Ինչու է անհանգիստ արժութային շուկան

Հետպատերազմյան շրջանում Հայաստանի արժութային շուկան անհանգիստ է։ Այնինչ, թվում էր, թե հակառակը պիտի լիներ. ռազմական գործողություններն ավարտվել են, ու դա պետք է հիմք լիներ, որպեսզի շուկան կայունանար։ Բայց, ինչպես տեսնում ենք, հակառակն է։ Ազգային արժույթն արժեզրկվել է, այն էլ՝ բոլոր հիմնական տարադրամների նկատմամբ։

Դոլարի գինն արդեն տատանվում է 512-513 դրամի սահմաններում։ Մինչև պատերազմն այն ցածր էր 500-ից։ Պատերազմից հետո դրամն ամերիկյան արժույթի նկատմամբ հասցրել է արժեզրկվել առնվազն 17 նիշով կամ շուրջ 3,5 տոկոսով։

Դրամը թուլացել է նաև եվրոպական արժույթի նկատմամբ։ Հիմա արդեն եվրոյի գինն անցնում է 600-ից։

Արժութային շուկայում առկա այս դրսևորումները կապված են առաջին հերթին հետպատերազմյան շրջանում տեղի ունեցող երևույթների հետ։ Մեծացել է անվստահությունն իշխանությունների ու երկրի ապագայի նկատմամբ, ինչը հասարակության մոտ բացասական սպասումներ է առաջացրել։

Հիշո՞ւմ եք, համավարակից անմիջապես հետո, երբ մի պահ արձանագրված արժեզրկմանը հաջորդեց դրամի արժևորումը, Նիկոլ Փաշինյանը շտապեց դա կապել կառավարության իրականացրած հակաճգնաժամային միջոցառումների ու հասարակության կողմից դրանց նկատմամբ ցուցաբերած վստահության հետ։

«Ֆինանսական շուկայի արագ արձագանքը կառավարության հակաճգնաժամային միջոցառումների արդյունավետության ուղղակի ապացույցն է։

Դրամը ամրապնդում է կայունությունը, ավանդներն ու վարկերն աճում են, աճում է նաև բանկերի լիկվիդայնությունը։ Դուխով»,- այն ժամանակ իր ֆեյսբուքյան էջում գրել էր վարչապետը։

Եթե համարենք, որ ճիշտ էր Նիկոլ Փաշինյանի այս դիտարկումը, ապա հիմա հակառակն է. ֆինանսական շուկան չի վստահում կառավարության գործողություններին, ու դա արտահայտվում է ազգային արժույթի թուլացման տեսքով։

Այս շրջանում դրամի արժեզրկման հիմնական պատճառը հասարակության վարքագծի փոփոխությունն է։ Պատերազմից հետո ստեղծված անկայունությունն ու ապագայի նկատմամբ եղած անորոշությունը հանգեցրել է տարադրամին ներկայացվող պահանջարկի ավելացման։ Մարդիկ փորձում են իրենց խնայողությունները վերածել ավելի կայուն արժույթների՝ հնարավոր կորուստներից խուսափելու համար։ Թերևս, դա էլ բերել է տարադրամի պահանջարկի ավելացման։

Կենտրոնական բանկն առայժմ կարծես այնքան էլ հակված չէ բավարարել ի հայտ եկած լրացուցիչ պահանջարկը։ Եթե նույնիսկ բավարարում է, ապա ոչ ամբողջությամբ։ Հակառակ դեպքում՝ ազգային արժույթն այսքան չէր արժեզրկվի։

Ինչպես հայտնի է, Կենտրոնական բանկի 2 հիմնական նպատակադրումներից մեկը գնաճն է, ու այն կարծես որոշել է գնաճը կառավարել ոչ թե տարադրամային ինտերվենցիաներով դրամի թուլացումը կանխելու, այլ վերաֆինանսավորման տոկոսադրույքի միջոցով։ Ենթադրվում է, որ առաջիկայում ԿԲ-ն կգնա վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացման՝ փորձելով զսպել փողի տեղաշարժը։ Այլ հարց, թե դա ինչպիսի ազդեցություն կունենա դրամի ուժեղացման վրա։

Սովորաբար վերաֆինանսավորման տոկոսադրույքի փոփոխության ազդեցությունը շատ ավելի երկար ժամանակահատվածում է դրսևորվում, եթե նույնիսկ դրսևորվում է։ Իսկ դա նշանակում է, որ ազգային արժույթի թուլացումն առաջիկայում կբերի գնաճի ակտիվացման։

Խոսքը հատկապես ներմուծումից թելադրված գնաճի մասին է։ Ազգային արժույթի թուլացումը թանկացնում է ներմուծումը։ Կորուստները փոխհատուցելու համար՝ ներմուծողները բարձրացնում են գներ։ Եվ քանի որ ներմուծվող ապրանքների տեսականին չափազանց մեծ է, ենթադրվում է, որ դրամի թուլացումը կարտահայտվի շատ ապրանքների գների վրա։

Ազգային արժույթի արժեզրկումը, անշուշտ, ձեռնտու է արտահանմանը։ Այն նպաստում է արտաքին շուկաներում տեղական ապրանքների մրցունակության բարձրացմանը։ Բայց դրա համար նախ՝ պետք է ունենալ արտահանելի ապրանք, նոր մտածել ազգային արժույթի թուլացման ճանապարհով այն խթանելու մասին։

Մեր արտահանման առյուծի բաժինն այսօր հումքային ապրանքներն են, որոնք անկախ դրամի արժեզրկումից կամ արժևորումից՝ արտաքին շուկաներում իրացման խնդիր չունեն։ Մնացած տեսականին շատ սահմանափակ է, ու դեռ մեծ հարց է՝ Հայաստանին ավելի շատ թո՞ւյլ, թե՞ ուժեղ դրամ է պետք։

Արտահանումը խթնելուց զատ, ազգային արժույթն ունի շատ կարևոր սոցիալական նշանակություն։ Այսօր, երբ տեղի է ունենում հասարակության եկամուտների նվազում՝ դրամի թուլացումն էլ ավելի է խորացնում սոցիալական ճգնաժամը։ Ուստի դեռ պետք է ճշտել, թե մեզ ինչպիսի դրամ է պետք։

Արժութային շուկայում վերջին շրջանում տեղի ունեցող դրսևորումները, անշուշտ, քաղաքականից բացի, ունեն նաև զուտ տնտեսական պատճառներ։ Տնտեսության գրեթե բոլոր ոլորտներում ունենք անկումային իրավիճակ, ինչն իր հետևանքն է թողնում Հայաստան մտնող տարադրամային հոսքերի վրա։

Կրճատվել է արտահանումը, կրճատելով նաև այդ ոլորտից ստացվող ֆինանսական մուտքերը։

Համավարակն ու տնտեսական ճգնաժամը՝ մի կողմից, պատերազմն ու անկայունությունը՝ մյուս կողմից՝ հանգեցրել են դրսից ստացվող տարադրամային հոսքերի սահմանափակման։ Խոսքը հատկապես ներդրումների մասին է, որոնք գրեթե դադարել են։

Արժութային շուկայի վրա ազդող մյուս կարևոր գործոնը տրանսֆերտներն են։ Տրանսֆերտների շուկայում ևս ունենք ոչ պակաս մեծ կորուստներ։ Թեև վերջին ամիսներին արձանագրվել է բանկային համակարգի միջոցով Հայաստան ուղարկված փոխանցումների որոշակի ակտիվացում, այնուհանդերձ մուտքերը դեռ շատ հեռու են նախորդ տարվա մակարդակին հասնելուց։ Տարվա կտրվածքով ունենք տրանսֆերտային հոսքերի գրեթե 9 տոկոսանոց կրճատում։

Տարադրամային շուկային ամենամեծ հարվածը զբոսաշրջության ոլորտից է։ Մարտի կեսերից սկսած՝ Հայաստանը փակ է զբոսաշրջիկների առաջ։ Այս տարվա առաջին 3 եռամսյակներին մեր երկիր ավելի քան 1,1 միլիոնով պակաս զբոսաշրջիկ է այցելել։ Միայն այս հատվածից տարադրամային կորուստներն անցնում են 1 մլրդ դոլարից։

Սրանք այն հիմնական ուղղություններ են, որոնք բացասաբար են ազդում տարադրամային առաջարկի վրա։ Տնտեսության ու հասարակական կյանքի բազմաթիվ ոլորտներում ունենք վատթարացող վիճակ, ու դա մեծացրել է ճնշումը ֆինանսական շուկայում։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս