Բաժիններ՝

Այս պահին միակ տարբերակը խաղաղապահների հետ համագործակցելով՝ Շուշիի, Հադրութի ցուցանմուշները հանելն է. Արցախի կրթության, գիտության և մշակույթի նախարար

Շուշի քաղաքում ադրբեջանական ուժերի հսկողության տակ են անցել նաև թանգարանները:

Մշակութային Շուշիում չորս թանգարան էր գործում` Կերպարվեստի պետական թանգարանը, պրոֆեսոր Գրիգորի Գաբրիելյանցի անվան երկրաբանության պետական թանգարանը, Շուշիի պատմության թանգարանը, Շուշիի պատկերասրահը:

Այս օրերին շատ է հնչում մեկ կարևոր հարց՝ ինչո՞ւ չեն տարհանվել Շուշիի թանգարանների նմուշները:

Արցախի Հանրապետության կրթության, գիտության և մշակույթի նախարար Լուսինե Ղարախանյանը 168.am-ի հետ զրույցում հայտնեց, որ կարողացել են փրկել գորգերի լավագույն ցուցանմուշները, պարզապես այդ պահին հրետակոծությունը շատ ուժեղ է եղել ու վտանգավոր է եղել մարդ ուղարկելը:

«Մենք հիմա խաղաղապահների հետ միասին քայլեր ենք ձեռնարկում, որպեսզի հանենք ցուցանմուշները, որոնք փաթեթավորված և թաքցրած են եղել: Այս պահին միակ տարբերակը խաղաղապահների հետ համագործակցելով՝ դրանք հանելն է, ոչ մի այլ տարբերակ չկա: Մենք դիմել ենք բոլոր հեղինակավոր միջազգային կառույցներին: Դիմել եմ նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը, և նրանք մեզ օգնել են այլ թանգարանների նմուշների, մշակութային արժեքների  տարհանման հարցում: Ուղղակի Շուշին անկանխատեսելի, անսպասելի է  եղել: Ընդհանրապես չենք մտածել, որ դեպքերն այսպես կդասավորվեին: Միայն գորգերի ցուցանմուշները, գեղանկարներ և թանկարժեք կահկարասի ենք հանել, այն էլ՝ հրետակոծության տակ»,- ասաց Լուսինե Ղարախանյանը:

Արցախի Հանրապետության կրթության, գիտության և մշակույթի նախարարը ընդգծեց՝ եթե հնարավոր համարեին Շուշին գրավելը, ապա ոչ մի թանգարանային նմուշ չէին թողնի քաղաքում:

«Քանի որ ստացվել էր այնպես, որ հնարավոր չէ՝ Շուշիին բան լինի, ՊՈԱԿ-ները ցուցանմուշները փաթաթել ու թաքցրել են: Ոչ ոք չէր կանխատեսել, որ այսպես կլիներ, նույնիսկ մեր ֆոնդը գորգերի թանգարանում է, մենք միայն ցուցանմուշներն ենք հանել: Հադրութում ևս թանգարան ենք կորցրել՝ Հադրութի Արթուր Մկրտչյանի անվան հայրենագիտական թանգարանը: Արցախի քաղաքական և պետական գործիչ, ԼՂՀ Գերագույն խորհրդի առաջին նախագահ, ազգագրագետ Արթուր Մկրտչյանի անձնական իրերը, փաստաթղթերը մնացել են այնտեղ: Հադրութում էլի արժեքավոր ցուցանմուշներ կային: Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղում էր ԽՍՀՄ ավիացիայի մարշալ Արմենակ Խանփերյանցի (Խուդյակով) թանգարանը: Եթե դիերի փոխանակման գործընթացն ավարտվի՝ գուցե Հադրութում ևս ինչ-որ բան պահպանված լինի՝ փորձենք հանել: Այնտեղ ունենք Հադրութի բարբառի գիրքը. դա ի՞նչ է անելու թուրքը, ոչ մի բան:Կամ հին հարսանեկան զգեստը… հետաքրքիր շատ իրեր կային: Գիտեք, Շուշին պատմություն է՝ անկախ քաղաքական ինտրիգներից, տարածքային հավակնություններից: Շուշին անհերքելի իրողություն է, եղել է հոգևոր, մշակութային կենտրոն: Աշխարհում իրենց տեղը գտել են հայտնի մարդիկ, ովքեր կրթություն են ստացել Շուշիում»,- ասաց Լուսինե Ղարախանյանը:

Արցախի Հանրապետության կրթության, գիտության և մշակույթի նախարարը կատարվածը համարում է չար խաղ և վստահ է՝ արդարությունը հաղթելու է. «Ես չեմ հրաժարվում Շուշիից, կատարվածը ժամանակավոր դրվագ եմ համարում: Շուշին հայկական է, և դա անվիճելի է: Որպես նախարար՝ այսուհետև կրթական գործունեության մեջ չեմ սերմանելու ոչ մի հանդուրժողականություն,  ոչ մի մարդասիրություն: Ուժն է ծնում իրավունք: Աշխարհը մեր մարդասիրության փոխարեն դա է ցույց տալիս»,- եզրափակեց Լուսինե Ղարախանյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս