«Եթե 2020թ. հունվարին Նախարարների կոմիտեում քննարկվեր ու մերժվեր փախստականների վերադարձը, այսօր Ադրբեջանը հնարավորություն չէր ունենա այս բանակցային փաստաթղթի մեջ ներառել փախստականների վերադարձի հարցը». Գևորգ Կոստանյան
«2020թ. հունվարի վերջին Եվրոպայի խորհրդի (ԵԽ) Նախարարների կոմիտեի նիստ կար: 2016թ. սկսած՝ ամեն 6 ամիսը մեկ Ադրբեջանը Նախարարների կոմիտեի ամեն նիստին բարձրացնում էր ադրբեջանցի փախստականների՝ իրենց բնակության վայրերը վերադարձվելու հարցը: 2016թ.-ից ամեն 6 ամիսը մեկ մենք կարողանում էինք այնպես անել, որ այս հարցը կամ չէր քննարկվում, կամ քննարկվում էր, և ԵԽ Նախարարների կոմիտեի կողմից հետաձգվում էր»,- 168.аm-ի «Պրեսսինգ» հաղորդաշարի հերթական թողարկման ընթացքում ասաց ՀՀ նախկին գլխավոր դատախազ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) ՀՀ կառավարության նախկին ներկայացուցիչ Գևորգ Կոստանյանը՝ անդրադառնալով այն հարցին, թե ինչ նախանշաններ կային, որ պատերազմ է սկսվելու:
Նրա խոսքով՝ թեև Ադրբեջանը պնդում էր, որ այդ հարցը պիտի քննարկվի, և Նախարարների կոմիտեն որոշում պետք է կայացնի, մենք քննարկում էինք և կամ մերժվում էր, կամ հարցի վերաբերյալ որոշումը հետաձգվում:
«Բայց այս տարվա հունվարին շատ տարօրինակ ձևով Ադրբեջանի կառավարությունն էլի պնդում է, որ Նախարարների կոմիտեի օրակարգ մտնի Ադրբեջանի փախստականների վերադարձի հարցը, և նիստի օրը այդ հարցը հենց ինքը հանում է նիստի օրակարգից: Նման բան չէր եղել: Եվ ես հատուկ հարցազրույց այդ առնչությամբ տվեցի: Ես ռազմական գիտության մասնագետ չեմ, պատերազմի կանխատեսման մասնագետ չեմ, բայց այդ հանգամանքն ինձ համար արդեն որոշակի նշաններ էր տալիս, որ այստեղ ուրեմն կա պայմանավորվածություն»,- ասաց նախկին գլխավոր դատախազը:
Գևորգ Կոստանյանը նշեց, որ այդ առնչությամբ ինքը հատուկ հրապարակային հարցազրույց է տվել ու ասել, որ ակնհայտորեն պայմանավորվածություն է գնում, որովհետև փախստականների հարցը իրենք չցանկացան Նախարարների կոմիտեում քննարկել:
«Եթե 2020թ. Նախարարների կոմիտեում այդ հարցը քննարկվեր ու մերժվեր փախստականների վերադարձը, այսօր Ադրբեջանը հնարավորություն չէր ունենա այս բանակցային փաստաթղթի մեջ ներառել փախստականների վերադարձի հարցը»,- ասաց ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության նախկին ներկայացուցիչը՝ շեշտելով, որ հենց այդ պատճառով այս տարվա սկզբին Ադրբեջանն այդ հարցը հանեց օրակարգից: