«Ռուսաստանն ու Թուրքիան շարունակում են մնալ ռազմավարական հակառակորդներ, որոնց ռազմավարական շահերը միմյանց հակասում են». Ռուբեն Սաֆրաստյան

Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանի խոսքով՝ սահմանին թուրքական զորքի կուտակումներն ու Թուրքիայի խորհրդարանի ընդունած և երկրի նախագահի ստորագրած՝ Ադրբեջան զորք ուղարկելու վերաբերյալ օրենքը վկայում են, որ Թուրքիան իր նպատակներին դեռևս չի հասել։

«Այս ամենից հետո պետք է սպասել, որ Թուրքիան կշարունակի իր պրովոկացիոն գործունեությունը մեր տարածաշրջանում, մասնավորապես՝ Հայաստանի նկատմամբ։ Զորքերի կուտակումը սահմանին պետք է դիտարկել Հայաստանի վրա ճնշում գործադրելու քայլ, որը նրանց կարծիքով՝ աստիճանաբար պետք է ուժեղացվի»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Ռուբեն Սաֆրաստյանը։

Ռուբեն Սաֆրաստյանը չի կիսում  տարածված այն տեսակետները, թե Ռուսաստանը Թուրքիային թույլ տվեց մտնելու տարածաշրջան, և, որ Ռուսաստանի և Թուրքիայի միջև Արցախի հարցի հետ կապված կա որոշակի պայմանավորվածություն։

«Թուրքիան մեր տարածաշրջանում գերակշիռ դիրք չի ստանում, Ռուսաստանը, բնականաբար, դա թույլ չի տալու, ուղղակի Թուրքիային, այսպես ասած, սիմվոլիկ հնարավորություն տվեց, որպեսզի նա մասնակցի  մոնիտորինգի աշխատանքներին, միայն այսքանը։ Սա, իհարկե, Թուրքիայի համար կարևոր է, քանի որ առաջին անգամ Թուրքիան Ռուսաստանից թույլտվություն է ստանում որոշակի, սահմանափակ գործողություն իրականացնելու համար։ Սակայն Թուրքիան չի կարող լրիվությամբ մասնակցություն ունենալ գործընթացներին, որովհետև Ռուսաստանը նման բան թույլ չի տա։ Ռուսաստանը թույլ չի տա, որպեսզի մոնիտորինգ իրականացնող ուժերը մուտք գործեն Արցախ, մոնիտորինգը պետք է իրականացնել զուտ տեխնիկայի միջոցներով։ Այնպես որ, Էրդողանը շատ փոքր բան ստացավ, այն մեծ ջանքերը, որոնք նա ներդրեց և Ադրբեջանին հրահրեց պատերազմի, արդյունքում Ռուսաստանը նրան շատ փոքր տեղ տվեց։ Ռուսաստանն ու Թուրքիան շարունակում են մնալ ռազմավարական հակառակորդներ, որոնց ռազմավարական շահերը միմյանց հակասում են։ Սակայն որոշ դեպքերում, մասնավորապես՝ Սիրիայում, երկու երկրները կարողանում են մարտավարական առումով իրենց շահերը մոտեցնել և համատեղ գործողություններ իրականացնել»,- հավելեց Ռուբեն Սաֆրաստյանը։

Ըստ թուրքագետի, ի տարբերություն Սիրիայի, Հարավային Կովկասում Ռուսաստանը և Թուրքիան ստրատեգիական և ռազմավարական առումով մնում են հակառակորդներ։  Հետևաբար՝ Արցախի հարցի հետ կապված երկու երկրների միջև որևէ գործարքի մասին խոսք լինել չի կարող։

Ինչ վերաբերում է Նախիջևանից սպասվող վտանգներին, Ռուբեն Սաֆրաստյանը նկատեց՝  պետք է գիտակցել, որ Նախիջևանից եկող վտանգներն իրական են և կարող են ամեն րոպե դառնալ ավելի իրական։ Հետևաբար՝ հայկական կողմը մշտապես պետք է ուսումնասիրի իրադրությունը, տարածաշրջանային զարգացումները, Թուրքիայի քաղաքականությունը։

«Մեր ռազմական մասնագետները պետք է մշտապես մոնիտորինգ անեն, թե ինչ է  տեղի ունենում Թուրքիայում, ամենակարևորը՝ մենք պետք է գործենք մեր դաշնակցի՝ Ռուսաստանի հետ շատ կոորդինացված ձևով, պետք է համագործակցել բոլոր խնդիրներով, որոնք վերաբերում են Նախիջևանին։ Այնտեղ թուրքական որևէ քայլ, գործողություն վտանգ է և՛ մեզ համար, և՛ Ռուսաստանի համար, մասնավորապես՝ ռուսական 102-րդ ռազմաբազայի համար։ Կարծում եմ՝ մենք ամեն պահ պետք է պատրաստ լինենք Թուրքիայի կողմից ցանկացած պրովոկացիայի»,- եզրափակեց Ռուբեն Սաֆրաստյանը։

Տեսանյութեր

Լրահոս