«Մարտունի քաղաքը 70-80 տոկոսի չափով վնասված է՝ շենքեր, դպրոցներ, մանկապարտեզներ, մշակույթի տուն, այսինքն՝ ամեն ինչ վնասված է». Քաղաքապետ
Արցախի Հանրապետության Մարտունի քաղաքում բնականոն կյանքն աստիճանաբար սկսում է վերականգնվել։
«Մարտունի քաղաքը եղել է հայկական ուժերի վերահսկողության տակ և այդպես էլ մնալու է, բազմաթիվ մարտունեցիներ, մոտավորապես 1000 հոգի արդեն վերադարձել են այստեղ, և միտում կա, որ բոլորն էլ վերադառնալու են»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Մարտունիի քաղաքապետ Էդիկ Ավանեսյանը։
Հարցին՝ այս պահին որքանո՞վ է անվտանգ բնակիչների համար Մարտունի վերադառնալ, Էդիկ Ավանեսյանը պատասխանեց, որ ընդհանուր առմամբ չի կարող խոսել անվտանգության մասին, սակայն Պաշտպանության բանակն իր առջև դրված խնդիրները կատարում է, բացի դրանից՝ խաղաղապահ ուժերից նույնպես անձնակազմ կա քաղաքում։
«Նրանք անվտանգությունն ապահովել են ու կապահովեն։ Կոնկրետ Մարտունիում գազ, ջուր, էլեկտրաէներգիան վերականգնվել է, ճիշտ է՝ լրիվությամբ չէ, բայց չեղած հատվածներում էլ այդ ամենը վերականգնվում է։ Նոյեմբերյանից խումբ է եկել այստեղ, օգնում են մեզ վնասվածները վերականգնելու համար։ Մարտունի քաղաքը 70-80 տոկոսի չափով վնասված է՝ բնակարաններ, դպրոցներ, մանկապարտեզներ, բազմաբնակարան շենքեր, խանութներ, հասարակական սննդի կենտրոններ, մշակույթի կենտրոնը, այսինքն՝ ամեն ինչ վնասված է։ Ահավոր մեծ վնասների մասին է խոսքը»,- եզրափակեց Էդիկ Ավանեսյանը։
Նշենք, որ մեր զրուցակիցը նշեց, որ երկար չի կարող խոսել, քանի որ խորհրդակցությունների ու աշխատանքի մեջ է, ուստի շատ հարցերի չի կարող պատասխանել։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ընթացքում Մարտունի քաղաքը թշնամու թիրախներից մեկն էր, որը պարբերաբար ենթարկվում էր հրետակոծության։ Հենց Մարտունիում հայ և արտասահմանցի լրագրողները հայտնվեցին հրետակոծության տակ, որոնցից մեկի ժամանակ վիրավորում էին ստացել Ֆրանսիական «Le Monde» պարբերականի թղթակիցները և հայ լրագրողներից մի քանիսը։
Հիշեցնենք նաև, որ նոյեմբերի 10-ին հրապարակվել էր Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի նախագահների հայտարարության պաշտոնական տեքստը, որով դադարեցվում է Արցախում Ադրբեջանի սանձազերծած պատերազմը։ Պատերազմի ավարտի ու կրակի դադարեցման մասին համաձայնագրում նշված է` պատերազմող երկու կողմերը կանգնում են այն դիրքերում, որտեղ կանգնած են, Հայաստանը մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քարվաճառը, մինչև դեկտեմբերի մեկը՝ Բերձորի շրջանը, թողնելով 5 կմ լայնությամբ միջանցք, որն ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։ Արցախում տեղակայվելու են ռուս խաղաղապահներ։ Այնուհետև ՌԴ-ի միջնորդությամբ Քարվաճառի հանձնումը երկարաձգվեց 10 օրով՝ մինչև նոյեմբերի 25-ը։ Նոյեմբերի 25-ին՝ Քարվաճառն ազատագրող Մոնթե Մելքոնյանի ծննդյան օրն այնտեղից դուրս բերվեցին հայկական զորքերը։
Եռակողմ համաձայնագրի արդյունքում նաև՝ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակվում են: Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է տրանսպորտային կապերի անվտանգությունը Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև` երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և ապրանքների անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու համար։ Նաև՝ տեղի է ունենում ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց ու մահացածների մարմինների փոխանակում: Ներքին տեղահանված անձինք և փախստականները ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի վերահսկողության ներքո վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից տարածքներ: