Բովանդակային օրակարգի անցում կատարելու համար հարկավոր է երկիրը դուրս բերել այն տուրբուլենտությունից, որը ծնվել է Նիկոլ Փաշինյանի ոչ ադեկվատ քայլերից․ Արեշև
Նոյեմբերի 10-ի Փաշինյան-Պուտին-Ալիև հայտարարության ստորագրումից հետո ԵԱՀԿ ՄԽ արևմտյան համանախագահ երկրները ցանկանում են Հայաստանի հետ վերականգնել ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացը՝ քննարկման առարկա դարձնելով Արցախի կարգավիճակի հարցը։ Ֆրանսիայի, ԱՄՆ-ի ու ԵՄ այս ձգտումները ակնհայտորեն չեն ողջունվում ռուսական համանախագահության կողմից, որոնք կարգավիճակի թեմայի քննարկումների համար անորոշ ժամկետ են նախանշում իրենց հայտարարություններում։ Ինչպես հայտնի է, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բացառում է որևէ խոսակցություն այս ուղղությամբ։
168.am-ը Կովկասի հարցերով փորձագետ, ռուս քաղաքական վերլուծաբան Անդրեյ Արեշևի հետ քննարկեց, թե ինչ է կատարվում Ղարաբաղի շուրջ Ռուսաստանի և Արևմուտքի միջև, ու որքանով են իրատեսական ակնկալիքները, որ ԵԱՀԿ ՄԽ ձևաչափը կվերականգնվի։
Անդրեյ Արեշևն ասաց, որ ներկայումս Ռուսաստանի արևմտյան գործընկերները փորձում են հարմարվել այն համաձայնություններին, որոնք հնարավոր դարձան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի անմիջական ջանքերի արդյունքում՝ուղղված զինված հակամարտության ավարտին։
Նրա խոսքով, ԵԱՀԿ Մինսկի խումբն ու կոնկրետ ԱՄՆ-ը և Ֆրանսիան ցույց տվեցին իրենց հնարավորությունների սահմանափակությունը հակամարտության կարգավորման հարցում, կոպիտ ասած, նրանց բառախաղերը և դիվանագիտական որոշ քայլերն ավարտվեցին զրոյական արդյունքով։
«Ուստի երկար շրջանից հետո ՌԴ նախագահը ստիպված եղավ արագ կերպով միջամտել ու հասնել նրան, որպեսզի կողմերը կանգնեն այն դիրքերի վրա, որոնց հասել են նոյեմբերի 9-ի երեկոյան։ Այդ մասով բավականին անկեղծ արտահայտվեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ղարաբաղյան հակամարտության համաձայնություններին նվիրված իր վերջին հարցազրույցում։ Ինչ վերաբերում է ԵԱՀԿ Մինսկի գործընթացի վերականգնմանը, ապա այն ո՛չ այսօր, ո՛չ էլ վաղը երևի թե չի վերականգնվի, որովհետև Բաքուն, ինչպես տեսնում ենք, չի համարում կարգավիճակի հարցը քննարկման առարկա գոնե այս շրջանում, և հարկավոր են լրջագույն քաղաքական-դիվանագիտական ջանքեր, որպեսզի այս հարցը դիտարկվի ինչ–որ փուլում։ Իսկ այս փուլում հստակեցվելու է կողմերի միջև այն նոր տարանջատումը, որը, ցավոք սրտի, ձևավորվել է այս պատերազմի ընթացքում, և այն հատվածը, որը գտնվում է հայկական ուժերի վերահսկողության տակ, և որտեղ ակտիվ աշխատում են ռուս խաղաղապահները քաղաքացիների նորմալ կենսակերպի ապահովման նպատակով։ Ինչ վերաբերում է ադրբեջանական կողմում մնացած հատվածին, ապա մեծ է հավանականությունը, որ այնտեղ մնացել են միջազգային ահաբեկիչներ, որոնց Թուրքիան բերել էր ԼՂ հակամարտությունը լուծելու նպատակով, կա նաև ադրբեջանական կողմում մնացած հայկական հուշարձանների հարցը։ Որպեսզի ավելի բովանդակային օրակարգի հնարավոր լինի անցում կատարել, պետք է կարգավորվի իրավիճակը Հայաստանի ներսում, այն պետք է դուրս գա այն տուրբուլենտությունից, որը ծնվել է, ինչպես ես եմ կարծում, ՀՀ ղեկավարության՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, ոչ ադեկվատ քայլերից, որոնք երկիրը հանգեցրին ռազմական պարտության, ծանր ռազմական կորուստների»,- ասաց Արեշևը։
Անդրադառնալով այսօր մամուլում տարածված լուրերին, որ Հայաստան են այցելելու Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն՝ ՌԴ կառավարության մի շարք անդամների հետ, Արեշևն ասաց, որ լուրը հաստատման է սպասում, սակայն կարծում է, որ կհաստատվի, և դրա ընթացքում կքննարկվեն հայ-ռուսական համագործակցության ամրապնդման հարցերը։
«Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ նախորդ շրջանում, այդ թվում՝ դեռ գործող վարչապետի ոչ ադեկվատ որոշումների, գործողությունների արդյունքում, էապես խախտված էին, ինչը, իհարկե, բացասական հետևանքներ բերեց, այդ թվում՝ Ղարաբաղյան հակամարտության կոնտեքստում։ Ներկայումս չափազանց կարևոր է տնտեսական խնդիրների լուծումը, կորուստների վերականգնումը, որոնց մասին այդ թվում խոսեց օրերս ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, որում նա, ըստ էության, կոչ արեց վարչապետի հրաժարական։ Կարծում եմ՝ այս հարցերը նաև պետք է լուծել ՌԴ-ի հետ սերտ շփումների ուղեկցությամբ, որը դե ֆակտո իր վրա մեծ ջանքեր է վերցրել խաղաղապահ առաքելություն տեղակայելու միջոցով։ Այս փուլը ենթադրում է սերտ համագործակցություն ռազմական գերատեսչությունների, դիվանագիտական և տնտեսական գերատեսչությունների միջև։ Կտեսնենք, թե ինչ որոշումներ կլինեն, դրանք երկար սպասեցնել չեն տա»,- ասաց Արեշևը։
Հարցին, թե ինչպե՞ս է Ռուսաստանում դիտարկվում ՀՀ գործող իշխանությունը ՌԴ իշխանությունների կողմից, ինչպե՞ս են գնահատվում ներքաղաքական զարգացումները, Արեշևն ասաց, որ ՌԴ իշխանությունները ելնում են նրանից, որ յուրաքանչյուր ժողովուրդ ինքն է ընտրում իր Կառավարությանը, և անխոս Մոսկվան համագործակցում է պաշտոնական իշխանությունների հետ, որի մասին օրերս խոսեց Վլադիմիր Պուտինը։
«Կա նյուանսների հարց՝ վստահության մակարդակ, համագործակցության խորություն։ Գիտենք, որ վերջին տարիներին թավշյա հեղափոխությունից հետո, դրանից մի փոքր ավելի առաջ եղել են խնդիրներ։ Ներկայում ո՛չ Փաշինյանը, ո՛չ իր ընդդիմախոսները, այդ մասին արդեն խոսում են, որ կասկածի տակ չեն դնի այս համաձայնությունը, քանի որ դա քաղաքական անհեռատեսություն կլինի։ Դա հասկանում է նաև ընդդիմությունը, բացառությամբ, օրինակ, «Սասնա ծռերի», նկատի ունեմ այն ընդդիմադիր ուժերին, որոնք փողոցային շարժում են սկսել, փողոցներ են փակում, և այլն։ Անհրաժեշտ է, որպեսզի իրավիճակը լուծվի սահմանադրական եղանակով՝ սահմանադրական ընթացակարգերի շրջանակում։ Ես մշտապես դեմ եմ արտահայտվել սահմանադրական բարեփոխումներին, և ներկայումս տեսնում ենք հետևանքները։ Անհրաժեշտ է, որ ԱԺ-ն ողջ կազմով սկսի անհետաձգելի հարցերի լուծման ճանապարհով ընթանալ, որոնք երկրի առջև են ծառացած։ Գուցե հարկավոր է խորհրդարանական ընտրություններ, գուցե կիսանախագահական սահմանադրական համակարգի անցում, ես խորհուրդ չեմ ցանկանում տալ, բայց իրավիճակն աննախադեպ է ու պահանջում է արդյունավետ պետական կառավարման վերադարձ այն խնդիրների լուծմամբ, որոնք կանգնած են Հայաստանի առջև»,- ասաց Արեշևը։