Թավշյա հեղափոխության կատարողականը՝ Պուտինի ու Ալիևի ստորագրությամբ

Չարությունը, ատելությունը, նախանձը մարդկային ստորին բնազդներ են։ Դրանք մարդու վարքագծի վրա ազդում են այնպես ու այնքան, որ մթագնում են բանականությունը, միտքը։

2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունները, որոնց ոմանք շռայլորեն «հեղափոխություն» են կոչում, հիմնված էին հենց այդ՝ մարդկային ստորին բնազդների վրա։ Տարիներ, տասնամյակներ շարունակ հասարակության շրջանում գեներացված ատելությունն ու մաղձը հասել էր գագաթնակետին, և այն ժայթքեց հրաբուխի պես։ Այն ժամանակ քչերն էին գիտակցում ու ահազանգում, որ, ինչպես ցանկացած հրաբուխ, այդ մեկը ևս ու առավել ևս գործելու է ավերածություններ, քանդելու է նախկինում արարվածն ու կառուցվածը, որովհետև հրաբուխներն ունեն քայքայելու կործանարար հատկություն։

2.5 տարի առաջ տեղի ունեցածի ժամանակ հասարակությունը տաք էր այնպես, ինչպես հրաբուխի ժայթքող լավան։ Բայց դա նույն այդ հասարակության մեջ կուտակված ատելության ու մաղձի լավան էր, որը ժայթքումից հետո ավերելու էր հենց հասարակությանն ու նրա ստեղծած բարիքները։ Այդ ժայթքմամբ քանդվելու էր լավ կամ վատ գործող պետությունն ու մնացած բոլոր ինստիտուտները՝ բանակից մինչև ընտանիք, մարդկային հարաբերություններից մինչև սոցիալական կապեր։ Հասարակությունը դա չէր գիտակցում, որովհետև նախապես անջատվել էր նրա գիտակցությունը, ստորին բնազդները գերիշխել էին մտքին ու բանականությանը։ 2018-ին տեղի է ունեցել հենց դա՝ արարումի համար անհրաժեշտ միտքն ու էներգիան փոխարինվել է երաշխավորված կործանումի տանող ատելությամբ ու չարությամբ։

Նոյեմբերի 9-ին ստորագրված կապիտուլյացիոն համաձայնագիրն ահա այդ ժայթքման մասին հավաստող փաստաղթուղթն է։ Դա ստորագրելով՝ Նիկոլ Փաշինյանը հայ հասարակությանն ընդամենը «տեղեկանք» ներկայացրեց 2018-ին կատարվածի մասին։ Նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն փաստաղթուղթը 2018 թվականի «թավշյա, ոչ բռնի, ժողովրդական հեղափոխության» կատարողական ակտն էր, որը ճակատագրի հեգնանքով ներկայացվեց Պուտինի ու Ալիևի համատեղ ստորագրությամբ։

Դեռ 2018-ից շատ առաջ սկսված պետական ինստիտուտների դեմ արշավը, որը կուլմինացիային հասավ 2018-ին հաջորդած 2.5 տարիների ընթացքում, հանգեցնելու էր ու հանգեցրեց պետության չգոյության արձանագրումին։ Եվ այսօր որքան զարհուրելի, նույնքան էլ օրինաչափ է գերիների, անհետ կորածների, զոհված, բայց չգտնված զինվորների հարազատների մենակությունը, անպետություն կյանքը։

Պետություն՝ բառի դասական ու բովանդակային իմաստով, այլևս չկա, Նիկոլ Փաշինյանն ընդամենը ռուսական մանդատի տակ գտնվող տարածքում մարզպանի խիստ ժամանակավոր տեղապահ է։ Տարիներ, տասնամյակներ շարունակ հակապետականությամբ ներարկված հասարակությունը պետության դեմ ուղղված կազմակերպված ակտից 2.5 տարի անց, ահա, արձանագրում է իր հաղթանակն ու պետության կապիտուլյացիան, որը շատ ավելի ողբերգական է ու անդառնալի, քան նոյեմբերի 9-ին ստորագրված կապիտուլյացիոն ակտը։

Բայց եթե ճիշտ են ոչ թե հոռետեսները, ովքեր ահազանգում են, որ ամեն ինչ կորսված է, այլ լավատեսները, որոնք պնդում են, թե դեռ հնարավոր է ինչ-որ բան փրկել, ուրեմն փրկությունը պետք է սկսել տեղի ունեցածի խորքային պատճառը վերացնելուց։ Իսկ դա նշանակում է, որ հասարակությանը պետք է դուրս բերել չարության ու ատելության ստորին բնազդների մոտիվացման ռեժիմից ու վերադարձնել բանականության ու մտքի տիրույթ։ Կործանման էներգիան պետք է փոխակերպել արարման ջանքի։ Դա բարդ, չափազանց բարդ խնդիր է, որի չլուծման պարագայում մենք ունենալու ենք նորանոր կորուստներ ու տապալումներ։ Պետք է մինչև վերջին բջիջը մաքրել ատելության հրաբուխի հետևանքները և հիմնել մտքի ու բանականության վրա խարսխված նոր կառույց։ Այլապես մենք շարունակելու ենք ապրել հրաբխի տեկտոնիկ ժայթքումների ռեժիմում՝ սպասելով հերթական ու գուցե վերջին կործանիչ ժայթքմանը։

Հարություն Ավետիսյան

Տեսանյութեր

Լրահոս