Արցախի շուրջ Ռուսաստան-Արևմուտք լուրջ տարաձայնություններ կան․ կպահպանվի՞ արդյոք ԵԱՀԿ Մինսկի խումբը
Մինչ հայաստանյան հասարակությունը շարունակում է քննարկել նոյեմբերի 10-ի Փաշինյան-Պուտին-Ալիև եռակողմ չարաբաստիկ հայտարարությունը և ապրել նորագույն պատմության ամենաճգնաժամային փուլը, Արցախյան հակամարտության շուրջ Ռուսաստան-Արևմուտք լրջագույն տարաձայնություններ են ի հայտ գալիս։ Արցախյան հակամարտության հարցում Ռուսաստան-Արևմուտք նման հրապարակային տարաձայնություններ չեն եղել նույնիսկ ՌԴ-Արևմուտք հարաբերությունների ամենաբարդ փուլերում։
Ըստ էության, ԵԱՀԿ ՄԽ արևմտյան համանախագահ երկրներն այնքան էլ գոհ չեն Արցախյան համաձայնություններում ՌԴ դերակատարությունից և ցանկանում են գործընթացը վերադարձնել ԵԱՀԿ ՄԽ ձևաչափ։
Օրերս ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի և Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լե Դրիանի բանակցությունների արդյունքներով ԱՄՆ Պետդեպարտամենտի բարձրաստիճան ներկայացուցիչը հայտնել էր, որ ԱՄՆ-ը ակնկալում է մանրամասն տեղեկություն ստանալ ԼՂ շուրջ Թուրքիայի դերի մասին:
Նրա խոսքով՝ որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրներ՝ ԱՄՆ-ը և Ֆրանսիան նախկինի պես հակված են իրենց դերին, և Ռուսաստանը շատ հարցեր պետք է պարզաբանի, այդ թվում՝ համաձայնագրի վերաբերյալ։ ԱՄՆ-ը ու Ֆրանսիան, ըստ էության, մեղադրում են Ռուսաստանին գաղտնի և ԵԱՀԿ Մինսկի խմբից դուրս գործողությունների մեջ այն դեպքում, երբ մինչ այդ համաձայնությունները և պատերազմի ողջ ընթացքում չէին փայլում անհրաժեշտ ակտիվությամբ և կարծես լուռ համաձայնությամբ «առաջին ջութակ»-ի դերակատարությունը զիջեցին Ռուսաստանին՝ թույլ տալով դադարեցնել պատերազմն իր լծակներով։
Այս հարցերը պարզաբանելու նպատակով ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի դիվանագետները նույնիսկ մեկնել են Մոսկվա։ Այս մեղադրանքներին ի պատասխան՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ասաց, որ համաձայնությունները գաղտնի չեն ձեռք բերվել, և ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրները դիվանագիտական խողովակներով, տարատեսակ շփումների ընթացքում տեղեկացվել են գործընթացների մասին։ Սրան հաջորդեցին նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ընդարձակ անդրադարձը տվյալ համաձայնություններին, ու ՌԴ Ներքին հետախուզության տնօրեն Սերգեյ Նարիշկինի մեկնաբանություններն այս համաձայնությունից հետո ՆԱՏՕ-ի անդամ երկրների, Արևմտյան առաջատար երկրների փորձերի մասին խափանել, տապալել Մոսկվայի ջանքերը՝ Ռուսաստանին Անդրկովկասից դուրս մղելու նպատակով։
Նոյեմբերի 11-ին՝ համաձայնագրի ստորագրումից հետո Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանը ասել էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է շարունակեն բանակցությունները` պարզելու համար Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը։
«Բացի հայտարարված հրադադարի պայմանագրից, դեռ անհրաժեշտ է հակամարտության երկարաժամկետ կարգավորման շուրջ երկու կողմերի բանակցությունների վերսկսումը: Ֆրանսիան լիովին կխաղա իր դերը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում` բանակցությունների վերսկսման համար։ Այդ բանակցությունները պետք է րոպե առաջ սկսվեն։ Պետք է որոշել Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակը»,- ասվում էր նախարարի հայտարարության մեջ: Օրեր առաջ արտասահմանյան լրատվամիջոցներին տված հարցազրույցի ժամանակ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը տեղեկացրեց նաև, որ ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ հեռախոսային շփման ընթացքում ՀՀ ԱԳ նախարարը արտահայտվել է ԵԱՀԿ ՄԽ շրջանակում աշխատանքը շարունակելու պատրաստակամության մասին։
Իրավիճակը հաղթահարելու Նիկոլ Փաշինյանի ներկայացրած ճանապարհային քարտեզի առաջին կետում ևս խոսվում է ԵԱՀԿ ՄԽ-ի և ԼՂ կարգավիճակի մասին․ «Ղարաբաղի հարցի բանակցային գործընթացի վերականգնում ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ձեւաչափով՝ Արցախի կարգավիճակի և իրենց բնակության վայրեր արցախցիների վերադարձի հարցի առաջնահերթության ընդգծմամբ»։
Եվրամիությունում ևս, ըստ ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ջոզեֆ Բորելի, կարծում են, որ անհրաժեշտ է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում վերսկսել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի շուրջ քաղաքական բանակցությունները։ «ԵՄ-ն կարծում է, որ անհրաժեշտ է վերսկսել ջանքերը հակամարտության բանակցային, համապարփակ ու հաստատուն կարգավորման համար, այդ թվում՝ նաև Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի շուրջ»,- նշվում է հայտարարությունում։ Եվրամիությունը մտադիր է համակ ուշադրությամբ հետևել Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման մասին համաձայնագրի դրույթների կատարմանը, հատկապես հետևելու են Ռուսաստանի ու Թուրքիայի համատեղ մոնիտորինգային կենտրոնի աշխատանքներին։ Բորելը հայտարարել է, որ ԵՄ-ն կոչ է անում ղարաբաղյան հակամարտության գոտուց ամբողջությամբ ու շուտափույթ դուրս բերել բոլոր օտարերկրյա զինյալներին։ «Եվրամիությունը հորդորում է բոլոր տարածաշրջանային սուբյեկտներին ձեռնպահ մնալ ցանկացած գործողություններից ու հռետորաբանությունից, որոնք կարող են սպառնալիքի տակ դնել կրակի դադարեցումը։ ԵՄ-ն նաև տարածաշրջանից բոլոր օտարերկրյա զինյալների լիակատար ու շուտափույթ դուրսբերման կոչ է անում»,- ասվում է հայտարարությունում։ Ռուսական մի շարք փորձագետներ տարակուսում են Արևմուտքի արձագանքներից, պնդելով, թե Ռուսաստանին հորդորեցին դադարեցնել պատերազմը, կարգավորել իրավիճակը, իսկ ներկայումս՝ մեղադրում են։
168․am-ի հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան Ֆյոդոր Լուկիանովն ասաց, որ ակնհայտ է, որ պայքար է ընթանում՝ գործընթացում դերակատարում ունենալու համար, ինչը սպասելի էր, քանի որ Արևմուտքը, որը մանդատ ունի այս հակամարտությունում, չի համակերպվում, որ լծակները Ռուսաստանի մոտ են, ինչը նրանք մշտապես ընդունել են։
Նրա խոսքով, գուցե տարաձայնությունները խորանան, գուցեև՝ ոչ, քանի որ Ռուսաստանը երբեք չի մերժել ԵԱՀԿ Մինսկի խումբը, սակայն միևնույն ժամանակ՝ այս ընթացքում անընդհատ՝ թեկուզ պաշտոնապես, ասվել է, որ Թուրքիայի հետ ևս երկխոսություն պետք է ընթանա, և դա եղել է հրապարակային, քանի որ Թուրքիան մասնակցել է հակամարտությանը և իրեն կողմ հռչակել։
Ռուսաստանը, ըստ նրա, երբեք չի հրաժարվել մասնակցել ԵԱՀԿ ՄԽ աշխատանքներին, և այդ խումբը, ըստ երևույթին, կշարունակի գործել, իսկ թե ինչ արդյունավետությամբ, կոնկրետ ինչ արդյունքներ կկարողանա ապահովել՝ շատ դժվար է ասել, քանի որ տարածաշրջանը թեև փոխվել է, դիվանագիտական «սեղանը», և որոշակի փոփոխություններ է կրել, այնուամենայնիվ, այս գոտում Ռուսաստան-Թուրքիա համագործակցության հստակ մեխանիզմ դեռ ձևավորված չէ, այն ձևավորման փուլում է։
«Այս մասով դեռ անորոշություն է, թե ինչպես կշարունակվեն բանակցությունները, ինչպես դրանց կմասնակցի Հայաստանը, ինչպես նաև Ռուսաստանը։ Ռուսաստանն ավելի վաղ նախանշել էր, որ աշխատում է ՄԽ շրջանակում, բայց շփումներ կան նաև թուրքական կողմի հետ։ ՌԴ նախագահն ու ՌԴ ԱԳ նախարարն ասացին, որ կարգավիճակի հարցն ապագայի հարց է, իսկ այդ հարցը Ֆրանսիան, ԱՄՆ-ը ու Հայաստանը երևի թե ցանկանում են ավելի վաղ քննարկել։ Այս բարդ դիվանագիտական խաղն ինչպես կավարտվի՝ դժվարանում եմ ասել»,- ասաց վերլուծաբանը։