն կենդանուց տարբերող քիչ հատկանիշներից մեկն է։

Քաղաքական բարոյականության խնդիրը ավելի է սրվում հատկապես ու առավել ևս այնպիսի ժամանակներում, որոնցում գերակայում է քաղաքական անբարոյականությունը։ Հիմա հենց այդպիսի ժամանակներ են։ Մենք ամեն օր ականատես ենք լինում երեսպաշտության անպատկերացնելի շքահանդեսի․ մարդասպանները խոսում են զոհի արժանիքների մասին, խաբեբաները ձոներ են ներբողում առ ճշմարտություն, պարտվողները մեջլիս են իջնում հաղթական դափնիներով։

Քաղաքական բարոյականության չափման անսխալ ցուցանիշներ չկան, որովհետև բարոյականությունն ինքնին աննյութեղեն գո է։ Բայց կան դրա գնահատման անուղղակի, ածանցյալ չափանիշեր, որոնք ընդհանուր առմամբ հանգում են այս կամ այն որոշման հետևանքների բարոյականությանը կամ հակառակը։

Պատերազմների պարագայում քաղաքական բարոյականությունն արտահայտվում է այս կամ այն որոշման արդյունքում զոհաբերված կամ փրկված կյանքերի թվով նաև։ Որոշումների բարոյականությունը, հետևաբար, ուղիղ համեմատական է փրկված կյանքերի քանակի հետ։

Ահա այս տիրույթում վերջին պատերազմը և դրա դադարեցմանն ուղղված քայլերի ժամանակագրական դիտարկումը աղետալի պատկեր է արձանագրում։ Հայաստանի ամենառազմավարական ամենադաշնակցի ամենաղեկավարի հաղորդած տեղեկատվությամբ, Նիկոլ Փաշինյանին առաջարկվել է պատերազմը դադարեցնել հոկտեմբերի 19-20-ին, կապիտուլյացիոն պայմանագրի կնքումից 20 օր առաջ։ Այս տեղեկատվությունը չի հերքվել որևէ հպարտ քայլարարի կողմից, հետևաբար՝ ստույգ է այնպես ու այնքան, որքան արցախցի թիվ մեկ գործարարի հայտնած տեղեկույթն այն մասին, որ պատերազմի յուրաքանչյուր օր զոհվել է առնվազն 100 զինվոր։ Այսինքն՝ պատերազմը ոչ թե հոկտեմբերի 19-ին, այլ նոյեմբերի 9-ին դադարեցնելու որոշումն արժեցել է առնվազն 2000 զոհ։ Սա Նիկոլ Փաշինյանի որոշումների բարոյականության գնահատման ցուցանիշն է՝ արտահայտված 2000 անուն-ազգանուն ունեցող քաղաքացիների կյանքով։ Քաղաքական բարոյականության/անբարոյականության ընդամենը մեկ օրինակ, որն արժեցել է 2000 մարդու կյանք։ Քրեական իրավունքն առանձնացնում է սպանության, սպանության դրդման, սպանությանը նպաստելու ու էլի բազմաթիվ այլ հանցակազմեր՝ կոնկրետ պատժաչափերով։ Նույն քրեական իրավունքը, սակայն,  ոչինչ չի ասում այն պարագաների համար, երբ այս կամ այն որոշման արդյունքում զոհվում են քաղաքացիներ, հազարավոր քաղաքացիներ։

Բարոյականությունն ընդհանրապես առանցքային նշանակություն ունի քաղաքականության մեջ, որովհետև քաղաքական շատ քայլեր կատարվում են առաջին հերթին՝ անձնական բարոյականության հետ գործարքի արդյունքում։ Օրինակ, երբ նորանշանակ արտգործնախարարը հայտարարում է, որ Հայաստանի դիվանագիտությունը որևէ տապալում չի ունեցել, նա ազդարարում է սեփական բարոյականության հետ կնքած իր գործարքի մասին, թեև դա հայտնի էր դարձել դեռ այն պահին, երբ սույն պարոնը համաձայնել էր ստանձնել այդ պաշտոնը։ Բայց նորընծա արտգործնախարարը պոստֆակտում է տեղեկացնում այդ մասին, ընդ որում, դատելով երեսպաշտության չափաքանակից, նա իրականում ոչ թե գործարք է կնքել սեփական բարոյականության հետ, այլ ուղղակի ոչնչացրել է սեփական բարոյականությունը։

Այդպես վարվել են բոլոր նրանք, ովքեր համաձայնել են մաս կազմել այս իշխանությանը՝ կիսելով հազարավոր զոհեր արժեցած որոշումների պատասխանատվությունը։
Նիկոլ Փաշինյանը քաղաքական օլիմպոսին հասել է «մեկ մարդու» գործոնի մանիպուլյացիայով։ Արդեն օլիմպոսի գագաթին «մեկ մարդը» նրա համար դարձել է վիճակագրական ցուցանիշ, որով չափվում է նրա այս կամ այն որոշման բարոյականությունը։ Նիկոլ Փաշինյանը ևս ու առավել ևս սեփական բարոյականության հետ գործարքում հանդես է եկել դասական խաբեբայի դերում՝ ոչ թե պահպանելով գործարքի պայմանները, այլ ոչնչացնելով գործարքի հակառակ կողմին՝ սեփական բարոյականությանը։ Իշխանության ներկայացուցիչները՝ անհատապես, և իշխանությունը՝ հավաքականորեն գնացել է այդ գործարքին, որից հետո դրա հեղինակներն ընդունակ են ամենայնի։

Հարություն Ավետիսյան

Տեսանյութեր

Լրահոս