«Երեխաներս սպասում են անհամբեր, նայում են աչքերիս, պարտավոր եմ ժպտալ, չհուզվել». գերի ընկած Դավիթ Իսահակյանի կին
Ադրբեջանում գերի ընկած 40-ամյա Դավիթ Իսահակյանը Երևանից է, ամուսնացած է, ունի 3 անչափահաս երեխա: Նրա կինը՝ Ժաննա Ղազարյանը, 168.am-ի հետ զրույցում պատմեց, որ պատերազմական օրերին Երևան տեղափոխված և իրենց հարևանությամբ բնակվող տարեց ամուսինները հրադադարից հետո Դավիթին խնդրել են, որ իրենց հետ տանի Մարտունու Գիշի գյուղ, սակայն Արցախ հասնելուց որոշ ժամանակ անց կապն ընդհատվել է ամուսնու հետ:
«Արդեն հրադադար էր, նոյեմբերի 11-ն էր, մեր հարևանությամբ բնակվող տատիկ-պապիկը որոշում են գնալ իրենց գյուղ՝ Մարտունու շրջանի Գիշի գյուղ: Քաջատեղյակ լինելով, որ Գորիս-Լիսագոր ճանապարհահատվածը գտնվում է թեժ կրակոցների տակ, այդ ճանապարհով են գնացել, որովհետև տարեց ամուսինների աղջիկը Գորիսից պետք է միանար նրանց, սակայն ինչ-ինչ պատճառներով չի գնացել»,- պատմեց Ժաննան:
Նա ասաց նաև, որ ամուսնու հետ վերջին անգամ խոսել է նոյեմբերի 11-ին, ժամը 14:10-ին, իսկ 24 ժամը լրանալուն պես դիմել են համապատասխան մարմիններին, որպեսզի հետախուզություն սկսեն.
«Ոչ մի տեղ ոչ մեքենան էր երևում, ոչ հեռախոսային կապ: Երեք տարբեր հեռախոսների մեջ տարբեր համարներ էին, բոլորն էլ անհասանելի էին: Նոյեմբերի 15-ին Դավիթի ընկերներից մեկը ֆեյսբուքյան ադրբեջանական կայքերից մեկում նկատում է Դավիթին, որտեղ մի քանի գերի ընկած տղաների հետ կրկնում էին նրանց ասածները… Դիմել եմ «Կարմիր խաչ»-ի հայաստանյան գրասենյակ, գերիների փոխանակման կենտրոն, դիմել եմ ՄԻԵԴ, Արտակ Զեյնալյանն աջակցեց, հավաքագրեցինք փաստաթղթերը և դիմեցինք ՄԻՊ: Կառավարությունն անմիջապես վերցրեց գործը, պարոն Զեյնալյանն ասաց, որ իրենից վերցնում են, և կառավարությունն անմիջապես դիմեց ՄԻԵԴ, բայց առ այսօր Ադրբեջանը ոչ մի տեղեկություն չի հայտնում գերիների մասին… Տեսանյութեր, լուսանկարներ ենք ներկայացրել, որ նույնականացման խնդիր չլինի: Չնայած երևում է, որ Դավիթի վրայի հագուստն իրենը չէ, կտտանքների են ենթարկում… Այստեղ մնում է, որ Ադրբեջանի կողմից արձագանք լինի…»:
Ժաննան ասաց, որ երեխաները ևս տեղյակ են կատարվածից և անհամբեր սպասում են բարի լուրին.
«Երեխաներս սպասում են անհամբեր, նայում են իմ աչքերին, պարտավոր եմ ժպտալ, չհուզվել: Պուճուրս նայում է նկարը, մատով ցույց է տալիս բոլորիս՝ մաման, Նարեն, Ալվինան, Ռաֆայելը, վերջում ցույց է տալիս, որ ասեմ՝ պապան… Սպասում ենք բոլորս, դեռ հույս ունենք…»:
Մանրամասները՝ տեսանյութում